Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչով են զբաղվում ոստիկանները

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\"Կամ ներկայացում-անտրեպրիզա՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների մատուցմամբ

Նոյեմբերի 24-ին Երեւանի պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Արհեստական արբանյակ» ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացում-անտրեպրիզան դրամատիկական թատրոնի հետ որեւէ կապ չունի: Ներկայացման նախաձեռնողը, պրոդյուսերն ու ռեժիսորը նույն մարդն է՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերական ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ֆրունզե Գեւորգյանը: Ասենք նաեւ, որ թատրոնի դահլիճը Ֆ. Գեւորգյանը վարձակալել է սեփական ուժերով: Նա սովորում է Մայիս Ռաֆայելյանի արվեստանոցում: Հիշեցնենք, որ անցյալ տարի աշնանը Ֆրունզեն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում ներկայացավ «Կապտուկներ հոգուն» ռեժիսորական դեբյուտով:
Ըստ մեր զրուցակցի, վերոնշյալ ներկայացումը բեմադրվել էր կանանց իրավունքների կենտրոնի պատվերով, ուստի առաջնախաղը տեղի ունեցավ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին՝ կանանց հանդեպ կիրառվող բռնության դեմ միջազգային օրը:
«Երբ առաջին բեմադրությունս էի անում, մի փոքր վախ կար իմ մեջ: Դա պատասխանատու քայլ էր, բայց միեւնույն ժամանակ՝ հաճելի… Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում դիմել ռիսկի: Ինձ թվում է` ամեն ինչ պետք է լավ ստացվի: Եվ այդպես էլ եղավ առաջին ներկայացման ժամանակ, թեեւ կարծիքները առաջնախաղից հետո տարբեր էին: Գտնվեցին մարդիկ, որոնք շատ հավանել էին ներկայացումը եւ կային մարդիկ, որոնց բացարձակ այն դուր չէր եկել»,- ասաց Ֆ. Գեւորգյանը:
Ֆ.Գեւորգյանը հավելում է, որ ինքն արդեն երկրորդ անգամ է համագործակցում Դօրիան կեղծանունով սկանդալային համբավ վայելող հեղինակի հետ:
«Դօրիանը իմ համադասարանցին է: Որպես անձ՝ նրան ոչ ոք չգիտի: Նրա պիեսները տարածված են համացանցում, բայց գրքային տարբերակով չկան: Նրա ստեղծագործությունների մեջ ես ինչ-որ հետաքրքիր բան եմ տեսնում: Նա բարձրաձայնում է այնպիսի հարցեր, որոնց մասին ընդունված չէ խոսելը, իսկ նա համարձակ է ու դա ինձ գրավում է»,- նշում է Ֆ. Գեւորգյանը:
Խոսելով «Արհեստական արբանյակ» ներկայացման մասին, Ֆ. Գեւորգյանն ասում է, որ հեղինակի այս պիեսն էլ բավական համարձակ է: Այն, ըստ զրուցակցի, երկու գործողությամբ ռոմանտիկ կատակերգություն է:
«Մեր ներկայացման մեջ չկան գռեհիկ արտահայտություններ, որոնք առկա են այսօր սերիալներում: Չենք հրաժարվել բաց տեսարաններից, իհարկե, ամեն ինչ չափի մեջ է: Չեմ սիրում գռեհկություն թատրոնում: Թեպետ բաց տեսարանները Դօրիանի մոտ բավականին շատ են: Պիեսի հեղինակը մեծ դժվարությամբ է համաձայնում այս կամ այն տեսարանը փոխելու հետ»,- նշում է մեր զրուցակիցը:
Հարցին` ինչը կզարմացնի հանդիսականին, բացի բաց տեսարաններից, Ֆ. Գեւորգյանը պատասխանում է. «Չեմ ցանկանում բացել չակերտները: Միայն մի գաղտնիք ասեմ՝ թերեւս բավական անսպասելի կլինի Ոստիկանի կերպարը: Հանդիսականը կիմանա, թե ինչով են զբաղվում ոստիկանները… Ոչ, ոչ, որեւէ վիրավորական բան չեք տեսնի: Կարծում ենք, եթե ոստիկաններ էլ գան ներկայացումը դիտելու՝ չեն նեղվի»:
Ֆ. Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ ներկայացմանը մասնակցում են Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողներ Արմինե Գաբրիելյանը, Հայկ Ստեփանյանը, Նարեկ Մանուչարյանը եւ Ալլա Բունիաթյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հեշտ է Ֆ. Գեւորգյանին աշխատել հասակակիցների հետ:
«Այո, բավականին հեշտ է: Չգիտեմ, կկարողանա՞մ այդպես հեշտ աշխատել ինձնից տարիքով մեծ դերասանների հետ»,- անկեղծացավ Ֆ. Գեւորգյանը: Իսկ ներկայացման գլխավոր հերոսներից մեկը` ուսանող Հայկ Ստեփանյանը, ավելացրեց. «Ես սովորում եմ ռեժիսուրայի բաժնում եւ առաջին անգամ եմ բեմ բարձրանալու՝ որպես դերասան: Հետաքրքիր էր աշխատել երիտասարդ կոլեկտիվում: Փորձերին չէինք վախենում կարծիք հայտնել»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել