Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՌԱՆԸ ՁՅՈՒՆ Է ՏԵՂԱԼՈՒ

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Բայց ոչ թե եղանակն է փոխվելու, այլ «Snow Party» է լինելու

Ամառվա այս շոգ օրերին դժվար թե լինի մեկը, ով չուզենա շոգից պաշտպանվել. հաստատ կգտնվեն նաեւ այնպիսիները, որոնք ամռանը երազում են ձյան փաթիլներ տեսնելու մասին…
Օգոստոսի 21-ին նման խենթ մարդկանց երազանքը հաստատ կիրականանա ու՝ հենց Երեւանում, բայց ոչ թե եղանակն է կտրուկ փոխվելու, այլ «Մարկո Պոլո» համալիրի «Գաուդի» սրահում ձյուն է տեղալու…
Կայանալու է առաջին ձյունե երեկույթը՝ «Snow Party» ամռանը:
Երեկույթի կազմակերպիչ, երաժիշտ, «Մարկո Պոլո» համալիրի DJ Գագիկ Մուրադյանի խոսքով, կազմակերպել ձյունե երեկույթ ամռան շոգ օրերին՝ ինքնըստինքյան հետաքրքիր է եւ գրավիչ. «Սա ուղղակի party չի լինելու, չեն գալու մարդիկ պարեն ու գնան, չեն լսելու նույն հիթային մեղեդիներն ու միօրինակությունից չեն հոգնելու: Նախ միայն այն, որ ձյուն է տեղալու այդ օրը բոլորի գլխին՝ աննախադեպ է: Մտահղացումը իմն է: Երկար մտածում էի՝ ինչ անեմ մարդկանց կատարյալ հաճույք, զարմանք եւ անմոռանալի երեկո մատուցելու համար: Այսօր շատերը ամեն օր երեկույթներ, տարբեր միջոցառումներ են կազմակերպում, անունն էլ դնում party… Բայց party-ն միայն DJ-ի նվագելն ու մարդկանց պարելը չէ: Այդ երեկույթներում շոու չկա: Պետք է կարողանալ շոու ներկայացնել մարդկանց»:
Հարցին՝ ինչո՞ւ հենց ձյունե միջոցառում ամռան շոգին, Գագիկն ասաց. «Նպատակ ունենք մարդկանց հովացնել: Բայց դե պարզ է, որ մարդկանց դրանով մշտապես չենք հովացնի, բայց ձյուն ու կրակ մեկ երեկոյի ընթացքում տեսելը, ինձ թվում է, հաճելի եւ ցանկալի կլինի: Մեր հիմնական նպատակն այն է եղել, որ պարզապես ցանկացել ենք մեկտեղել բոլոր ժամանցասերներին: Ճիշտ է՝ իրական ձյուն չի, բայց ձյան տեսք կստանանք: Տեխնիկան այնքան է զարգացել, որ դա էլ կարող ենք ստանալ՝ բնական ձյուն: Բայց մեր երեկույթին կլինի փրփուր, որը կատարյալ ձյան տեսք ունի: Նույնիսկ եթե ֆիլմ նկարեինք, իսկական ձյան ֆոն կստանայինք»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բացի ձյան փաթիլներից, լինելու են նաեւ կրակե «փաթիլներ». «Ուզում ենք ամեն ինչ օրիգինալ անել: Լինելու է «fire show». սկզբից՝ ձյուն, հետո՝ կրակ: Կլինի համադրություն, բայց ձյունը չի հալչի»:
Գ. Մուրադյանը նշում է, որ երեկույթներում չնայած մեծ տեղ ունի երաժշտությունը, բայց կարեւոր են նաեւ շոուները. «Դատարկ են մեր party-ները: Միայն երաժշտություն նվագելը, DJ-ի վահանակի հետեւում կանգնելը party կազմակերպել չէ: Չկա ոչ մի շոու, հանրությանը, հավաքվածներին զարմացնող, երաժշտությունից կտրող մի ցուցադրում կամ որեւէ այլ հետաքրքիր համար: Նշեմ, որ միջոցառման երաժշտությունը ապահովելու եմ ես, բայց ոչ միայն դմբդմբոցով, այլ աֆրիկյան հարվածային գործիք ջեմբայով, նաեւ ջութակով եւ սաքսոֆոնով»:
Երկար տարիներ DJ-ությամբ զբաղվող Գ. Մուրադյանը նկատում է, որ հայերին պարացնելը շատ դժվար է. «Սա մեծ խնդիր է յուրաքանչյուր DJ-ի եւ հատկապես party-ների կազմակերպիչների համար: Հայ երիտասարդները հիմնականում պարում են հիթային երաժշտության տակ: Օրինակ, մարդիկ պարում են ռիթմի տակ, չէ՞, ոչ ոք հաստատ վոկալի տակ չի պարում: Հայերը, չգիտես ինչու, վոկալով են երգը ճանաչում եւ, եթե բառերն անգիր գիտեն, ուրեմն վեր կկենան եւ կպարեն: Օրինակ՝ Pitbul-ի «I know, you want me» երգը. եթե ես այն մոտնաժեմ եւ այդ ռիթմի հիման վրա միքս ասեմ, առաջին մի քանի րոպեների ընթացքում, երբ պարողները հասկանան, որ Pitbul-ը չի երգելու I know you want me, կգնան կնստեն, քանի որ դա արդեն իրենց համար խորթ է: 12 տարի փորձում եմ մարդկանց պարացնել, բայց դժվար են ընտելանում, տաքանում, մոռանում կոմպլեքսների մասին: Պարտադիր ակնկալում են հիթային երգեր, որ կարողանան պարել»:
Հետաքրքրվեցինք՝ ինչի՞ց են հայերը կոմպլեքսավորվում, եւ հայերի համար ակումբում պարելը ինչո՞ւ է խնդիր. «Խնդիրը տեղն է, հայկական մտածողությունը, շրջապատը, մթնոլորտը: Երբ ընկերներով ու ընկերուհիներով մի տեղ ես գնում՝ խիստ հայկական մթնոլորտում անհանգիստ նստում ես, մտածում ես՝ հեսա մի բան կլինի… Նույնիսկ եթե եղբորդ ընկերուհին պարում է ու դու նստած ուղղակի նայում ես, ուրեմն այդ օրը հաստատ մեծ պրոբլեմներ ես ունենալու եղբորդ հետ: Խնդիրը՝ Հայաստանում իսկական ակումբի գաղափարի ճիշտ հասկացության պակասի մեջ է: Չկա մի ակումբ, որտեղ հավաքվեն միանման կամ միմյանց լավ ծանոթ մարդիկ: Բայց ակումբի գաղափարը հենց դա է, որ տվյալ ակումբում հավաքվեն մտերիմներով եւ վայելեն երեկոն, չմտածեն, որ հիմա մի անծանոթ ընկերուհուս կնայի, գնամ հարցերը լուծեմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել