Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԷԼԻ՝ ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"Մարզային հեռուստաալիքների դեպքում էլ է նախապես որոշված եղել,
թե ով է մասնակցելու կամ ով չի մասնակցելու արտոնագրման մրցույթներին: Ուղղակի այս անգամ սա պատճառաբանվում է բիզնես շահերով, որոնցից, ըստ ՀՌԱՀ նախագահի, բխում է՝ ՀՀ-ում կարող են գործել 5-6 հեռուստաընկերություն:

Նոյեմբերի 3-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լսելու է թվային հեռարձակման ցանցի միջոցով 7 մարզերում եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների հայտերը: Եվս 3 մարզերի համար մրցույթների հայտերն արդեն լսվել են հոկտեմբերի 28-29-ին:
Մարզային մրցույթների մասնակիցների վերաբերյալ ՀՌԱՀ կայքէջում հրապարակված տեղեկություններն ապացույց են՝ բացարձակ ճշգրտությամբ կրկնվել է այն պատկերը, որը առկա էր նաեւ հանրապետական եւ մայրաքաղաքային հեռարձակման համար մրցույթներում: Այն է՝ մարզային 10 մրցույթներից 8-ին մասնակցում են մեկական մասնակիցներ, եւ միայն 2-ի դեպքում կա իրական մրցակցություն: Բնականաբար՝ այդ 2-ից մեկը Գյումրիի «Գալա»-ն է, որի մրցակիցը «Ցայգ»-ն է: Իսկ երկրորդ մրցակցությունը Կոտայքի մարզում է՝ «Աբովյան» եւ «Հրազդան» ալիքների միջեւ:
Սակայն եթե հանրապետական եւ մայրաքաղաքային մրցույթների հետեւանքով աննշան փոփոխություններով պահպանվելու է ներկա պատկերը, մարզային հեռուստաընկերությունների պարագայում փոփոխությունները շատ ավելի զգալի են: Ներկայացնենք մարզ առ մարզ:
Տավուշի մարզում հեռարձակվում են տեղական 3 հեռուստաընկերություններ (այս եւ հետագա տվյալները գործող դեցիմետրային եւ մալուխային ընկերությունների մասին ՀՌԱՀ կայքից են)՝ «Քամուտ»-ը, «Իջեւան»-ը եւ «Այրում»-ը: Սակայն նրանից եւ ոչ մեկը չփորձեց հեռարձակվել թվային ցանցով: Եվ հոկտեմբերի 28-ին իր հայտը ներկայացրեց նոր «Տավուշ ՏՎ»-ն:
Լոռու մարզում հեռարձակման արտոնագիր ունի 8 ընկերություն, որոնցից են մասնագիտական բավական բարձր մակարդակ ունեցող «Լոռի Թի-Վի»-ն, «Անկյուն+ 3»-ը: Սակայն մրցույթին երեկ իր հայտը ներկայացրեց միակ մասնակիցը՝ «Ֆորտունա» ընկերությունը:
Երեկ հայտ ներկայացրեց նաեւ «Գեղամա մեդիա հոլդինգ» նորաստեղծ ՍՊԸ-ն, որը հավասար բաժնեմասերով միավորել է Գեղարքունիքի մարզում առկա 6 հեռուստաընկերություններից 3-ին՝ Սեւանում գործող «STV1»-ին, Մարտունիում գործող «Զանգակ»-ին եւ Գավառում գործող «Քյավառ»-ին: Նշենք, որ մնացած 3-ը, որոնց շարքում մեզ հատկապես խոստումնալից թվաց «Քյավառի հույս» անվանումը՝ գերազանցապես մալուխային են:
Արարատի մարզի 3 ընկերություններից մրցույթին մասնակցում է միայն մեկը՝ «Տելելեքս»-ը: Մյուս երկուսն էլի մալուխային են:
Արմավիրի մարզի 4 գործող հեռուստաընկերություններից՝ «ԱԼՏ», «Էջմիածին», «Նոյ-Հայաստան» եւ «Թեւ», եւ որեւէ մեկը հայտ չի ներկայացրել՝ մասնակցելու մրցույթին: Միակ մասնակիցը «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ն է, որի հետեւում, ըստ որոշ տեղեկությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:
Վայոց ձորի մարզում թեեւ հեռարձակման արտոնագիր ունի Եղեգնաձորի «Ձորի կանչ» ՍՊԸ-ն, սակայն այն չի իրականացնում հեռարձակում: Եվ այն, որ հիմա նոր՝ «Արփաինֆորմ» ՍՊԸ-ն է մասնակցում մրցույթի, հնարավորություն կընձեռի լրացնել այդ բացը:
Կոտայքում առկա հեռուստաընկերությունները 9-ն են, որոնց շարքում խիստ խոսուն անվանումներ կան, ինչպիսիք «Բարգավաճող ցանցեր» եւ «Հեռատես» մալուխային հեռարձակում իրականացնողներն են: Նրանք, Չարենցավանի «Լուսալիքը» եւ մնացածը հեռատեսորեն չեն մասնակցում այս մրցույթին, որն ունի 2 մասնակից: Շիրակի մարզում 4 տեղական հեռուստաընկերություններից 2-ն են մասնակցում մրցույթին:
Սյունիքում թվային հեռարձակում կիրականացնի միայն «Սոսի» հեռուստատեսությունը: Մնացած 7-ը՝ Կապանի «Խուստուփ ԹԻՎԻ»-ն, Քաջարանի «Կապուտջուղ»-ը, «Ագարակ ՏՎ»-ն եւ այլք՝ ձեռնպահ մնացին մրցակցությունից:
Եվ վերջապես՝ Արագածոտնի մարզում հեռարձակում իրականացնելու հայտ է ներկայացրել միայն «Երեւան մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ն: Աշտարակում գործող երկու մալուխային հեռուստատեսությունները չեն էլ փորձել մրցակցել նրա հետ:
Փորձեցինք զրուցել հայտ չներկայացրածներից ոմանց հետ, սակայն հրապարակման համար անվանական մեկնաբանություններ ստանալու մեր ջանքերն էլ էին ապարդյուն, ինչպես ավելի վաղ չէին հաջողվել «Ա1+»-ի համանման փորձերը: Այսուհանդերձ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի անցումային դրույթների համաձայն՝ մարզային հեռուստաընկերությունների անալոգային արտոնագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Ուստի, բնականաբար, չեն ցանկանում առաջիկայում էլ հարաբերություններ փչացնել ՀՌԱՀ-ի հետ: Իսկ հենց վերջինս է զգալի դեր ունեցել, որ մարզային որոշ ալիքներ կա՛մ հայտեր չներկայացնեն, կա՛մ թեկուզ ներկայանան միավորված:
Վերջին տարբերակն ընտրած ու «Գեղամա մեդիա հոլդինգ»-ի միջոցով մրցույթին մասնակցող «Զանգակ» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Երանոսյանն «Առավոտին» ասաց. «Սա, կարծում եմ, ամենալավ ճանապարհն էր տարածաշրջանային հեռուստատեսությունների համար: Մարզային դառնալով՝ մենք ավելի հզորանում ենք, ավելի մեծանում, հեռուստատեսային բիզնեսը մեզ մոտ կդառնա ավելի նման բիզնեսի»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է բացատրում, որ մարզերում գործող շատ հեռուստաընկերություններ չփորձեցին անգամ թվային հեռարձակման հնարավորություն ստանալ՝ նա պատասխանեց. «Բացատրում եմ նրանով, որ ընդհանրապես՝ այս պարագայում մարզային ալիք ստեղծելը կապված է բավական մեծ ֆինանսական ծախսերի հետ: Մեր շատ գործընկերների հարցրել ենք՝ ոչ ոք չի ուզում մտնել բավական մեծ ծախսերի տակ, քանի որ տեսնում են՝ Հայաստանի մարզերում գտնվող փոքր հեռուստաընկերությունները չեն կարող լինել շատ արդյունավետ բիզնես»:
Համանման պատասխան տվեց նաեւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մեր հարցին, թե ինչպես է բացատրում, որ մրցութային այս ողջ գործընթացը վերածվեց գերազանցապես իմիտացիայի՝ իր մեկական, արդեն իսկ հաղթած մասնակիցներով. «Ես հարցը դիտարկում եմ այս համատեքստում՝ ինչո՞ւ դաշտում չկար մեծ ակտիվություն՝ մասնակցելու հեռուստատեսային մրցույթներին: Դժվար թե Հայաստանում որեւէ մեկը հայտարարի, թե ցանկություն է ունեցել մասնակցելու եւ իր առջեւ խոչընդոտներ են հարուցվել: Մասնակցել են այնքանը, որքանը ցանկություն են ունեցել զբաղվել հեռուստատեսային գործունեությամբ: Իսկ թե ինչու են քիչ՝ պատճառն, ըստ իս, հետեւյալն է: Ակնհայտ է, որ հեռուստատեսային գործունեությունը, զուտ հեռանկարայնության իմաստով, գրավիչ չէ, քանի որ փոքր է գովազդային մեր պաշարը, որը պետք է կենսական միջավայր դառնա հեռուստաընկերությունների գործունեության կենսապահովման համար: Սա է, որ պակաս գրավչություն եւ պակաս հետաքրքրություն է առաջացրել այդ ոլորտում ներդրումներ անելու համար: Իսկ նախկինում կար մոտեցում, թե հեռուստաընկերությունը շատ շահութաբեր գործունեության տեսակ է եւ արժե ներդրումներ կատարել այս դաշտում: Այդ պատճառով 2002-2003-ի մրցույթների մասնակիցները շատ էին: Հետո կյանքը ցույց տվեց, որ դրանցից շատերը մղվեցին դեպի լուսանցք, ու հասկացան, որ որպես ձեռնարկատիրություն՝ հեռուստատեսությունը գրավիչ չէ: Իսկ այն ժամանակ մարդկանց թվում էր, թե դա «առատության եղջյուր» է՝ հեռուստաընկերություն կհիմնադրեն ու կապրեն երջանիկ: Կյանքը ցույց տվեց, որ այդպե՛ս չէ՝ այդ դաշտը չի՛ կրում այդքանին ու հիմա էլ է ծանրաբեռնված: Մեր եթերում կարող է գործել 5-6 հեռուստաընկերություն՝ ո՛չ ավելին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել