Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են ծառայում իրավապահները

Օգոստոս 26,2010 00:00

\"\"«Էկոլուրից» ստացած տեղեկությունների վրա հենվելով՝ հունիսի 25-ին գրել ենք, որ Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու են ջրից ու նաեւ վտանգվելու է Սեւանի իշխանի եւ կողակի ձվադրումը: Արգիճի գետը այս հինգ համայնքների համար ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Գյուղերում ապրում է 26 800 մարդ: Ոռոգման ողջ տարածքը 6 850 հեկտար է: Շինարարության մասին տեղյակ չեն եղել անգամ Գեղարքունիքի մարզպետարանում:
Այս հրապարակումից հետո նշված հինգ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ եւ մամուլի ասուլիսներ կազմակերպեցին, ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը շինարարությունն անօրինական համարեց, նմանատիպ որոշում կայացրեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողովը: Սեւանի մակարդակի տարեկան 12 սմ բարձրացումը հենց Արգիճի գետի շնորհիվ է, Արգիճին Սեւանի ավազանի ամենաջրառատ գետն է, գետի շուրջ զարգացումներին նվիրված մի քննարկման ժամանակ հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:
Սակայն հարցը չի լուծվում եւ այլ զարգացումներ են արձանագրվում:
Վերին Գետաշենի բնակիչները «Էկոլուրին» ասել են, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, իրենց կանչել են Մարտունու դատախազություն՝ ցուցմունք տալու: Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով, առանց պաշտոնական ծանուցագրի, որտեղ պետք է անպայմանորեն նշվեր քննչական գործողությունների անցկացման պատճառը: Դատախազությունը կազմել է 15 մարդու ցուցակ, ովքեր պետք է հարցաքննվեն: Բնակիչներին արդեն հայտնի է, որ դատախազության կանչի պատճառը հուլիսի 19-ի բողոքի ակցիան է, երբ ճարահատ բնակիչները 4 ժամով փակել էին Երեւան-Մարտունի մայրուղին:
Հայտնի է, որ երկու շաբաթ առաջ ոստիկանության քննիչ Հուսիկ Բաղդասարյանը տեղի բնակիչներին հարցաքննել է եւ փորձել պարզել, թե ով կամ ովքեր են բողոքի ակցիայի կազմակերպիչները: Ներկայումս բնակիչներին հարցաքննում է դատախազության քննիչ Արթուր Մանուկյանը:
Իրենց իրավունքների համար պայքարող բնակիչներին ոչ ոք չի ասում, թե ինչպես եւ երբ են ապամոնտաժվելու ապօրինի կառուցված ամբարտակները եւ Գայլաձոր գետի հունի հեռացման համար անցկացված 2 կիլոմետրանոց խրամուղին, ինչ պատիժ է կրելու «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը, որը պատասխանատու է անօրինական շինարարության համար: Այս ամենից հետո «Էկոլուրը» եզրակացնում է. «Արգիճի գետ վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման հանգամանքների հետաքննության փոխարեն Մարտունու դատախազությունը փորձում է քրեական գործ հարուցել բնակիչների դեմ, ովքեր պաշտպանում էին ջրի եւ կյանքի իրենց իրավունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել