Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ պատգամավոր է դարձել «աբորիգենը»

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Ավստրալիայի արեւմուտքում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, տեղաբնիկ քաղաքական գործիչը խորհրդարանի պատգամավոր է դարձել:
BBC-ի մատուցմամբ, երկրի Լիբերալ կուսակցությունը ներկայացնող 57-ամյա Քեն Ուայաթթը (նկարել) հաղթել է Ավստրալիայի արեւմտյան նահանգի խորհրդարանական ընտրություններում եւ ստորին պալատի պատգամավորի մանդատ է ստացել: Ուայաթթը, սակայն, հիասթափված է, որ ընտրությունների ընթացքում ռասիստական բովանդակությամբ նամակներ է ստացել: Նրա ասելով, այդ նամակի շուրջ 50-ի հեղինակները խոստովանել են, որ եթե իմանային Ուայաթթի ծագման մասին՝ նրա օգտին չէին քվեարկի: Ուայաթթը Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող իր մրցակցին հաղթել է ընտրողների 1000 քվեի առավելությամբ:
Անցած շաբաթ Ավստրալիայում տեղի ունեցած համընդհանուր ընտրությունների արդյունքների համաձայն, ո՛չ լիբերալներին, ո՛չ իշխող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներին չի հաջողվել խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել. լիբերալները ստացել են խորհրդարանի տեղերից 73-ը, լեյբորիստները՝ 72-ը, անկախ պատգամավորները՝ 4 եւ «կանաչների» ներկայացուցիչները՝ մեկ մանդատ: Սա այն դեպքում, երբ կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ է 76 ձայն:
Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած երկու կուսակցություններն էլ բանակցություններ են վարում անկախ պատգամավորների հետ, ինչը տվյալ պարագայում վճռորոշ կլինի կուսակցություններից որեւէ մեկի՝ կառավարություն ձեւավորելու իրավունք ստանալու համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել