Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ «ԱՐՄԱՏՆԵՐԸ»

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Դիմակահանդես երեւույթը ծնունդ է առել Վենետիկում. դեռեւս 1094թ. քաղաքապետ Դոժ Վիտալե Ֆալիերոն պաշտոնական փաստաթղթերում ներմուծեց «դիմակահանդես» բառը: Ոմանց կարծիքով՝ վերջինիս ստուգաբանությունը գալիս է իտալերեն «carnis laxatio» կամ «carnasciale»՝ «հրաժարվում եմ մսից» արտահայտությունից, ինչը պայմանավորված էր Մեծ Զատիկից առաջ միս չուտելու սովորությամբ: Այսօր դիմակահանդեսը զերծ է ամեն տեսակ կրոնական ավանդույթներից եւ լոկ ուրախ ու շքեղ տոնախմբության է վերածվել: Իսկ ահա մարդկանց մեկ այլ խումբ էլ կարծում է, որ «կառնավալ» \"\"տերմինի նախահայրն է լատիներեն «carrus navalis»-ը, որը կարելի է հասկանալ որպես զվարճանքի անիվ, տոնական խրախճանքների, փողոցային տոնական երթերի եւ թատերական խաղերի ամբողջություն: Թե որքանով են այս վարկածները համապատասխանում իրականությանը, չգիտենք, սակայն 1296թ. Վենետիկի հանրապետության Սենատը Մեծ Պահքին նախորդող օրը հռչակեց որպես տոնական: Այդ օրվանից սկսած՝ սկիզբ առավ դիմակահանդեսային տոնախմբությունների «հասարակական հաշվարկը»:
XV դարի կեսերից մինչեւ XVI դարի վերջը դիմակահանդեսների կազմակերպմամբ զբաղվում էր Compagni di Calze – երիտասարդ բարձրաշխարհիկների միաբանությունը, որի անդամները միմյանցից տարբերվում էին իրենց գուլպաների գույներով: Հանրապետության անկումից հետո՝ XIX դարում, Վենետիկը դադարեցրեց դիմակահանդեսների կազմակերպումը: Այդ հիրավի գունեղ ավանդույթը վերականգնվեց միայն 1979թ.: Վենետիկյան դիմակահանդեսը կազմակերպվում է Զատիկից քառասուն օր առաջ՝ «մարդի գրա» օրը (ֆրանսերեն mardi gras- մեղա գալու օր), սակայն մասսայական հանդիսությունները սկսվում են դրանից երկու շաբաթ առաջ՝ այն բանից հետո, երբ քաղաքի Սան Մարկո կոչվող կենտրոնական հրապարակի վրայով թեւածում է աղավնին: Վաղնջական ժամանակներից դիմակահանդեսի բացման օրը զանգակատունը եւ հարակից հրապարակը միացնող ճոպանի վրայով կալանավոր էր անցնում եւ հրապարակի վրա վարդի թերթիկներ էր թափում: Եվ եթե դժբախտը կես ճանապարհին ցած էր ընկնում, ապա համարվում էր, որ գալիք տարին վատն է լինելու, իսկ եթե, պատահաբար, ճոպանով հասնում էր վերջնակետին, նշանակում էր՝ տարին խոստումնալից պետք է լինի: Ժամանակի հետ կալանավորին փոխարինելու եկան ակրոբատները, այնուհետեւ՝ արհեստական փայտե աղավնիները, որոնք, ճոպանի կեսին հասնելով, բացվում էին եւ վարդի թերթիկներ շաղում հրապարակի վրա: 2001թ. վենետիկցիները ցանկություն հայտնեցին վերականգնելու այդ հիրավի գեղեցիկ ավանդույթը, եւ արհեստական աղավնու փոխարեն կրկին ճոպան բարձրացավ հրեշտակի զգեստ հագած ակրոբատը:
Ընդհանրապես, դիմակահանդեսները թատրոններում, մեծ հյուրանոցներում, սրճարաններում եւ փոքրիկ խաղատներում իրականացվող ներկայացումներ են, ուր համընդհանուր տոնական մթնոլորտ է տիրում, որտեղ հասարակ մարդիկ միաձուլվում են բարձրաշխարհիկ հասարակությանը, եւ դիմակների ներքո դժվար է հասկանալ, թե ով՝ ով է: Ամենուր պարողներ եւ աճպարարներ են, թխվածքներ ու խորոված խնձոր վաճառողներ, կատակերգու դերասաններ եւ օձ վարժեցնողներ: Քաղաքի հրապարակներում կազմակերպվում են պատմական նշանակության համերգներ եւ հրավառություններ: Դիմակահանդեսի ժամանակ գինին եւ երաժշտությունը գետի պես «հոսում» են, թատրոններում խաղում են դիմակահանդեսային ներկայացումներ, հին դղյակներում ընտրյալ հասարակության համար դիմակահանդեսային պարահանդեսներ են կազմակերպվում: Ըստ practik.am-ի՝ Վենետիկյան դիմակահանդեսի ամենատեսարժան իրադարձությունը Մեծ ջրանցքով անցնող զարդարված գոնդոլների «շքերթն» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել