Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկը» սիրուհու նման քաղցր էր

Սեպտեմբեր 02,2010 00:00

Ավան համայնքի Նարեկացի թաղամասում երեկ նարեկացիական շունչն էր գերիշխում: Թաղամասի գլխավոր պուրակի հենց կենտրոնում գտնվող նորաստեղծ քանդակի՝ «Նարեկի» շնորհանդեսն էր: Բացման արարողությունը սկսվեց հոգեւոր այրերի օրհնությամբ, ապա սիրված երգչուհի Աննա Մայիլյանը կատարեց Նարեկացու տաղերը: Ավան համայնքի թաղապետ Մանվել Ջավադյանն էլ ասաց, որ համայնքը այս կերպ թոթափում են ապօրինի ավտոտնակներից. «Ավտոտնակների փոխարեն պուրակներ ու հուշակոթողներ են վեր խոյանալու»: Քանդակի հեղինակը Ավան համայնքի բնակիչ, քանդակագործ Համլետ Մատինյանն է, ով «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ մեծ ուրախությամբ է ընդունել քանդակը ստեղծելու առաջարկը. «Ես քանդակեցի ոչ թե իրենց պատկերացրած Նարեկացին, այլ իմ երազած Նարեկը, որովհետեւ ես սիրում եմ փառաբանել ոչ թե մարդկանց, այլ նրանց գործը, թե չէ մարդիկ միանման են՝ նույն սխալներով, նույն երազներով: Նրանց վաստակն է տարբեր»: Հ. Մատինյանը պատմեց, որ աշխատանքը ավարտին հասցնելու համար 6 ամիս գիշեր ու ցերեկ տքնաջան աշխատել է. «Առավոտյան 6-ից մինչեւ ուշ գիշեր աշխատում էի, նույնիսկ անձրեւի ժամանակ էի աշխատում, որովհետեւ անչափ շատ եմ սիրում Նարեկացուն, ով ինձ այս ընթացքում անսպառ ուժ է տվել, աշխատել եմ առանց հոգնելու ու մեծ սիրով, այն տպավորությունն ունեի, թե ամեն առավոտ գնում եմ սիրածիս մոտ»: Արվեստագետը կարծում է, որ պուրակում վեր խոյացող հուշակոթողը նաեւ աշխարհին մեր մշակութային արժեքները ցուցադրելու ձեւ է. «Մենք պետք է մեր արժեքները դուրս հանենք, թե չէ միայն գիտական աշխատությունների մեջ գրում ենք ինչ-որ տեսական պատմություններ, բայց մոռանում ենք դրանք այսկերպ պրոպագանդել»:
Պարոն Մատինյանը նաեւ ասաց, որ իր աշխատանքի համար չի վարձատրվել, դա արել է համայնքը գեղեցիկ տեսնելու ցանկությամբ. «Համայնքի բնակիչներով միահամուռ աշխատում ենք մեր բակը գեղեցկացնել, այսպես է ճիշտ աշխատելը՝ գյուղ որ կանգնի՝ գերան կկոտրի»:
Քանդակագործի աշխատանքների աշխարհագրությունը լայն է. «Դուդուկի 4 մետրանոց արձանն էլ Վանաձորում է վեր խոյանում, Իտալիայի պուրակներից մեկում հայ-իտալական բարեկամության պատվին 2 մետրանոց նռան իմ քանդակն է: Իտալացիներին պատմում էի, որ նռան ընկած 5 հատիկները խորհրդանշում են 5 մայրցամաքները, նուռն էլ հայ ժողովուրդն է, որ 1915-ին պայթեց: Իտալական այդ այգին այժմ կոչվում է Ցեղասպանության այգի»: Սեպտեմբերի 19-ին Ախթալայի եկեղեցու բակում քանդակագործի եւս մի աշխատանքի շնորհանդեսը կլինի. «Ամուսնական մատանիների արձան եմ արել, հարսն ու փեսան այդ մատանիների միջով պետք է անցնեն»: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, պատգամավորներ, Երեւանի քաղաքապետը: Քանդակագործը նախագահին նվիրեց բրոնզաձույլ, ինչպես ինքն է ասում՝ «դժվար, ծանր, բայց հայի նման գիրք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել