Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղութատիրական մեթոդնե՞ր

Սեպտեմբեր 03,2010 00:00

Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոսները պատասխանում են ռեկտորին

\"\"

\"\"Երեկ խմբագրություն եկավ Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանը՝ իր հետ բերելով իրեն եւ կոլեգաներին տրված հավաստագրերի տրցակը, որ վկայում էր իրենց մասնագիտական բարձր որակի մասին: Նա նաեւ ներկայացրեց նամակ՝ կրճատված դասախոսների անունից:

«ՀՖՀ ռեկտորի օրերս արված հայտարարությանը պատասխանում ենք հետեւյալը: Աշխատանքից ազատվել է 29 դասախոս, ռեկտորի խոսքով՝ դասախոսներն ազատվել են օրենսդրության պահանջների համաձայն, մինչդեռ դասախոսների պայմանագրերն անժամկետ են, եւ ռեկտորն իրավունք չուներ պայմանագրի ավարտի հիմքով դասախոսներին ազատել աշխատանքից: Իր կողմից բերված այն փաստը, որ դասախոսներին ծանուցվել է, հիմք չէ անօրինական ազատումը հիմնավորելու համար: Ընդ որում, օրենքից չի բխում նաեւ պայմանագրերի կնքումը այն դասախոսների հետ, որոնք շարունակելու են աշխատանքը: Կամ ռեկտորը չունի կոմպետենտ օգնականներ եւ իրավախորհրդատու, կամ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը՝ արդարացնելու իր համար քմահաճ ու կամայական գործողությունները: Առավել քան վիրավորական է իրենց գործողությունները քողարկել՝ դասախոսներին վարկաբեկելու միջոցով:

Ռեկտորի արտահայտությունը, թե անգլերենի ամբիոնի ազատված դասախոսները չունեն անհրաժեշտ որակավորման մակարդակ՝ համալսարանի կողմից վերապատրաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում, մեղմ ասած՝ անհեթեթ եւ անգամ ծիծաղելի է, քանի որ… ավելի լավ է ներկայացնել հավաստագրերը:

Կա ազատված երիտասարդ մասնագետ, որը նույնիսկ չի էլ մասնակցել այդ դասընթացին՝ ոչ թե նրա համար, որ չէր կարող, այլ համալսարանի կողմից չի եղել նման պահանջ: Վերջին 4-5 տարիներին ամբիոնի աշխատակիցների շարքերը համալրվել են դասախոսներով, որոնցից եւ ոչ մեկը չի անցել այդ դասընթացը, որովհետեւ այն չի պահանջվել: Այստեղից հարց տիկին ռեկտորին. ի՞նչ չափանիշներով է գնահատում ներկայիս ամբիոնի դասախոսներին, որոնցից 4-ը ընդհանրապես չեն մասնակցել Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Ցածր որակավորման պարագայում նույն համալսարանը աշխատանքից ազատված դասախոսին չէր երաշխավորի անգլերենի ամբիոնի վարիչի պաշտոնում մնալ շուրջ չորս տարի, ավելին՝ միանշանակ տալով փայլուն երաշխավորագիր, որը պետք է ներկայացվեր ԱՄՆ դեսպանատուն, որտեղ մասնավորապես նշված է. «Գայանե Հակոբյանը աշխատում է Ֆրանսիական համալսարանում՝ սկսած 2001 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ ժամանակվանից ի վեր նա աշխատել է որպես անգլերեն լեզվի դասախոս: Նրա կատարած աշխատանքը միշտ արժանի է եղել ադմինիստրացիայի բարձր գնահատականին: Նրա գիտելիքներն ու հմտությունները կատարյալ են: Նա պետք է վերսկսի իր պարտականություններն 2010թ. օգոստոսին:

Անհամբերությամբ սպասում ենք վերսկսելու մեր համագործակցությունը տիկին Հակոբյանի հետ՝ 2010-11 ուսումնական տարվա համար»:

Դատելով նշվածից, կարելի է եզրակացնել, որ այդ հարգարժան ռեկտորը կամ ստում է, կամ, ինչ-ինչ հանձնարարություն կատարելով, մոռացել է իր իսկ տված երաշխավորության եւ գնահատականի մասին: Փաստորեն, կասկածելի են դառնում թե այս, թե հետագա «բոլոր հաստատումները»:

Ինչպե՞ս հասկանալ, երբ կատարվում է դասաբաշխում եւ ասվում է՝ անձնագրերով ներկայանալ նոր պայմանագիր կնքելու, չանցած մեկ շաբաթ, նույն ռեկտորը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, առանց նախազգուշացման, միանգամից տեղեկացնում է, որ վերջիններս ազատված են աշխատանքից:

Մենք հայտարարում ենք, որ ՀՖՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, բացի իրավականից, արժանի են նաեւ բարոյական գնահատականների, քանի որ աշխատողներին իրենց ազատման մասին հայտնվում է այն ժամանակ, երբ ուրիշ բուհերում դասախոսական կազմի համալրումը արդեն ավարտված էր եւ այսպիսով դասախոսների մի մասը միտումնավոր հայտնվում է գործազուրկի կարգավիճակում: Անբարոյական է նաեւ վարկաբեկել այն մանկավարժներին, որոնց ջանքերի շնորհիվ է, որ ՀՖՀ-ն Հայաստանում ունի մեծ վարկանիշ եւ որի ուսանողները իրենց բարձր պատրաստվածությամբ եւ օտար լեզուների իմացությամբ գրեթե 90 տոկոսով համալրել են ՀՀ աշխատաշուկան: ՀՖՀ-ում վերջին ժամանակներս կառավարման ճգնաժամ է, որը հատկապես նկատվում է նախկին ռեկտոր Պոլ Ռուսեի պաշտոնավարումից հետո: Ներկայիս ռեկտորն ու գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին համալսարանի կառավարումն անցկացնում են գաղութատիրական մեթոդներով: Այդ առումով դժգոհությունների մեծ ալիք կա ուսանողների շրջանում: Համոզվելու համար կարող եք հարցում անել հենց ուսանողներից: Զարմանալի է նաեւ այն պաշտոնատար անձանց անտարբերությունն ու լռությունը, որոնք կոչված են մեր իրավունքները պաշտպանելու, մասնավորապես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Աշխատանքի պետական տեսչությունը: Ազատված դասախոսների գերակշիռ մեծամասնությունը աշխատել է համալսարանի համադրման օրվանից ի վեր եւ նրա ճակատագրով անհանգստանալը բնավ էլ սեփական ամբիցիաների դրդապատճառ չէ, այլ համալսարանը անդունդ գլորվելուց փրկելն է:

Ինչ վերաբերում է դասերը բոյկոտելու վերաբերյալ ռեկտորի մտավարժանքին, ապա պատճառը պետք է որոնել ոչ թե մեր, այլ համալսարանի կաթվածահար մենեջմենթի մեջ:

Օգտվելով առիթից, դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորի, ակնկալելով, որ կվերականգնվեն մեր հանիրավի ոտնահարված իրավունքները, քանի որ մինչ օրս որեւէ պաշտոնատար անձ որեւէ գործնական քայլ չի ձեռնարկել»,- ասված է նամակում:

Հ. Գ. Մյուս դասախոսների որակավորման սերտիֆիկատները զուտ տեղի պատճառով թերթում չեն զետեղվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել