Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

\"\"Դիրիժոր Կարեն Դուրգարյանը կբացի ոչ միայն Ազգային օպերային, այլեւ Մարիինյան թատրոնների թատերաշրջանները

Վերջին շրջանում արվեստագետները անհանգստացած են Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի առողջական վիճակով: Օրերս ճանաչված դիրիժորը մասնակցեց Արցախի անկախության տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա պատրաստվում է սեպտեմբերի 20-ին՝ թատերաշրջանի բացմանը, ղեկավարել Ա. Տիգրանյանի «Անուշը», ավելին՝ ըստ «Առավոտին» հասած լուրերի, դիրիժորը սեպտեմբերի 15-ին, աշխարհահռչակ Վալերի Գերգիեւի հրավերով, Մարիինյան թատրոնի թատերաշրջանի բացմանը կղեկավարի Խաչատրյանի «Սպարտակը»:
Կ. Դուրգարյանը 2000թ. Սանկտ Պետերբուրգի օպերային փոքր թատրոնում անվանի բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի հետ իրականացրել է «Սպարտակը», նաեւ իբրեւ բեմադրող դիրիժոր, բեմ հանել Դոնիցետտիի «Սիրային ըմպելիք» օպերան: Բուռն հյուրախաղային կյանքով ապրող արվեստագետը վերջին շրջանում «Սպարտակը» ղեկավարել է Լոնդոնի ճանաչված «Կոլիզեյ» թատրոնում, իսկ Ճապոնիայում սիմֆոնիկ երաժշտության ծրագրերով ու բալետային ներկայացումներով հանդես եկել շուրջ 30 համերգով:
Նախօրեին Կ. Դուրգարյանին հանդիպեցինք աշխատավայրում՝ Ազգային օպերային թատրոնում, որտեղ դիրիժորը վրաց բեմադրիչ Գիզա Ջորդանիայի եւ օպերային թատրոնի ողջ ստեղծագործական կազմի հետ անցկացնում էր Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի փորձը: Փոխանցելով կոլեգաների մտահոգությունը՝ կապված իր առողջականի հետ, Կ. Դուրգարյանի արձագանքն այսպիսին էր. «Կյանքը շարունակվում է, կեցցե դասական արվեստը… Առաջիկայում Գերգիեւի հրավերով Մարիինյան թատրոնում կղեկավարեմ Վերդիի «Աիդա», «Տրուբադուր» օպերաները… Գերգիեւի հրավերները հաղթանակ են, այն էլ՝ ոչ միայն իմը: Ամեն ինչի համար շնորհակալ եմ Երեւանի կոնսերվատորիայի դասախոսներիս»:
Անդրադառնալով «Սայաթ-Նովայի» նախապատրաստական աշխատանքներին, Դուրգարյանը նշեց, որ արդյունավետ ու հետաքրքիր փորձեր են ընթանում: Օպերայի երաժշտությունն էլ այնքան գունեղ է, որ դիրիժորը համոզված է, թե հանդիսատեսը պրեմիերայից հետո էլ, ինչը նախատեսվում է հոկտեմբերին, բաց չի թողնի եւ ոչ մի ներկայացում:
Արվեստագետին փոխանցեցինք ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանի՝ վերջերս մեր օրաթերթին տված հարցազրույցի այն մասը, թե ցանկալի էր, որ մինչ «Աիդա» բեմադրելը Երեւանի թատրոնը իր խաղացանկում ունենար անհամեմատ քիչ ծախսատար մոցարտյան օպերաներից, որոնք հնարավորություն կտային երիտասարդ երգիչներին ավելի հաճախ բեմ դուրս գալ… «Հասմիկ Պապյանը, ինչպես յուրաքանչյուր ոք, իրավունք ունի սեփական կարծիքը բարձրաձայնել… Թատրոնն էլ ունի իր կարծիքը: Թատրոնի տեսակետն այն է, որ հենց հիմա է պետք «Աիդա» բեմադրել: Ի դեպ, էքսպերիմենտ չենք անում: Այս օպերայի կայացումը կլինի հեղափոխական քայլ: Նշեմ, որ իտալացի ճանաչված բեմադրիչ Մարիո Կորրադին գոհ է ընթացող փորձերից»,- նշեց դիրիժորը:
«Առավոտի» տեղեկություններով, վերջին շրջանում թատրոնը ցնծության մեջ է՝ «գտնվել» է տենոր, ինչի դեֆիցիտ մշտապես եղել է: Ասում են՝ նույնիսկ Սայաթ-Նովայի դերերգի համար դիմել են Գեղամ Գրիգորյանին… «Ունենք հրաշալի երիտասարդ տենորներ, որոնք փորձում են Սայաթի դերերգը: Ալեքսանդր Հարությունյանի դուստրը՝ Նարինեն, վերջերս ներկայացրեց Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, պոլսահայ տենոր Պողոս Եղիազարին, ով ունի գեղեցիկ տեմբր: Նա նույնպես փորձում է Սայաթ-Նովայի դերերգը…»,- ասաց Կ. Դուրգարյանը: Հետաքրքրությանը, թե պրեմիերային ո՞վ կերգի, նա ձեռնպահ մնաց պատասխանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել