Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամատիկ ելքով երկու հանդիպում

Սեպտեմբեր 09,2010 00:00

Մեծ ֆուտբոլի երեկոն՝ մեր հավաքականների մասնակցությամբ

\"\"

Մեկ երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականները 4 միավոր վաստակեցին: Միջազգային ասպարեզում, պաշտոնական հանդիպումներում, այն էլ՝ արտագնա, նման «շռայլությունների» հայկական ֆուտբոլը, ցավոք, այնքան էլ սովոր չէ: Մինչդեռ, ամբողջ վեց միավոր վերցնելու հիանալի հնարավորություն ունեինք:
Երեկոյի սկիզբն ազդարարեց երիտասարդական հավաքականը: Ֆլեմինգ Սերիցլեւի ղեկավարությամբ մեր պատանիները վերջին հանդիպումն էին անցկացնելու: Մի խաղ, որի արդյունքը պայքարը շարունակելու ոչ գործնական եւ ոչ էլ տեսական որեւէ շանս չէր ընձեռում: Այն ընդամենը հրաժեշտ էր մարզչին, թիմի անդամներից շատերին, ովքեր արդեն հաջորդ ընտրափուլում հնարավորություն չեն ունենա հանդես գալ երիտասարդական հավաքականում: Իսկ հաղթանակը մրցակիցներին օդ ու ջրի պես էր անհրաժեշտ: Երեք միավորը վրացիներին ապահովում էր 2-րդ հորիզոնականը խմբում:
Վրացիները մի շարք առավելություններ ունեին մերոնց հանդեպ. խաղ՝ սեփական հարկի տակ, մեկ ամիս առաջ Երեւանում 3:2 հաշվով տոնած հաղթանակ, մրցակցի կազմի էական փոփոխություններ՝ պայմանավորված ազգային թիմի խաղով եւ էլի ու էլի՝ մոտիվացիաներ: Բայց երեկոն մերն էր՝ հայկական գույներով ներկված: Խաղի հիմնական ժամանակում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրելով՝ մրցավարի ավելացրած չորս րոպեների ընթացքում Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու անգամ տանտերերին ստիպեց հուսահատության ճիչ արձակել ու գնդակը դուրս բերել սեփական դարպասից: Նախ՝ Արտակ Դաշյանը 35 մետրից հեռահար ու գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, ապա Վալտեր Պողոսյանը ոչ պակաս տպավորիչ գոլի հեղինակ դարձավ՝ սառը ցնցուղ ուղղելով վրացի թե՛ ֆուտբոլիստների ու թե՛ մարզադաշտում հավաքված երկրպագուների վրա: Այս ամենն էլ մրցավարի եզրափակիչ սուլիչի հետ մեկտեղ վրացիների կրքերի բորբոքման ու արմունկների օգնությանը դիմելու պատճառ դարձավ: Բայց անգամ դա արդեն ի զորու չէր փոխել հանդիպման հաշիվը՝ 2:0, հաղթանակը մերն է: Սա գեղեցիկ ավարտ էր Սերիցլեւի հայաստանյան կարիերայի ու այս թիմի՝ հաճելի ու տհաճ անակնկալներով լեցուն մրցափուլի, որը մեկնարկել էր չորս անընդմեջ պարտություններով: Այդ պարտություններին հաջորդեցին երեք անընդմեջ հաղթանակն ու մի ոչ-ոքի: Հետո ցավալի պարտությունն էր նույն վրացիներից՝ Երեւանում ու վերջին նոտան՝ այս ռեւանշային հաղթանակը, որ մեզ մեծ հաշվով ոչինչ չտվեց: Ոչինչ, բացի ամենակարեւորից՝ հույսից, որ մի գեղեցիկ օր հանդիպման ավարտին մեր ազգային հավաքականն էլ մրցակիցներին կոտրած տաշտակի առջեւ կկանգնեցնի, ու հաղթանակն էլ հայոց եռագույնով կներկվի:
Մի օր… Իսկ այսօրը ու երեկը, որ դեռ իրադարձությունների տրամաբանության անբաժանելի կապով են շղթայված, վերջին րոպեներին հաղթանակն ի վիճակի են բաց թողնել ձեռքից… Մակեդոնիայի ազգային թիմի հետ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտված հանդիպումն էլ դրա վառ ապացույցն է: Ընդամենը հինգ օր առաջ ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի մեկնարկային խաղն իռլանդացիների հետ հերթական անգամ ցույց տվեց՝ մրցափուլը նոր է, իսկ ակնկալիքներն ու առկա խնդիրները՝ հին: Խնդիրները մի քանի օրում, իհարկե, չլուծվեցին, ու ոչ էլ ակնկալիքները էապես փոխվեցին, բայց ակնհայտ էր. Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյեում շատ ավելի վճռական էր գործում, քան Երեւանում: Անհնար էր երբեմն չնկատել մեր ֆուտբոլիստների անհատական վարպետության պակասն ու թիմային խաղի տարրական ցուցանիշների հաճախ հանդիպող բացակայությունը, բայց փոխարենը՝ նկատվում էր նյութականանալուն ձգտող հաջողության մեծ ցանկություն: Թերեւս, դա էր պատճառը, որ երկու անգամ մեր ազգային թիմը արտագնա խաղում կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել: Նախ, առաջին խաղակեսում հավաքականի կազմում իր առաջին ու այս մրցափուլում մեր թիմի անդրանիկ գոլը խփեց դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ցավոք, խփված գնդակի ուրախությունը հայ երկրպագուները շատ կարճ վայելեցին. ընդամենը մեկ րոպե անց Ջուրովսկին հավասարեցրեց հաշիվը: Հաջորդ գնդակին ֆուտբոլասերները ստիպված էին սպասել ամբողջ հիսուն րոպե: Մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակի առաջին րոպեին հստակ կողմնորոշվեց Էդգար Մանուչարյանը՝ օգտվելով մակեդոնացիների անփույթ գործողություններից՝ պաշտպանությունում ու վարպետորեն գնդակն ուղարկելով դարպասը. «Այաքսում» անցկացրած տարիները, այնուամենայնիվ, իրենց դրոշմը թողել են երիտասարդ ֆուտբոլիստի գործելաոճի ու խաղային որակների վրա: 2:1, ու թվում էր, թե հաղթանակը մեր ձեռքերում է, միայն պետք է դիմանալ եւս երեք րոպե: Էլի չստացվեց: Լրացուցիչ ժամանակի մարող վայրկյաններին Արարատ Առաքելյանը սեփական տուգանայինում ձեռքով խաղաց, ինչը չվրիպեց մրցավարի աչքից: 11 մետրանոցն իրացնելիս չվրիպեց նաեւ Իլչո Նաումոսկին:
Սա այն դեպքն էր, երբ մեր արդարացիորեն վաստակած հաղթանակը բառի բուն իմաստով հենց մեր ձեռքով հանձնեցինք մրցակցին: Ու դժվար է ասել՝ Հայաստանի ընտրանին մեկ միավո՞ր վաստակեց, թե՞, այնուամենայնիվ, երկուսը կորցրեց: Ո՞վ գիտի՝ գուցե հենց այս երկու միավորը մեկ տարի հետո շատ հիշենք… Հույսը վերջինն է մեռնում, մանավանդ՝ գեղեցիկ հույսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել