Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ 10 ՏԱՐՈՒՑ

Սեպտեմբեր 16,2010 00:00

1998–ից Եվրոպայում սկսված եւ բավականին մեծ հաջողությամբ տարածված ԵՄ Թվինինգ (երկվորյակ) ծրագիրը, որը նախորդ տարվանից սկսել է իրականացվել նաեւ Հայաստանում, իրենից ներկայացնում է երկու երկրների՝ մեկը շահառու, օժանդակության կարիք ունեցող (տվյալ դեպքում՝ խոսքը Եվրոպական հարեւանության եւ գործընկերության երկրների մասին է, այդ թվում՝ Հայաստանի), մյուսը՝ ԵՄ անդամ պետության գերատեսչությունների միջեւ համագործակցություն:
Ներկայումս Հայաստանում իրականացվում է երկու Թվինինգ՝ մեկը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, մյուսը՝ էկոնոմիկայի նախարարության: Դա նշանակում է, որ 2 տարով այս հիմնարկներում կաշխատեն ԵՄ անդամ երկրների համանման հիմնարկի աշխատակիցներ եւ կօգնեն մերոնց՝ մշակել համապատասխան օրենքներ, մոտարկել դրանք եվրոպական օրենսդրությանը եւ այլն: Կոնկրետ մեր 6 տարվա կենսագրություն ունեցող Օմբուդսմենի գրասենյակում ներկայումս աշխատում են Իսպանիայի՝ 40 տարվա եւ Ֆրանսիայի՝ 25 տարվա պատմություն ունեցող Օմբուդսմենների գրասենյակների աշխատակիցներ: Եվս երեք Թվինինգներ՝ Քաղավիացիայի, ՏՄՊՊՀ-ի եւ վիճվարչության պատրաստած ծրագրերը գտնվում են պայմանագրերի մշակման եւ հաստատման փուլում: Եվս 8 գերատեսչություն նախապատրաստում է նոր Թվինինգներ: Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ կողմից. ԵՄ-ն է հոգում ռեզիդենտ-խորհրդատուի՝ ՀՀ գալու, 2 տարվա ընթացքում նրա եւ նրա ընտանիքի կեցության, աշխատավարձի ծախսերը. ՀՀ բյուջեի վրա դա որեւէ ձեւով չի ծանրանում: Յուրաքանչյուր Թվինինգ  արժենում է գրեթե 1մլն եվրո:
Երեկ այս ամենի, ինչպես նաեւ ԵՄ-ի՝ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության մյուս գործիքների՝ Թայեքսի, Սիգմայի եւ Անդրսահմանային համագործակցության մասին ԶԼՄ-ների համար նախատեսված սեմինարի ժամանակ պատմեցին այդ գործիքների համակարգումն ապահովող, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ծրագրերի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանը, «Աջակցություն ՀՀ-ում Թվինինգ եւ Թայեքս ծրագրերի կառավարման գործակալությանը» ծրագրի ղեկավար Պատրիկ Մունիե-Լոմպառեն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Թվինինգի ռեզիդենտ-խորհրդատու Անտոնիո Մորան: «Առավոտի» հարցին՝ ԵՄ-ն վերահսկո՞ւմ է ՀՀ-ում Թվինինգների իրականացման ընթացքը եւ ի՞նչ արդյունք է գրանցել, պարոն Մունիե-Լոմպառեն պատասխանեց, որ տարին մեկ անգամ մոնիտորինգ են անում: Մեր Թվինինգների մեջ թերություններ գտել են, բայց դա կապվել է այն բանի հետ, որ մեզ մոտ Թվինինգը  առաջին անգամ է արվում: Նա ասաց, որ առնվազն տասը տարի պետք է մոտ 50 Թվինինգներ լինեն մեր նախարարություններում, որպեսզի հասարակության համար տեսանելի արդյունք լինի: Իսկ պարոն Մորային ՀՀ-ում ամենից շատը զարմացրել էր դեպի ժողովրդավարություն տանող ուղու երկարությունը, ինչը հատուկ է հետխորհրդային երկրներին: «Իմ երկիրը՝ Իսպանիան, երկարաժամկետ դիկտատուրա է տեսել, բայց հետո ընդամենը 4-5 տարի պետք եղավ, որ հասնենք ժողովրդավարությանը, իսկ ձեզ մոտ 20 տարին էլ չի հերիքում»,- նկատեց Պաշտպանի գրասենյակում մի քանի ամիս անցկացրած ռեզիդենտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել