Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՎԱՆՏԱԿԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Նոյեմբեր 04,2010 00:00

ՀՀ նախագահի մրցանակի «առյուծի բաժինը» «Քվանտ»  վարժարանի շրջանավարտներինն է

\"\"

Օրերս ՀՀ տարբեր բուհերի 25 ուսանողներ եւ ավագ դպրոցների 12 աշակերտներ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի պարգեւներ: 2008-ին ՏՀՏ ոլորտում նախագահի մրցանակի արժանացավ 5 «քվանտական» սան, 2009-ին՝ 7-ը: Այս տարի 25 մրցանակակիրներից 9-ը «Քվանտ» վարժարանի շրջանավարտներ են: «Առավոտի» հետ զրույցում վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն այս մասին ասաց. «Սա խոսում է այն մասին, որ մենք ռեպետիտորությամբ չենք զբաղվում, այլ լուրջ կրթություն ենք տալիս, ինչի արդյունքում մեր շրջանավարտները փայլում են: Եթե այս տարվա ցուցանիշները վերցնենք, կտեսնենք, որ մրցանակակիրների 28-30 տոկոսը «Քվանտի» շրջանավարտներն են, որոնք այսօր տարբեր բուհերի ուսանողներ են»: Մեր այն հարցին՝ արդյո՞ք գիտության ոլորտում հաջողություն դրսեւորած երիտասարդներն այսօր, ինչպես որ հարկն է, խրախուսվում են, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Մեր երկրում կրթությամբ հետաքրքրված մարդկանց հնարավորությունը դա է: Սակայն մյուս կողմից կարծում եմ՝ նախագահի մրցանակը շատերի համար տրամպլին է իր մասնագիտության ոլորտում առաջ գնալու համար»:
«Առավոտը» զրուցեց «Քվանտի» մրցանակակիրներից մի քանիսի հետ: Լեւոն Ավանեսյանն այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է: Նախագահի մրցանակ է ստացել «Լավագույն աշակերտ» անվանակարգում: Լեւոնին հարցրինք՝ արդյո՞ք գիտության ոլորտի մրցանակակիրների խրախուսանքը բավարար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ սպորտի ոլորտի դափնեկիրներին, որպես խրախուսանք, բնակարաններ, հազարավոր դոլարներ են նվիրում: Նա պատասխանեց. «Դեռ բավարար չէ, լավ կլիներ, որ ծրագրեր լինեին, որոնք երիտասարդներին հնարավորություն կտային արտասահմանում սովորելու՝ այն պայմանով, որ հետո գային Հայաստան եւ աշխատեին»: Մեր այն դիտարկմանը՝ «Լույս» հիմնադրամն այդ գործով է զբաղված, Լեւոնը պատասխանեց. «Այդ հիմնադրամին այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ այն ամբողջությամբ չի հոգում ուսման վարձը: Այնինչ, արտասահմանում նման ծրագրերը ամբողջությամբ հոգում են երիտասարդի ուսման վարձը»:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, «Քվանտ» վարժարանի շրջանավարտ, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Զատրչյանը եւս արժանացել է «Լավագույն աշակերտ» անվանակարգում ՀՀ նախագահի 1-ին կարգի մրցանակի: Զրուցակիցս իր ապագան տեսնում է հայրենիքում, սակայն նաեւ նշում. «Բայց հայրենիքում կան խնդիրներ, որոնց հետ դժվար է համակերպվելը: Օրինակ՝ այն, որ ցանկանում են 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին զորակոչել բանակ»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Արփի Դիլանչյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ «Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում: Հետաքրքրվեցինք՝ Իրանում ծնված ուսանողուհին գո՞հ է հայաստանյան կրթահամակարգից: Նա պատասխանեց. «Բոլորովին գոհ չեմ, տեսական գիտելիքները շատ են, գործնական կիրառությունները՝ քիչ: Այդ պատճառով էլ աշխատաշուկայում մեր տեղը չենք գտնում»: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս Կառլեն Մադոյանն էլ խրախուսանքի մասին նշեց. «Համենայնդեպս, վատ չէ, բայց սուտ կլինի ասել, թե շատ լավ է: Լավ կլիներ այնպիսի պայմաններ ստեղծվեին, որ եթե մարդ ուզում է գիտությամբ զբաղվել, կարողանա դա անել, թե չէ՝ այժմ գիտությամբ զբաղվողը կամ պիտի ապահովված լինի, կամ մի կերպ հարմարվի սուղ ապրելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել