Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 21,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանհինգերորդ

ԹԱՐԳՄԱՆԵԼ ՉԻՆԱՐԵՆ

Եվ ես ծիծաղելով հարցրի՝ «Ալիեւի դաչա էլ էի՞ր գիպնոզով մտել», եւ Ռաֆոն նեղացած ասաց՝ «ամեն ինչ հանաքի ես վերածում» եւ մի քիչ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «անձամբ ինքն էր խնդրել, որ հանդիպենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Կլարա Շահենովնան իրան իմ մասին պատմել էր, ինքն էլ Շահենովնային խնդրել էր, որ ծանոթացնի հետս», եւ ես ժպտալով հարցրի՝ «հանդիպեցի՞ք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հանդիպելը հանդիպեցինք, բայց էդ հանդիպումը շատ կարճ տեւեց. մինչեւ իրար հետ ծանոթացանք, մինչեւ իրար հետ մի բաժակ կոֆե խմեցինք, իրա ադյուտանտը հայտնվեց ու ասեց, որ ինչ-որ արտասահմանյան պատվիրակություն ընդունելություն ա խնդրում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո ինքն իրա կառավարական ու սովորական հեռախոսների համարները տվեց ու ասեց, որ եթե Մոսկվայում պրոբլեմներ ունենամ, անպայման զանգեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հետո չնայած պրոբլեմներ ունեցա, բայց իրան չզանգեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պրոբլեմներ ունեցար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր էդ հանդիպումից ընդամենը մի ամիս անց Կալոննի զալի միլիցեքը թեւերս մտան, տարան Դոմոձեդովո, նստացրին սամալյոտ ու՝ հայդե՜ Երեւան», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա խի՞ Ալիեւին չզանգեցիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես Մոսկվայում իմ անելիքն արդեն արել՝ պրծել էի. էդ մատչի ճակատագիրն արդեն որոշված էր» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «չնայած… դու չես հավատում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ն չեմ հավատում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «չես հավատում, որ Կասպարովի էդ հաղթանակի հարցում շատ կարեւոր դեր եմ խաղացել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ամեն տեղ էլ ասում եմ, որ էդ հաղթանակը քո շնորհիվ ա էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «փաստորեն, Սմբատիչին էլ էիր ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «վարիանտ չկա, որ ասած չըլնեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրան ե՞րբ ես ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Շարժումից առաջ», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ո՞ր Շարժումից», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ղարաբաղյան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս՝ Շարժումն էդ մատչից սկսվեց», եւ ես ժպտալով ասացի՝ «Ալիեւի հետ սկսեցիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «Գորբաչովն ա սկսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը շարժման հիմքերը դրեց՝ մենք շարունակեցինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ Սմբատիչի հետ իրա կաբինետում խոսում էինք, ինձ թվաց՝ ինքն իմ արածների մասին ահագին բան գիտի», եւ ես հարցրի՝ «ո՞ր արածներիդ մասին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մատչի մասին ինքը, փաստորեն, տեղյակ էր», եւ ես ժպտալով ասացի՝ «ես եմ իրան պատմել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ պատմել ես, որովհետեւ էդ մատչի մասին ի՛նքը խոսակցություն բացեց», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց բացեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ քո անունը տվի, ինքը սկսեց քթի տակ խնդմնդալ», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետո խնդմնդալով հարցրեց՝ կարող ա՞ դու Կարպովին գիպնոզողն ես», եւ ես ծիծաղս մի կերպ զսպելով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույնիսկ ապարանցի ըլնելս գիտեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ էդ էլ ես դու ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ամեն տեղ էդ գիպնոզիդ պատմությունը որ պատմում էի, ապարանցի ըլնելդ շեշտում էի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, բերանբացություն ես արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «որ բերանբացություն չանեի, էսօրվա օրով տուն չէիր ունենալու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Սմբատիչն ապարանցի ըլնելս գիտեր, բայց մշեցի ըլնելս չգիտեր», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ մշեցի ըլնելդ չգիտեի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, անկախ քեզանից, ինձ շատ մեծ լավություն ես արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «անկախ ինձանից՝ քեզ տան տեր եմ դարձրել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, համ ինձ ես փրկել, համ էլ՝ Սմբատիչին», եւ ես զարմացած հարցրի՝ «իրա՞ն ոնց եմ փրկել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ինքն ինձ տեղը չբերեր, ստիպված պիտի իրա նկատմամբ էլ գիպնոզ կիրառեի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «չնայած, շատ հնարավոր ա՝ իրա վրա գիպնոզս վաբշե չազդեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «որովհետեւ, ինչքան զգացի, ինքը շատ ուժեղ անհատականություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ճիշտ ես զգացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ որ մի քանի տարի գիպնոզից հետ էի վարժվել, հնարավոր էր՝ գիպնոզս էն ազդեցությունը չունենար», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա առաջին հարկի էդ հերթապահ միլիցուն ո՞նց գիպնոզեցիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բերանդ ո՞նց ա բռնում՝ էդ մենթին ու Սմբատիչին իրար հետ ես համեմատում», եւ ես արդարանալով ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ լավ էլ կարում ես գիպնոզ անես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սմբատիչի պես հզոր անհատականություններին գիպնոզելը համարյա թե անհնար ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ ինքը քեզ տեղը չբերեր, ստիպված պիտի փորձեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշ ճար չունեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ ա, որ գործը դրան չհասավ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ստիպված պիտի մի հատ էլ մեղք գործեի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մեղք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «քեզ քանի՞ անգամ պիտի բացատրեմ, որ հոգեւոր աստիճանիցս հետո ինձ արգելվում ա գիպնոզով զբաղվել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես լսել եմ, որ գիպնոզը սատանայական զբաղմունք ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած գիպնոզ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ գիպնոզն Աստծուց ա էղել, բայց իմ համար արդեն անցած էտապ ա» եւ մի քիչ էլ մտածեց եւ ժպտալով հարցրեց՝ «հասկացա՞ր, թե՞ ավելի մանրամասն բացատրեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ բացատրես՝ չի խանգարի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօրվա իմ կարգավիճակում գիպնոզով զբաղվելը նույնն ա, ոնց որ, ասենք, մաթեմատիկայի ակադեմիկոսը նստի ու առաջին դասարանի թվաբանության խնդիր լուծի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պատկերացնում եմ՝ ոնց ա էդ ակադեմիկոսը լուրջ-լուրջ նստում ու թվաբանության խնդիր լուծում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց դու ամենակարեւորը չես կարա պատկերացնես», եւ ես հարցրի՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց եւ ասաց՝ «ամենակարեւորն էն ա, որ էդ ակադեմիկոսը կարող ա ասածիդ պես լուրջ-լուրջ նստի, բայց չկարենա էդ առաջին դասարանի խնդիրը լուծի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «որովհետեւ թվաբանությունն իրա համար անցած էտապ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հիմի որ քեզ ստիպեն, կարա՞ս դպրոցական շարադրություն գրես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «ի՞նչ թեմայով», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասենք, Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» գրվածքի թեմայով», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մի ցրի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «կարա՞ս էդ շարադրությունը գրես, թե՞ չես կարա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հաստատ չեմ կարա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց կարաս, չէ՞, էդ մակարդակի գործ գրես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ մակարդակի», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ «Գրադարանի աղջկա» մակարդակի գործ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ պատմվածքը կարգին չեմ էլ հիշում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վայ թե վիպակ էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չեմ հիշում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անցած էտապ ա, դրա համար էլ չես հիշում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ «Գրադարանի աղջիկը» վայ թե չեմ էլ կարդացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես կարդացել եմ, բայց ես էլ չեմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ անցած էտապ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ ֆոկուսնիկությունն էլ ա իմ համար անցած էտապ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ֆոկուսնիկություն», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ գիպնոզի գործը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց ամեն մարդ չի կարա գիպնոզ անի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց իմ համար անցած էտապ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոնց որ՝ էդ «Գրադարանի աղջիկը» պատմվածքը», եւ ես ժպտալով ասացի՝ «պատմվածք չի՝ վիպակ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ վիպակը մոռացել եմ, բայց քո գրած պատմվածքները շատ լավ եմ հիշում», եւ ես զարմացած ասացի՝ «ես պատմվածքներ չեմ գրում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «պարզվում ա՝ համ Ստեփան Զորյանի գրածներն ես մոռացել, համ էլ՝ քո», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր գրածներս եմ մոռացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Մոսկվայից հետո ինչ տպել ես՝ կարդացել եմ», եւ ես ասացի՝ «բանաստեղծություններ եմ տպել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծություններդ սամո սաբոյ եմ կարդացել, բայց էրկու պատմվածքներդ էլ եմ կարդացել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ էրկու պատմվածքներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեկը ձեր Մետաքսի թաղայինի մասին էր, մյուսն էլ էլի ձեր Մետաքսից մի հատ պաշտոնյայի մասին էր, որի պաշտոնը անձրեւների վախտ իրանից բարձր պաշտոնյաների գլխներին զոնտիկ բռնելն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ էրկու պատմվածքներն էլ «Գրական թերթի» մեջ եմ կարդացել», եւ ես ասացի՝ «հա. էրկուսն էլ «Գրական թերթում» եմ տպել», եւ Ռաֆոն ասաց՝ «հատկապես ձեր թաղային լիազորի մասին պատմվածքն էի հավանել», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքը Հրանտն էլ էր հավանել», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ո՞ր Հրանտը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Մաթեւոսյան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մաթեւոսյանը Ստեփան Զորյանի գրածներն էլ ա շատ հավանում», եւ ես զարմացած հարցրի՝ «որտեղի՞ց գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ա իրա հարցազրույցներից մեկում ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու որ քո գրած պատմվածքները չես հիշում, էդ հարցազրույցը ո՞նց կհիշես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույնիսկ «Գրադարանի աղջիկը» չես հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ անցած էտապ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետաքրքիր ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես գրականությունից ավելի շատ տեղեկություն ունեմ, քան՝ դու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ նշանակում ա, որ դու գրականություն ավելի ես սիրում, քան՝ ես», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «դու գրականություն չես սիրո՞ւմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «գրել ավելի եմ սիրում», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ի՞նչ գրել», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «գրականություն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սաղս էլ գրականություն գրել սիրում ենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «գիտեմ, որ դու էլ ես գրում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ չգրեիր, մեր գրածներն էլ չէիր կարդա», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի մենակ գրողներն են իրար կարդում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս՝ գրողներն էլ իրար կարգին չեն կարդում», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էս հոգսերից չեմ կարում ազատվեմ, որ ինձ լրիվ գրականությանը նվիրեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հոգսեր» եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անձնական ու հասարակական», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «դու բանաստեղծություն ես գրում, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն ինչ էլ գրում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անցյալ տարի մի հատ պոեմ եմ գրել, բայց ազատ ժամանակ չեմ ունենում, որ էդ պոեմս մշակեմ ու վերջնական տեսքի բերեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ ուժեղ պոեմ ա, բայց մի հատ պիտի վերանայեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ պոեմդ կտա՞ս կարդամ», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «չէ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ անկեղծ ասեմ՝ հո չե՞ս նեղանա», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ անտիպներդ գրողներին ցույց ես տալիս, էլ տերը չես», եւ ես զարմացած ասացի՝ «չհասկացա», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ձեր գրողներից մի քանիսին վախտին մի քանի հատ ոտանավոր եմ ցույց տվել, բայց հետո էդ ոտանավորները համարյա նույնությամբ «Գարունի» մեջ տպագրված տեսել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա՝ իրանց անունով», եւ ես զարմացած հարցրի՝ «թխել ե՞ն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ձեր գրողական լեզվով չգիտեմ՝ էդ ոնց ա կոչվում, բայց նորմալ մարդկային լեզվով կոչվում ա գողություն», եւ ես ժպտալով հարցրի՝ «դրա համար ե՞ս վախենում պոեմդ ինձ ցույց տաս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժողովուրդը մի հատ լավ խոսք ունի. ասում ա՝ ապրանքիդ գլխին կայնի ու ուրիշին գող մի անվանի», եւ ես ժպտալով ասացի՝ «ժողովուրդը միշտ էլ ճիշտ բաներ ա ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց էս ասածս քեզ չի վերաբերվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս պոեմս որ թարգմանի պրծնի, կտամ՝ կկարդաս», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա թարգմանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «չինարեն իմացող մեկը կա, բայց փողը գլխանց ա ուզում», եւ ես ապշահար հարցրի՝ «ի՞նչ չինարեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ պոեմս պիտի չինարեն թարգմանվի, որ միանգամից միլիարդուկես մարդ կարդա», եւ ես ժպտալով հարցրի՝ «Հայաստանում չինարեն իմացող կա՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մեկը կա, բայց փողը գլխանց ա ուզում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ փող», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «թարգմանելու փողը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ պոեմս հազար տողից ավել կըլնի. էդ թարգմանիչը հո հորոխպորս տղեն չի, որ ձրի թարգմանի», եւ ես ժպտալով ասացի՝ «հորոխպորդ տղեն էլ վայ թե ձրի չթարգմաներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա՝ հորոխպորս տղեն էլ ձրի չթարգմաներ», եւ ես ժպտալով ասացի՝ «ահագին մեծ պոեմ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի մեծեր էլ եմ գրել, բայց էս մեկը իմաստով ու փիլիսոփայությամբ ա շատ մեծ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար թե ձրի թարգմանեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ հորոխպորս տղեն ըլներ, կարող ա մի կերպ համոզեի, բայց էս թարգմանիչը փողը նաղդ ա ուզում», եւ ես հարցրի՝ «ինչքա՞ն ա ուզում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «հազար դոլար», եւ ես հարցրի՝ «մի քիչ շատ չի՞ ուզում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, տողի համար մի դոլար ա ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե հաշվի առնենք, որ չինարենը շատ բարդ լեզու ա, ու որ նաեւ հաշվի առնենք, որ էդ պոեմս փիլիսոփայական ու հոգեւոր առումով շատ բարդ գործ ա, կարամ ասեմ, որ էնքան էլ բարձր գին չի ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ասաց՝ «բայց վատն էն ա, որ էդ հազարը նաղդ ա ուզում», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞նց ուզեր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էդ աղջկան ուրիշ պայման եմ առաջարկում, բայց ոչ մի կերպ չի համաձայնվում», եւ ես հարցրի՝ «էդ թարգմանիչն աղջիկ ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տղերքն էդքան համբերություն չունեն, որ տարիներով նստեն՝ չինարեն սովորեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «աղջկերքն ավելի անհամբեր են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո ասածը սիրուն աղջկերքին ա վերաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ անաստվածն ախր շատ ա գեշ», եւ ես ժպտալով ասացի՝ «գեշերն էլ են փող սիրում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «գեշերն ավելի շատ են փող սիրում, որովհետեւ մեր ժամանակներում փողը նույնիսկ գեշերին ա սիրունացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի բոլոր ժամանակներում էլ ըտենց ա էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ուրիշ ժամանակներում դժվար թե ըտենց ուժեղ պոեմ գրած ըլնեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «համ հոգեւոր իմաստով ա շատ ուժեղ գործ, համ էլ՝ փիլիսոփայական իմաստով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ գեշոն որ մի քիչ խելք ունենար, իմ դրած պայմանին միանգամից կհամաձայնվեր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պայման էիր դրել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «եթե նիսիա թարգմաներ, Նոբելյան մրցանակի գումարի հալալ կեսն իրան էի տալու», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «չհամաձայնվե՞ց», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «չհավատաց», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «չհավատա՞ց, որ Նոբելյանի գումարը հետը կկիսվես», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ գեշոն չհավատաց, որ էդ պոեմիս համար ինձ կարող ա Նոբելյան տան», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ գեշոն պոեմդ կարդացել ա՞», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «ընդամենը մի անգամ ա կարդացել», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա քանի՞ անգամ պիտի կարդար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ ընենց բարդ գործ ա, որ նույնիսկ քո մակարդակի պոետը մի անգամ կարդալով չի հասկանա», եւ ես ժպտալով հարցրի՝ «դու հավատո՞ւմ ես, որ էդ պոեմիդ Նոբելյան կտան», եւ Ռաֆոն բութն ու ցուցամատն իրար կպցնելով ասաց՝ «էսքան չեմ կասկածում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե, իհարկե, չինարեն թարգմանվի ու տպվի», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «չինարե՞նն ինչ կապ ունի», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց թե՝ ինչ կապ ունի» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «միլիարդուկես ընթերցող ունեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իրանց բանաստեղծները սաղն էլ չինարեն են գրում, բայց իրանցից ոչ մեկը Նոբելյան չի ստացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց կրոնը թույլ չի տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ հնարավորությո՛ւն չի տալիս», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հնարավորություն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց կրոնը համամարդկային մտքեր արտահայտելու հնարավորություն չի տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց կրոնն ու փիլիսոփայությունը շատ սպեցիֆիկ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ իրանց կրոնին եմ ծանոթ, ոչ էլ՝ փիլիսոփայությանը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես լավ ծանոթ եմ, դրա համար էլ վստահ ասում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք միլիարդից ահագին ավել են, բայց մի հատ Նարեկացու մակարդակի բանաստեղծ աշխարհին չեն տվել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ գիտես՝ չեն տվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուսումնասիրել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ռուսերեն ու հայերեն ինչ որ թարգմանված կա՝ կարդացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էնքան միամիտ չեմ, որ մտածեմ թե՝ մենակ իմ տաղանդի շնորհիվ ա էս պոեմս էսքան ուժեղ ստացվել», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ինչի՞ շնորհիվ ա էդքան ուժեղ ստացվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քրիստոնեությունը հայ բանաստեղծի համար ընենց հորիզոններ ա բացում, որ հայ բանաստեղծները կարան սաղ աշխարհին շշմացնեն», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ինչի՞ մինչեւ հիմա չեն շշմացրել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ մեր գրողները չեն օգտվել Քրիստոնեություն կոչվող հոգեւոր ու մտավոր անհատակ շտեմարանից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բացի Նարեկացուց» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «քեզ հարց չես տվե՞լ՝ խի են ռուս գրողներն ուրիշ ազգերի գրողներից ուժեղ գրում», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ են ուժեղ գրում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ իրանց գրողներն ամենից շատն են Աստվածաշնչի ու Ավետարանի հոգեւոր ու մտավոր բարիքներից օգտվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ Տոլստոյն ու Դոստոեւսկին», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց Տոլստոյն ու Դոստոեւսկին Նոբելյան չեն ստացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կոստյո՞ւմն է, որ պիտի իրանց զարդարեր» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «իրանք ավելի մեծ են, քան՝ էդ Նոբելյան մրցանակը», եւ ես համաձայնվելով ասացի՝ «ճիշտ ես ասում»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031