Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 19-րդ առաջնություն. վարագույրն իջեցված է

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"

Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը ձեւական բնույթ էր կրում, թեեւ դեռ վերջնականապես տրված չէր գլխավոր՝ չեմպիոնության հարցի պատասխանը: «Փյունիկն» ու «Բանանցը» առաջինը ճանաչվելու համար հեռակա մրցամարտը վարելու էին հարյուրավոր կիլոմետրերի վրա: Մինասյանի սաները «Հրազդան» մարզադաշտում հանդիպելու էին «Կիլիկիայի», իսկ Կուզմանոսկու սաներն Իջեւանի «Արնար» մարզադաշտում մրցելու էին «Շիրակի» հետ: Չեմպիոնության երկու հավակնորդների մրցակիցներն էլ, մեղմ ասած, առաջնությունը տապալած թիմեր էին, ուստի՝ մրցաշարային աղյուսակում փոփոխությունը քիչ հավանական էր, ինչն էլ ապացուցեց 28-րդ տուրը:
Հայաստանի չեմպիոնը 10-րդ տարին անընդմեջ «Փյունիկն» է, «Բանանցի» ատամների սրությունն էլ հերթական անգամ բավարարեց միայն երկրորդը լինելուն ու մինչեւ վերջին տուրերը ինտրիգ պահպանելուն: Բայց դա չափազանց քիչ էր՝ առանց այն էլ միապաղաղ ընթացք ունեցող առաջնությունում բազմազանություն մտցնելու համար:
19-րդ առաջնությունն էլ՝ ինչպես նախորդները, «բացահայտեց» թիթեռնիկի հաջողություն ունեցող մեկ-երկու թիմի, հաստատեց մեկ-երկուսի կատարյալ անմրցունակությունը ու ամենակարեւորը՝ հերթական անգամ տվեց հայկական ֆուտբոլի ոչ սփոփող ախտորոշումը. չեմպիոնական բնավորություն այսօր մեր ֆուտբոլում ունի միայն «Փյունիկը»: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել «Փյունիկի» հիմնական մրցակիցների սայթաքումները՝ տեղին ու անտեղի: Միայն չեմպիոնական բնավորություն ունեցող թիմը կարող էր գրեթե ողջ առաջնության ընթացքում զիջելով՝ այնուամենայնիվ, ետ բերել կորցրածը: Շատերը կրկին մեջ կբերեն այս ակումբի՝ ՀՖՖ կողմից «արտոնյալ» լինելու եւ ազդեցիկ ղեկավարության փաստարկը, բայց չէ՞ որ մերօրյա Հայաստանում, այսպես թե այնպես, ֆուտբոլային ակումբները ոչ ազդեցիկ անձանց ձեռքերում չեն հայտնվում: Ուստի միամտություն կլինի պայմանավորել հաջողությունները բացառապես այս պատճառաբանությունով: Ի վերջո, առերես հանդիպումներում էլ նորընծա ու հին չեմպիոնը բազմիցս ցուցադրել է իր խաղային առավելությունն ու մարզական կամքը: Ու պատահական չէ նաեւ, որ առաջնության երկու ռմբարկուները 16-ական գնդակներով հենց փյունիկցի են՝  Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին: Իհարկե, անվերջ կարելի է վիճել  այն մասին, որ առաջնության մեծ մասը մրցաշարային աղյուսակը գլխավորում էր «Բանանցը», բայց փաստը մնում է փաստ՝ այս թիմը չկարողացավ կենտրոնանալ այն պահերին, երբ իրենից դա առավելագույն չափով էր պահանջվում («Փյունիկի» հետ գավաթի եզրափակիչ խաղում, սուպերգավաթում, ինչպես նաեւ առաջնության չորրորդ շրջանի՝ «Փյունիկի» հետ որոշիչ խաղում), չկարողացավ նաեւ խուսափել անսպասելի սայթաքումներից (պարտություններ ու ոչ-ոքի՝ «Ուլիսի», միավորների կորուստ՝ «Շիրակի» հետ խաղերում…): Արդյունքն էլ համապատասխան առավելագույն՝ երկրորդ հորիզոնականն էր:
Երրորդ տեղը նախորդ տուրում  նվաճած «Ուլիսը»  կարողացավ ներդնել իր ներուժի առավելագույնը, իսկ ահա մրցաշրջանի մեկնարկից առաջ չեմպիոնական ամբիցիաներ ու նաեւ՝ համապատասխան ռեսուրսներ ունեցող «Միկան» կատարելապես ձախողվեց այս առաջնությունում՝ չնայած մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում իր համար բաղձալի տեղն էր գտել մրցաշրջանի սկզբում: Բայց տարօրինակ զուգադիպությամբ այդ իրադարձությանը հաջորդեցին «Միկայի» նախագահի պաշտոնանկությունը, կադրային փոփոխությունները թե ակումբում, թե թիմում, որին զուգահեռ՝ խաղային անկում գրանցվեց: Այնպես որ, զբաղեցրած չորրորդ հորիզոնականը միայն նվաճում կարող է գնահատվել, այն էլ՝ պայմանավորված առաջնության, մեղմ ասած, ողբերգական տեսքով ու կազմով:
Առաջնության նորեկ «Իմպուլսը», ինչպես եւ կանխատեսում էին մասնագետները մրցաշրջանից առաջ, տեղ գտավ հնգյակում՝ եզրափակելով այն: Սակայն թարմ շունչ դիլիջանցիներն այդպես էլ չբերեցին բարձրագույն խումբ՝ տեղ զբաղեցնելով միջակների ցուցակում: Այնտեղ «Իմպուլսին» ընկերակցեց Կապանի «Գանձասարը», որը թեեւ ամբողջ 10  միավոր զիջում է դիլիջանցիներին, սակայն ցուցադրած ֆուտբոլի որակով առանձնապես չի տարբերվում Սուքիասյան-Գյուլբուդաղյանցի  թիմից:
Նախավերջին հորիզոնականում հանգրվանած «Կիլիկիան» մեկնարկային տուրերում տոնած երկու անընդմեջ հաղթանակների շնորհիվ, թերեւս, ապահովեց իր 7-րդ հորիզոնականը՝ նախ զարմացնելով, ապա կրկին հիասթափեցնելով իր սակավաթիվ երկրպագուներին: Ինչպես եւ նախորդ մրցաշրջաններում՝ 2010-ին «Կիլիկիան» նույն անդեմ ու անատամ ֆուտբոլն էր ցուցադրում՝ հանդես գալով «միավորներ բաժանողի» դերում: Իսկ 19-րդ առաջնությունում դրա լավագույն դերակատարը «Շիրակն» էր: Գյումրիի՝ կործանման եզրին հայտնված ակումբը հովանավորների բացակայության պատճառով անգամ պատրաստվում էր դուրս գալ առաջնությունից, քանի որ ոչ միայն աշխատավարձերի, այլեւ՝ մրցավայրի մեկնելու համար գումար չուներ: Այսօր արդեն նոր հովանավորներ ունեցող գյումրեցիները դուրս են գալիս ֆինանսական շոկից ու կամաց-կամաց վերականգնում իրենց խաղային որակները, բայց՝ հաջորդ մրցաշրջանի համար: 19-րդ առաջնությունում «Շիրակին» վերջին հորիզոնականը «բաժին հասավ», սակայն ՀՖՖ գործկոմի հատուկ որոշմամբ գյումրեցիներին թույլ է տրվել հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես գալ բարձրագույն խմբի առաջնությունում: Այդ թեմային կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներում:
Բարձրագույն խմբի
ամփոփիչ մրցաշային աղյուսակ
1. Փյունիկ 28 20 5  3 73-22 65
2. Բանանց 28 20 4  4 58-24 64
3. Ուլիս 28 17 4  7 44-23 55
4. Միկա 28 14 4 10 47-31 46
5. Իմպուլս 28 10 7 11 29-43 37
6. Գանձ. 28  8 3 17 24-45 27
7. Կիլիկիա 28  4 3 21 19-60 15
8. Շիրակ 28  2 4 22 22-68 10 

Հ. Գ. ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ՀՖՖ-ն գործկոմի նիստում որոշել է, որ եկող մրցաշրջանում Հայաստանի 20-րդ առաջնությանը բարձրագույն խմբում կմասնակցի ինը թիմ՝ ի դեմս 1-ին խմբի հաղթողի կոչումը ժամկետից շուտ նվաճած «Արարատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել