Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը քիչ բան գիտե ռուսական ընդդիմության մասին, բայց վստահ է, որ վերջինիս նպատակը սադրանքներ հրահրելն է, ուստիեւ՝ արժանի է, որ «մահակով գլխին հասցնեն»: Reueters գործակալության մատուցմամբ, Պուտինն այդ մասին հայտարարել է «Կոմերսանտին» տված հարցազրույցում: ՌԴ վարչապետը խոստովանել է, թե մինչեւ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Յուրի Շեւչուկի հետ հանդիպումը՝ ինքը նրա մասին ոչինչ չգիտեր, Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակում՝ ի պաշտպանություն Սահմանադրության 31-րդ հոդվածի, հավաքի մասին էլ ականջի ծայրով է լսել, իսկ Միխայիլ Խոդորկովսկու դեմ երկրորդ դատական պրոցեսի մասին տեղեկությունն իր համար անակնկալ է եղել:
«Ի՞նչ է ասում գործող օրենսդրությունը երթերի մասին. պետք է թույլտվություն ստանալ տեղական իշխանություններից: Ստացե՞լ եք՝ գնացեք եւ ցույց արեք: Եթե ոչ՝ իրավունք չունեք: Փողոց եք դուրս եկել չունենալով դրա իրավունքը՝ ձեր գլխին մահակով հարված ստացեք: Ահա եւ վերջ»,- հայտարարել է Պուտինը:
Յուրաքանչյուր ամսվա 31-ին, ի պաշտպանություն հավաքների ազատության սահմանադրական իրենց իրավունքի, ցույցեր կազմակերպողները, ըստ աղբյուրի, նույնպես վկայակոչում են ցույցերի, հավաքների եւ երթերի մասին օրենքը, որը նախատեսում է այդօրինակ միջոցառումների մասին ծանուցել տեղական իշխանությանը: Բայց նրանք շեշտում են օրենքում ոչ թե միջոցառման շուրջ համաձայնություն ձեռք բերելու թույլտվություն ստանալու, այլ՝ միջոցառման մասին իշխանությանը տեղյակ պահելու հանգամանքը: Նմանօրինակ նախաձեռնությունների հեղինակները հանդիմանում են իշխանությանը այն բանի համար, որ այն չափազանց խիստ է ոստիկանությանը սովորաբար դիմադրություն ցույց չտվող ցուցարարների նկատմամբ: Մինչդեռ Պուտինը վստահ է, որ իշխանության կողմից կիրառվող մեթոդները համապատասխանում են զարգացած ժողովրդավարական երկրներում ընդդիմախոսների հետ շփումների պրակտիկային: «Լոնդոնում ցույցերի համար տեղ է հատկացված: Որտեղ չի կարելի՝ մահակով խփում են գլխին: Չի կարելի, բայց եկե՞լ ես, ստացի՛ր, եւ ոչ ոք չի վրդովվում»,- ասել է Պուտինը:
Նա ասել է, թե ընդդիմության նպատակները շատ հստակ է պատկերացնում. չենթարկվել գործող օրենսդրությանն ու ասել, թե՝ իրավական պետություն են ուզում ոչ թե իրենց, այլ ուրիշի համար, անել ինչ ուզում են, սադրել, որ մահակով հարվածեն գլխին, հետո կարմիր ներկը լցնեն վրաներն ու հայտարարեն, թե հակաժողովրդական իշխանությունն իրեն արժանապատիվ չի պահում եւ ճնշում է մարդու իրավունքները:
Ի դեպ, Պուտինը նաեւ հայտարարել է, թե պատրաստ է աշխատել հանուն Ռուսաստանի բարօրության՝ չնայած վարկանիշներին ու քննադատությանը, եւ այնքան ժամանակ, քանի դեռ իր ընտրած անսխալ ճանապարհով նպատակակետին չի հասել: Իսկ դրա համար, Պուտինի ասելով, կարող են տասնամյակներ պահանջվել: ՌԴ վարչապետի մատուցմամբ, ինքը մտածել է տասնամյակների ընթացքում իշխանության ղեկին եղած ժամանակահատվածի իր գործունեության մասին, եւ որեւէ սխալ չի գտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել