Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ընդդիմությունը դժգոհ է միջազգային կառույցներից

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Ադրբեջանում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելություն իրականացրած խմբի ղեկավար Օդրի Գլովերը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների՝ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի (նկարում) եւ «Ադրբեջանի ազգային ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի հետ: Ինչպես փոխանցում է APA-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների, դրանց արդյունքների առնչությամբ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման հետ կապված հարցեր: Ադրբեջանցի ընդդիմադիրները ԵԱՀԿ ներկայացուցչին որոշ առարկություններ են ներկայացրել՝ կապված ընտրություններին վերջիններիս վերաբերմունքի հետ:
Ադրբեջանական ընտրություններին անդրադառնալով՝ «Ազատություն» ռ/կ-ն փոխանցում է, թե Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը քննադատել է այդ ընտրությունները: ԵՄ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում Էշթոնը, վկայակոչելով միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ընդգծել է, որ թեեւ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում, եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները մասնակցել են քաղաքական գործընթացին, սակայն դա «ընդհանուր առմամբ բավարար չէր երկրի ժողովրդավարական զարգացման մեջ նշանակալի առաջընթաց արձանագրելու համար»: Քեթրին Էշթոնը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել շտկել մատնանշված թերությունները, ակտիվացնել ջանքերը ժողովրդավարական սկզբունքներին եւ մարդու իրավունքներին առնչվող իրենց միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
Պաշտոնական Բաքուն իր հերթին «ափսոսանք եւ տարակուսանք» է հայտնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախօրեին տարածած հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ ընտրությունները «միջազգային չափանիշներին համապատասխան չեն անցկացվել»: Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարել է, թե «այս կամ այն երկրում անցկացված ընտրությունների գնահատման ժամանակ, որպես կանոն, Պետդեպարտամենտի հայտարարությունը արմատապես չի տարբերվում դրանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տված գնահատականից», բայց կոնկրետ դեպքում, Բաքվի գնահատմամբ, Պետդեպի հայտարարությունում հղում է արված ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ առաքելությունների եզրակացության վրա, որտեղ «Պետդեպի կողմից տրված նման գնահատական չկա»: Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը վստահեցրել է, թե «ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը պետության գլխավոր նպատակն է», եւ որ իշխանությունները «լրջորեն կուսումնասիրեն ընտրական գործընթացում դիտարկված որոշ թերություններ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել