Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սայլակով ճամփորդը

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Սպորտային սայլակի մարզիկ, նախկին «Կամք» հաշմանդամների միության նախագահ 42-ամյա Հովհաննես Լոլոյանը՝ չորս երեխաների հայրը, երկար տարիներ զբաղվում է սպորտով: Նրա խոսքով, սայլակն իրեն չի խանգարում, ավելին՝ օգնում է հաջողությունների հասնել սպորտում: Այս մտքով էլ մարզիկ Հովհաննեսը ժամանակին սայլակով Գյումրիից մինչեւ Հունաստան՝ Աթենք, 2300 կմ-ն հաղթահարեց միայնակ:
«Առավոտի» հետ զրույցում նա պատմեց. «2004 թվականի հունիսի 11-ին իրականացրի գերմարաթոն՝ Գյումրի-Աթենք: Այսինքն՝ օլիմպիական խաղերի նախաշեմին, որպես խաղաղության դեսպան, խաղաղության ուղերձով յոթ երկրներով այդ տարածությունն անցա 40 օրում՝ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուկրաինա-Ռումինիա-Բուլղարիա-Հունաստան: Այդ ամբողջ ընթացքում ինձ ուղեկցել է մեքենա, որի վրա եղել է հայկական եռագույնը, իսկ ամեն քաղաքով անցնելիս մեզ միացել է եւս մեկ մեքենա, որի վրա էլ եղել է տվյալ պետության դրոշը: Դրոշները հենց այնպես ընտրված չէին. դրանք համերաշխության խորհուրդ ունեին: Ամեն երկրում, ամեն քաղաք անցնելիս ուղերձներ էի բաժանում մարդկանց, հանդիպում տեղի իշխանություններին, սպորտի ղեկավարներին, հայկական համայնքներին»:
Թե ի՞նչ արձագանքներ են եղել եւ ինչպե՞ս են օտարազգիներն ընդունել սպորտային սայլակի հայ վարպետին, գյումրեցի մարզիկն ասաց. «Եվրոպայում գտնվելուս ժամանակ, ամբողջ ճանապարհին անցնող-դարձող մեքենաները կանգնում էին, զարմացած նայում: Չգիտեմ ինչ էին մտածում, բայց նրանց դեմքերը զարմանք էին արտահայտում: Մեքենաների մեծ մասն ինձ շրջանցում եւ ճանապարհի վերջին հատվածում կանգնում ու սպասում էր: Երբ մոտենում էի՝ մարդիկ իջնում եւ ծափահարում էին: Ամբողջ ճանապարհորդությունս լուսաբանվում էր տվյալ երկրի հեռուստատեսությամբ: Քանի որ այդ ամենն օլիմպիադայի նախաշեմին էր, բուլղարացիներին, չգիտես ինչու, թվացել էր, թե օլիմպիական ջահն ենք տանում… Հունաստանի գյուղերից մեկում մի մեքենա կտրեց ճանապարհս: Դե քանի որ գյումրեցի եմ, սայլակս էլ գյումրվա համարներով է, ինչպես մեքենայի համարները: Մեքենայից մի տղա իջավ, մոտեցավ ինձ, հայերեն հարցրեց՝ ով ես, թույլ տուր դրոշդ համբուրեմ: Ասացի՝ լեննականցի տղա եմ, Լեննականից քշելով եկել-հասել եմ այստեղ… Նա ուրախացավ ու մեր բարբառով ասաց. «Մենակ լեննականցիքս ըսպես բան կենեինք»: Ինձ ցնցեց Աթենքը: Քաղաքի մեջ 23 կմ ինձ ուղեկցեցին ոստիկանության մոտոցիկլետները՝ ազատելով ճանապարհս:
Սայլակս ճանապարհի զառիվայրով ներքեւ՝ մինչեւ 90 կմ/ժ արագություն է բացում, երբ բաց եմ թողնում ձեռքերս: Հույն ոստիկանների համար դա անակնկալ էր: Երբ մի անգամ սայլակս այդպես մի քանի րոպեում ետ թողեց ոստիկանական շքախմբին, նրանցից մեկը մոտեցավ ու ապշած հարցրեց. «Հիմա մե՞նք ենք քեզ ուղեկցում, թե՞ դու մեզ…»:
Ըստ գյումրեցի մարզիկի. «Այստեղից ինձ աջակցում էր ԱԳՆ-ն: Ամեն երկրով անցնելիս, արտգործնախարարության նախաձեռնությամբ, հանդիպումներ էի ունենում հայկական համայնքների հետ: Ինձ դիմավորում էին արդեն նախապես տեղյակ լինելով, թե որտեղ եմ, երբ եմ հասնելու: Ամեն տեղ հարցնում էին՝ դժվար չի՞»:
Հ. Լոլոյանը պատմում է, թե համոզվելու համար, որ ողջ ճանապարհն ինքն անցնում է սեփական ուժերով, հաճախ ճանապարհին՝ թփերի, ծառերի տակից օպերատորներ էին դուրս թռչում եւ նկարահանում. «Նրանց թվում էր, թե հենց հիմա կբռնացնեն ինձ մեքենայի մեջ եւ կխայտառակեն, չեղյալ կհամարեն մարաթոնս, բայց չէր ստացվում»:
Յոթ երկրով անցնելով՝ գյումրեցի մարզիկը չի սահմանափակվել: «2006-ին Գյումրիից Շուշի եւս մի մարաթոն անցկացրի: Այս անգամ արդեն ավելի կազմակերպված ստացվեց երթս, քանի որ միայնակ չէի: Ինձ միացան նաեւ հայ երգիչ-երգչուհիները, որոնք ինձ հետ քայլերթով Գյումրիից Շուշի հասան 10 օրում: Շուշիի քայլերթը միասնության խորհուրդ ուներ, միասնության կամուրջ էր խորհրդանշում: Իմ ուղեւորությունների մասին ԱՄՆ-ում գտնվելուս ժամանակ՝ Լոս Անջելեսում, Գլենդելում եւ Հոլիվուդում հինգ հեռուստաընկերություններ լուսաբանեցին՝ ինձ տարբեր հաղորդումների հյուր հրավիրելով»:
Հ. Լոլոյանը տեղեկացրեց, որ շուտով լույս է տեսնելու իր Գյումրի-Աթենք եւ Գյումրի-Շուշի մարաթոների մասին պատմող DVD տեսասկավառակ. «Քանի որ իմ ճանապարհորդության մասին մեծ ցանկություն ունեմ ամբողջ աշխարհին պատմել, որոշեցի այդ ամենը մեկ սկավառակի մեջ ընդգրկել՝ «Հովհաննես Լոլոյան. խաղաղության դեսպան» խորագրով: Իմ 40-օրյա մարաթոնի ողջ ճանապարհը տեսագրված է. դա անում էին թե տվյալ երկրների հեռուստաընկերությունները, թե ինձ ուղեկցող մեքենան՝ որպես ապացույց, որ ես ոչ մի տեղ կանգ չեմ առել, անձրեւին, ցրտին՝ մեքենայով չեմ շարունակել ճանապարհս: DVD-ի հայերեն տարբերակը կա: Շուտով լույս կտեսնեն նաեւ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն տարբերակները: Այդ հարցում ինձ աջակցել է Գագիկ Ծառուկյանը: Ճիշտ է, նրան մեծ դժվարությամբ հանդիպեցի, բայց նա օգնեց սկավառակի թարգմանություններն ու տարածումն իրականացնել: Այսուհետեւ, հաշմանդամների միջազգային օրերին, մարդու իրավունքների, կամքի ուժի, հասարակությանն ինտեգրվելու հետ կապված ծրագրերում այդ տեսասկավառակով հանդես կգամ, որ աշխարհն իմանա հայի, Հայաստանի մասին, որ մենք էլ այսպիսի տղաներ ունենք: Ես թեկուզ եւ սայլակի վրա եմ, բայց դա ինձ համար սպորտ է եւ այնպիսի դժվարություններ եմ հաղթահարել, որ ոտքով մարդը չի կարողանա»:
DVD-ի թարգմանված տարբերակի շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում: Այդ առիթով Հ. Լոլոյանն ասաց. «Թարգմանված տարբերակը նախատեսված է միայն օտարազգիների համար: Առաջիկայում բարեգործական ծրագրերով պետք է մեկնեմ Ռուսաստան, որտեղ հանդիպելու եմ հայկական համայնքի հետ: Համայնքի համար նախատեսել եմ միայն հայերեն տարբերակը: Եվ ընդհանրապես՝ այն երկրում, որտեղ կլինեմ, հայերին կտամ միայն հայերեն տարբերակով տեսասկավառակ: Սա եւս նպատակային է, որպեսզի դրսում գտնվող հայերը ավելի շատ շփում ունենան հայոց լեզվի հետ, լիովին չձուլվեն օտար լեզվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել