Լրահոս
Օրվա լրահոսը

…Հայկականության պահպանման միակ նշանը՝ «կարմիր խնձորը»

Սեպտեմբեր 09,2010 00:00

Ըստ ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանի՝ հայկական հարսանիքներում ամեն ինչ փոխվել է:

\"\" \"\"

«Հայկական հարսանիքներում ամեն ինչ փոխվել է՝ քավորի դերը, ծիսակատարությունները միայն հեռավոր գյուղերում են մասամբ պահպանում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: Նա անդրադարձավ հայկական ամուսնության, հարսանեկան ավանդույթներին: Խոսելով հեթանոսական շրջանի հայկական ամուսնություններից՝ նշեց, որ այդ շրջանում ամուսնությունները խարսխված էին ազատ սիրո հենքի վրա:
Ըստ բանախոսի՝ «հեթանոսական շրջանի հայկական ամուսնությունների մասին շատ բան հայտնի չէ, քանի որ հայ պատմիչները՝ հեթանոսական սովորույթները քրիստոնեական տեսանկյունից գտնելով ոչ հարիր, ձգտել են շրջանցել: Մենք պատմական մի վիթխարի դարաշրջանի վերաբերյալ ունենք կցկտուր հաղորդումներ, այն էլ օտար աղբյուրներից»:
Անդրադառնալով ժամանակակից հայկական ամուսնություններին՝ նա ցավով նշեց, որ չնչին արարողություններ ու ավանդույթներ են պահպանվել. հին ավանդույթներից կիսով չափ պահպանվել է քավորի սովորույթը, բայց դերը փոխվել է. «Վերջերս Իջեւանում հարսանիքի քավոր էի: Հարսին հորական տնից դուրս հանելիս սկսեցին ճանապարհները փակել նույնիսկ տրակտորներով ու ձիերով: Փակելու հետ մեկտեղ ամենուրեք պահանջում էին դրամական վարձատրություն: Դա գալիս է անցյալի սովորություններից: Ես, բնականաբար, տեղյակ այդ ամենից, նախապես պատրաստվել էի եւ հանուն քավորի պարտականությունների եւ պատվի եւ արժանապատվության, բոլոր արգելքներում էլ տվեցի պահանջվելիք գումարը: Սա սովորույթ է, իսկ ի՞նչ վատ է, որ կա եւ գործում է: Կուզենայի, որ մեր հարսանիքները ծիսական հարուստ արարողություններով լինեին: Սա հասարակական բարոյական պատասխանատվության մի պարտավորություն է, որ զգաստացնում է խնամիներին»:
Ազգագրագետը պահպանված, բայց կրկին վերափոխված ավանդույթ համարեց օժիտը, որը հարսանեկան արարողակարգի  բաղկացուցիչ մասերից է: Հարցին, ճի՞շտ է, արդյոք, բոլորի ներկայությամբ բացահայտ եւ թվաքանակով ներկայացնել օժիտի պարունակությունը, պարոն Նահապետյանն ասաց. «Օժիտի սովորույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ հասարակությունը դասակարգայնացման ենթարկվեց եւ առաջացան սեփական մասնավորություններ: Ամուսնությունը եւս դարձավ դրա բաղադրիչներից մեկը: Նախկինում ինչպիսին տնտեսական հարաբերություններն էին, այդպիսին էլ պետք է լինեին հասարակական հարաբերությունները: Այն ժամանակ, որ ցույց էին տալիս 12 բաժին սպիտակեղեն, 12 բաժին կանացի ներքնազգեստ եւ այլն, այդ ամենը ներկայիս իրականությանը բնականաբար համահունչ չէ: Անգամ սազական էլ չէ, որ աղջիկներն այդպիսի մտածելակերպ ունենան: Հիմա այնքան են մեծացել օժիտի ծավալները, որ նախկին 12 բաժիններն այլեւս ասելիք չունեն»:
Անդրադառնալով կուսության խնդրին եւ առաջին ամուսնական գիշերից հետո սկեսուրի՝ նորապսակների ննջարան մտնելուն եւ սավանը ստուգելուն, ազգագրագետը վերջինը միակ պահպանված եւ հայեցի ավանդույթ համարեց. «Դա հայկականության պահպանման միակ նշանն է եւ միջոցը: Թե գյուղերում, թե քաղաքում սկսեսուրի համար դա իր կյանքի ամենաերջանիկ պահն է, երբ պարզ ճակատով հարեւաններին, բարեկամներին եւ բոլորին ցուցադրում է իր հարսի մաքրությունն ու տղայի ճիշտ ընտրությունը, այսինքն, թե ինչ ընտանիքից է իրենց հարսը դուրս եկել: Իսկ այն արարողությունը, որ կազմակերպեցին երիտասարդները՝ «կարմիր խնձորի հուղարկավորությունը», կարծում եմ՝ ազգային հայկական արմատների կործանում է, ոտնահարում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել