Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՅԻ» ՏՂԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Պլովդիվում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:
Երրորդ տուրում, ցավոք, «Mika Yerevan»-ի աղջիկները համառ պայքարում 1,5:2,5 հաշվով տանուլ տվեցին Վրաստանի «Samaia Tbilisi» թիմին: Առաջին խաղատախտակի առջեւ Էլինա Դանիելյանը զիջեց Մայա Չիբուրդանիձեին, Լիլիթ Մկրտչյանը (3-րդ խաղատախտակ)՝ Նինո Խուրցիձեին: Մեր թիմի հնդիկ անդամ Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի արեց Սալոմե Մելիայի հետ, իսկ միակ հաղթանակը Բելա Խոթենաշվիլու նկատմամբ տոնեց Լիլիթ Գալոյանը: Այս հակամարտությունում հետաքրքիրն այն է, որ մեր երկու առաջատարները պարտվեցին տարբեր տարիներում «Mika» ակումբի իրենց թիմակիցներին:
Չորրորդ տուրից առաջ, որում մեր աղջիկների մրցակիցը Սերբիայի «BAS Beograd»-ն էր, «Mika» աղջիկների թիմը 4,0 թիմային միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական:
Հակառակ աղջիկների, «Mika»-ի տղաները շարունակում են հաղթարշավը: Նրանք երրորդ տուրում առավելության հասան «St. Peterburg Chess Club»-ի նկատմամբ: Ու այդ հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց: Մեր թիմին հաղթական միավորը պարգեւեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լեւոն Արոնյանը՝ պարտության մատնելով աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Վասիլի Իվանչուկին: Իսկ Վլադիմիր Հակոբյան-Պյոտր Սվիդլեր, Գաբրիել Սարգսյան-Նիկիտա Վիտյուգով, Արման Փաշիկյան-Սերգեյ Մովսիսյան, Հրանտ Մելքումյան-Զահար Եֆիմենկո, Տիգրան Պետրոսյան-Վադիմ Զվյագինցեւ զույգերը բաժանվեցին խաղաղ ձեռքսեղմումներով:
Տղամարդկանց պայքարում երեք տուրից հետո միայն հինգ ակումբ է թիմային հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվել, որոնց մեջ է նաեւ երրորդ տեղում ընթացող «Mika Yerevan»-ը:
Երեկ՝ Եվրոպայի ակումբային առաջնության չորրորդ օրը Լեւոն Արոնյանի գլխավորած թիմն ուժերը չափում էր առաջատարի դերն ստանձնած Բոսնիա եւ Հերցեգովինայի «Bihac CK» ակումբի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել