Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրանալ ուրիշի վաստա՞կը

Սեպտեմբեր 09,2010 00:00

Մի փոքր պատմություն

Շենգավիթի բնակատեղին պատմության եզակի հուշարձան է ոչ միայն իր հնությամբ՝ կյանքն այնտեղ սկիզբ է առել Քրիստոսի ծննդից առաջ V հազարամյակում, այլեւ շարունակականությամբ՝ տեղաբնիկներն այնտեղ ապրել են նաեւ Ք.ծ.ա. IV եւ III հազարամյակներում, հին տների հիմքերի վրա կառուցելով նորերը՝ գոյացնելով հնագիտական չորս շերտ: Շենգավիթի առաջին պեղումները 1936 թվականին սկսել է Եվգենի Բայբուրդյանը, շարունակելով մինչեւ 1938թ., երբ «ժողովրդի թշնամի» մեղադրանքով բանտարկվեց եւ աքսորում մահացավ:
Ցավոք, Եվգ. Բայբուրդյանը չհասցրեց նույնիսկ տպագրել պեղումների մասին իր աշխատությունը, ձեռագիրը պահպանվում է Հայաստանի պետական արխիվում:
1958 թվականից Շենգավիթում պեղումներ սկսեց հնագետ Սանդրո Սարդարյանը եւ շարունակեց մինչեւ 1983 թվականը՝ ղեկավարելով նախ Հայաստանի գիտությունների ակադեմիայի, ապա՝ Երեւանի պետական համալսարանի գիտական արշավախմբերը: Հայտնաբերվեցին բացառիկ արժեքավոր նյութեր: 6000 տարի առաջ ապրած մեր նախնիները կրողն էին բարձր մշակույթի:
Շենգավիթի գիտական պեղումների արդյունքները Ս. Սարդարյանն ամփոփեց 1967 թվականին հրատարակված 39,7 մամուլ ծավալով «Նախնադարյան հասարակությունը Հայաստանում» գրքում: Հաջորդ՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» 63,5 մամուլ ծավալով գիտական աշխատությունը լույս տեսավ միայն 2004 թվականին՝ հեղինակի մահից ինը տարի անց, Երեւանի պետական համալսարանի հրատարակչության ջանքերով, Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության մեկենասությամբ: Այդ գրքում Շենգավիթի նյութերը համադրվում էին ե՛ւ Հայաստանի տարածքում հեղինակի պեղած համաժամանակյա բնակավայրերի նյութերի, ե՛ւ աշխարհում հայտնի այլ հնավայրերի նյութերի հետ:
2000 թվականից Շենգավիթում պեղումներ է իրականացնում Հակոբ Սիմոնյանը, որը նաեւ մշակույթի նախարարությանը կից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենն է:

Հիշողության կորուստ
Ամեն տարի պեղումների ընթացքում հեռուստատեսությամբ, մասամբ նաեւ մամուլով, ի լուր աշխարհի պարոն Հ. Սիմոնյանը հայտարարում է, որ Եվգ. Բայբուրդյանի՝ 1936-1938 թթ. պեղումներին հաջորդած երկարատեւ ընդմիջումից հետո ինքն է սկսել պեղումները՝ ուրանալով Ս. Սարդարյանի 25 տարվա վաստակը:
Ավելորդ չէ նշել, որ Մուշի հովտի, Վանի, Մալաթիայի, Խարբերդի, Պարսկահայքի հին բնակավայրերի ուսումնասիրություններից հետո Չարլզ Բարնեյը եւ Դեյվիդ Մարշալ Լանգը «շնորհակալությամբ օգտագործելով» Ս. Սարդարյանի Շենգավիթի եւ Շրեշ-բլուրի պեղումների արդյունքները, դեռեւս 1971 թվականին Լոնդոնում հրատարակել են «Հին Արարատը եւ Կովկասը. բլուր-բնակատեղիների բնակիչները» գիրքը:
Անկեղծ ասած, իմ խնդիրը մասնագիտական պարզաբանումները չեն, այլ, թող բարձրագոչ չհնչի, արդարության վերականգնումը:
Հայաստանի պատմության պետական թանգարանում Շենգավիթի՝ զարմանք ու հիացմունք առաջացնող կարասները, գործիքները, արձանիկները, դամբարանից գտնված ոսկյա եզակի զարդերը Ս. Սարդարյանի պեղումների գտածոներն են: Տարբեր տարիների Ս. Սարդարյանը Հայաստանի պատմության պետական թանգարանին է հանձնել 715 առարկայից բաղկացած հնագիտական իրերի հավաքածուներ: Դույզն- ինչ կասկած չունեմ, որ պարոն Սիմոնյանը ժամանակի ընթացքում կավելացնի իր 12 գտածոն:
Այսօրվա դրությամբ, սակայն, Շենգավիթի թանգարանում էլ ցուցադրվում են մեծամասամբ Ս. Սարդարյանի հայտնաբերած նյութերը՝ կավե ամանեղեն, օջախներ, մարդկանց եւ կենդանիների արձանիկներ, գործիքներ, զենքեր, հացահատիկի մնացորդներ, Շենգավիթի հնագույն բնակչի վերականգնված գլուխը, տարբեր տարիների բացված տների եւ տնտեսական կառույցների հատակագծերը:
Դարձյալ չեմ կասկածում, որ հետազոտվելուց հետո այնտեղ կհանգրվանեն նաեւ Հ. Սիմոնյանի եւ վերջին տարիներին Շենգավիթում պեղումներ իրականացնող ամերիկացի հնագետ Միտչել Ուորենի հայտնաբերած նյութերը: Բայց առայժմ թանգարանում եղածը կապվում է մի մարդու անվան հետ, որին շատ են ցանկանում մոռանալ:
Մի անգամ էլ հեռուստատեսությամբ երիտասարդ մի հնագետ պատմում էր Հայաստանում՝ Արագածում եւ Արտին լեռան վրա նախամարդու գոյության եւ անընդմեջ բնակության մասին, այդպես էլ չնշելով, որ այդ հայտնագործությունը կատարել է Ս. Սարդարյանը՝ 1940-ական թվականներին, երբ դեռ ինքը չէր ծնվել:
Ստացվում է, որ գիտական շրջանառությունից աշխատում են դուրս թողնել այն ամենը, ինչն իրենց անվան հետ չի առնչվում:
Միշտ միամտորեն մտածել եմ, որ նույն գործին ծառայող մարդիկ պետք է տարրական հարգանք դրսեւորեն միմյանց նկատմամբ: Ծնկաչոք, դանակով ու խոզանակով աշխատող հնագետի գործը թեթեւ չէ, պարոն Սիմոնյանը դա չի կարող չիմանալ: Գուցե ասածս ժամանակավրեպ է, բայց տվյալ դեպքում խոսքը նույնիսկ գիտական բարեխղճության մասին չէ, այլ՝ մարդկային տարրական բարոյականության: Ի դեպ, Ս. Սարդարյանի շնորհիվ է, որ Շենգավիթի բնակավայրը ցայսօր պահպանվել է. հնավայրում 6-րդ հիվանդանոցի կառուցումից հետո նախատեսված էր կառուցապատել ողջ 6 հեկտար տարածքը: Այդ նախաձեռնության դեմ Հայաստանում բազմաթիվ անարդյունք բողոքներից հետո Ս. Սարդարյանը մեկնեց Մոսկվա, դիմեց Քաղբյուրո եւ միայն Պոսպելովի միջամտությունից հետո ԽՍՀՄ կառավարության որոշմամբ մեր հուշարձանը մեզնից փրկեցին:
Միտչել Ուորենը հեռուստատեսային ելույթում պատմում էր, որ ինքը պեղումներ է կատարել աշխարհի շատ երկրներում, բայց երբ ծանոթացել է Շենգավիթի հետ, իրեն թվացել է, որ այստեղից է սկսվում մարդկային քաղաքակրթությունը:
Պարտքս համարեցի հանդիպել նրան, պեղումների ավարտից մի քանի օր առաջ էր: Ամերիկացի հնագետն ասաց, որ Պետական արխիվում գտել է Եվգ. Բայբուրդյանի ձեռագիրը, սակայն Ս. Սարդարյանի ձեռագրերից ոչ մի տող չի հայտնաբերվել: Տեղեկացված չէր, որ ձեռագրերը հրատարակված են: «Հայաստանը քաղաքակրթության օրրան» գրքին ծանոթ չէր: Նվիրեցի: Շատ ուրախացավ, անընդհատ անգլերեն ու հայերեն շնորհակալություն էր հայտնում:
Միամտություն է կարծել, որ Հ. Սիմոնյանը գրքի գոյության մասին չգիտեր: Հեռախոսով ինձնից է հետաքրքրվել, թե ինչպես ձեռք բերի, ես էլ առաջարկել եմ դիմել Պետական համալսարանի հրատարակչությանը:
Մ. Ուորենն ասաց, որ առաջիկայում Շենգավիթի մասին գիրք է գրվելու: Առաջին գլուխը նվիրվելու է Եվգ. Բայբուրդյանի պեղումներին եւ քանի որ արդեն իր ձեռքին են Ս. Սարդարյանի նյութերը, երկրորդ գլխում կանդրադառնան նրա պեղումներին, ապա՝ իրենց:
Պատմությունը, թվում է, այստեղ պետք է ավարտվեր, սակայն չի կարելի չանդրադառնալ հուշարձանի այսօրվա վիճակին:

Ինչպես ենք պահպանում
Քուռ-Արաքսյան մշակույթի
նշանավոր հնավայրը

Շենգավիթի հնագույն բնակավայրի տարածքում Երեւանի 6-րդ հիվանդանոցը կառուցելուց հետո, հայտնվել է նաեւ պոլիկլինիկան՝ շուրջը տնկված ծառերով, որ հիմա պարզապես աղբանոց է, բենզալցակայան: Տարածքում նաեւ հողեր են զավթել, ծիրանի ծառեր են տնկել, շուն են պահում…
Որ այստեղ նշանավոր պատմական հուշարձան է, ոչ մի կերպ հնարավոր չէ իմանալ: Չկա ոչ մի ցուցանակ, ոչ մի նշում: Բնակավայրի միայն մի փոքր հատվածն է ցանկապատված՝ հիվանդանոցի բակի կողմից, մնացածը բաց է՝ քամիների, անտունների, կենդանիների առջեւ: Շները հիվանդանոցի աղբարկղից աղբը քարշ են տալիս, լցնում հազարամյա տների հիմքերի մեջ: Պարզ չէ, թե որն է հուշարձանի մուտքը: Նաեւ լուսավորություն չկա:
Թող ներվի ասել՝ ողբալի վիճակում է Շենգավիթի փայտաշեն թանգարանը: Սակավաթիվ աշխատակիցները սեփական ուժերով փորձում են ներկել, նորոգել, բայց շատ վաղուց մեծ, քարաշեն թանգարանի շենքի կարիք կա: Թանգարանում չկան հեռախոս, ջուր, ջեռուցում: Ողջ տարածքում չկա սանհանգույց: Թանգարանը չունի բանվոր, հավաքարար: Նման թանգարանով ներկայացնել հուշարձանը՝ քաղաքակիրթ ազգին վայել չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել