Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԸ ԿՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՆ

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"«Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի (նկարում) դեմ կատարված հարձակումը հաստատում է Ռուսաստանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների միտումը: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, ասված է ԵԱՀԿ-ի ու ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործերի հետաքննությունը մինչեւ վերջ տանելու՝ ՌԴ իշխանություններին հասցեագրված պահանջին միացել են նաեւ միջազգային իրավապաշտպան Amnesty International եւ Freedom House կազմակերպությունները: Վերջին օրերին Ռուսաստանում հարձակումների են ենթարկվել նաեւ մերձմոսկովյան «Ժուկովսկիե վեստի» թերթի թղթակից Անատոլի Ադամչուկն ու «Սարատովսկի ռեպորտյոր» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Միխայլովը: Երկու դեպքում էլ տուժողները չեն բացառում, որ հարձակումները կապված են իրենց մասնագիտական գործունեության հետ:
Ինչ վերաբերում է «Կոմերսանտի» լրագրողին, ապա Կաշինը ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 6-ի գիշերը, Մոսկվայի իր տան մոտ: Նա ենթարկվել է մի քանի վիրահատությունների եւ հիմա արհեստական կոմայի վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Իրավապահները ուսումնասիրում են դեպքի վայրի մոտ տեղադրված 13 տեսախցիկների նյութերը: Հետաքննիչների կարծիքով, լրագրողի վրա հարձակման պատճառը, ըստ ամենայնի, նրա «մասնագիտական գործունեությունն ու անձնական քաղաքացիական դիրքորոշումն է եղել, որը Կաշինը հայտնել է իր ինտերնետ-բլոգում»:
Երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վստահեցրել է, թե Օլեգ Կաշինին ծեծի ենթարկած մարդիկ կգտնվեն: «Ես տպավորություն ունեմ, որ դա ընդհանուր բնույթի քրեական հանցագործություն չէ: Դատելով ձեռագրից՝ սովորաբար այդպես դրամապանակ չեն գողանում»,- հայտարարել է նախագահ Մեդվեդեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել