Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական կինոյի շաբաթ եւ ցուցահանդես

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-13-ը Երեւանում առաջին անգամ կազմակերպել է ժամանակակից իտալական կինոյի շաբաթ:
Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին օրերս կայացած կինոցուցադրության բացման ժամանակ ասաց, որ ընտրված 6 ֆիլմերը ներկայացնում են իտալական ժամանակակից հասարակությունն ու նրա խնդիրները: Բ. Սկապինին հավելեց նաեւ, որ կինոյի շաբաթը Հայաստանի համար պատուհան է դեպի իտալական մշակույթ:
Ֆիլմերը իտալերեն-անգլերեն ենթագրերով են: Յուրաքանչյուր դիտումից առաջ ֆիլմը հայերեն կմեկնաբանի արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը:
Նախքան բացման արարողությունը՝ Համազգային թատրոնի ճեմասրահում ցուցադրվեց հայտնի քանդակագործ, «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանների, Երեւանում ամենամեծ ջազվեի եւ մի շարք այլ քանդակների հեղինակ Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» խորագիրը կրող քանդակների շարքը, որտեղ արվեստագետը ներկայացրել էր 21 աշխատանք: Այն բավականին տպավորիչ էր:
Դավիթ Մինասյանը աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում որպես նկարիչ, այժմ Համազգային թատրոնի գլխավոր նկարիչն է:
«Առավոտի» հետ զրույցում Դ. Մինասյանը ասաց, որ իր համար կարեւոր է ցուցահանդեսով ներկայանալը: Առաջին ցուցահանդեսը եղել է Երգի պետական թատրոնում, երրորդը՝ ՄԱԿ-ի գրասենյակում: «Յուրաքանչյուր արվեստագետի հետաքրքիր է կարծիքներ լսել իր աշխատանքի մասին: Դա կլիներ մեծամտություն, սնոբիզմ, եթե ասեի՝ ինձ չեն հետաքրքրում ուրիշների կարծիքները»,- նշեց Դ. Մինասյանը:
Հարցրինք՝ ինչպե՞ս է քանդակագործը բաժանվում իր քանդակներից եւ պատրա՞ստ է դրանք երբեմն նվիրել: «Պահը գիտի… Սովորաբար՝ դժվար եմ բաժանվում: Մյուս կողմից՝ յուրաքանչյուր գործ ինքնուրույն օրգանիզմ է եւ պետք է ունենա իր պատմությունն ու ճակատագիրը: Երբեք չի լինում այնպես, որ քանդակներս իրար կողքի ապրեն նույն սրահում»,- եզրափակեց Դ. Մինասյանը:
Հավելենք, որ նրա ցուցահանդեսը կտեւի մինչ նոյեմբերի 13-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել