ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Անկախության հանրաքվե» վերնագրով գիրք է հրատարակել, այն փաստաթղթերի ժողովածու է, շապկին էլ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 1991 թ. հաստատած տարբերանշանն է:
Գրքում ժամանակագրական կարգով ներկայացված է Հայաստանի անկախության գործընթացի՝ 1990-1991 թթ.-ին վերաբերող կարևոր փաստաթղթերի մի մասը, այդ ժամանակահատվածի առանցքային իրադարձությունների ամփոփ ժամանակագրությունը, որից ակնհայտ է դառնում, թե ինչ զրկանքների ու դժվարությունների միջով է անցել հայ ժողովուրդն այդ ընթացքում։
Կարդացեք նաև
Ժողովածուում զետեղված են մտավորականների և հայտնի մարդկանց կարծիքներն Անկախության հանրաքվեի վերաբերյալ, նաև Գերագույն խորհրդի, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի որոշ պատմական փաստաթղթեր կամ դրանց լուսապատկերները։
Գրքից կարելի է տեղեկանալ հանրաքվեի քվեարկության տվյալների մասին՝ ըստ ՀՀ շրջանների և քաղաքների։ Նշվում է, որ որոշ փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ։ Զետեղված նյութերը ձեռք են բերվել Հայաստանի ազգային գրադարանից, Հայաստանի ազգային արխիվից, Հայ ազգային կոնգրեսի արխիվից և Արմենպրես գործակալությունից։
«Հրանտ Մաթևոսյանն իր «Չեզոք գոտի» պիեսում նկարագրում է, թե ինչպես քաղցած ու ուժասպառ վագրը տեսնում է իր դիմաց արածող գոմեշին, ուզում է հարձակվել, բայց ուժերը չեն բավարարում, չհարձակվելու դեպքում էլ՝ այլևս ոչ մի հույս չկա կենդանի մնալու, և տկար ու թույլ վագրը հավաքում է իր անցյալի էներգիան, օգնություն է հայցում ապագայի ուժերից և հարձակվում գոմեշի վրա ու փրկվում է սովամահ լինելուց։
Հայ ժողովուրդն էլ 1991 թ. սեպտեմբերի 21-ին հավաքեց իր նախորդ սերունդների կուտակած էներգիան, հավաքեց դեպի ապագա ուղղված էներգիան և հաղթական ցատկ կատարեց դեպի ինքնապահպանում, դեպի ապագա: 1991 թ. սեպտեմբերին կայացած անկախության հանրաքվեն հայ ժողովրդի երբևէ եղած ամենազանգվածային միջոցառումն է, հավաքական արժանապատվության դրսևորումը: Այդ օրը քվեարկելու իրավունք ունեցող շուրջ 2 մլն 64 հազար քաղաքացիներից 2 մլն 56 հազարը կամ 95 տոկոսը մասնակցեց քվեարկությանը, և մասնակիցների 99 տոկոսը կամ 2 մլն 42 հազարը կամավոր, գիտակցաբար, ոգևորությամբ և քեֆ-ուրախությամբ ԱՅՈ ասաց մեր պատմության մեջ առաջին հանրաքվեի տրված հարցին և ստեղծեց Անկախ Հայաստանի Հանրապետությունը: Դա մեր ժողովրդի աստեղային ժամերից էր, համախմբվածության և ոգևորության գագաթ»,- առաջաբանում գրել է ՀԱԿ փոխնախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995), ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-1999 և 2012-2017 թթ.) Արամ Մանուկյանը:
Գրքում զետեղված է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը. «Անկախությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Անկախությունը ընդամենը միջոց է ազատության հասնելու համար։ Գերագույն նպատակը ազատությունն է։ Միայն ազգի անկախ պետականությունն է, որ կարող է ապահովել յուրաքանչյուր անհատի և հավաքական ժողովրդի ազատությունը։ Մենք անկախության ենք գնում ոչ թե զգացմունքներով, մենք գնում ենք գիտակցությամբ, բանականությամբ, քաղաքական ստույգ հաշվարկով»:
Գրքում ներկայացված է Անկախության խորհրդարանը, Հայոց համազգային շարժման ծրագիրը, Վազգեն Ա Վեհափառ հայրապետի խոսքը՝ Անկախության ԱՅՈ-ի վերաբերյալ, Հայաստանի անկախության հռչակագիրը, ՀՀ օրենքները՝ պետական դրոշի, զինանշանի և օրհներգի մասին, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ԳԽ նիստում միութենական պայմանագրի և անկախության մասին, ՀՅԴ-ի կոչը՝ ԱՅՈ-ի վերաբերյալ, ՀՀ ԳԽ դիմումը արցախահայությանը՝ 1991 թ. փետրվարի 21-ին եւ այլ ուշագրավ դրվագներ:
«Երեք տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարին, ձեր միասնական կամքով արտահայտված օրինական որոշումը՝ Արցախը Մայր Հայրենիքին վերամիավորելու մասին, սկզբնավորեց ողջ հայության ազգային զարթոնքը: Միջազգային իրավունքից, մասնավորապես՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքից բխող ձեր պայքարին, որին միացավ ամբողջ հայ ժողովուրդը, Խորհրդային Միության և Ադրբեջանի իշխանությունները պատասխանեցին քաղաքական, զինվորական, տնտեսական և հոգեբանական ճնշումներով, հասարակական կարծիքի ապակողմնորոշմամբ, ադրբեջանական հանրապետությունում հայազգի բնակչության կոտորածներով և բռնագաղթով: Այժմ էլ բռնատիրության նպատակն է՝ տեղահանել արցախցուն իր պատմական հայրենիքից:
Չնայած տևական փորձություններին և զրկանքներին, հայ ժողովրդի կամքը, ձե՛ր հերոսական կամքը, մնում է անկոտրում: Արդարացի պայքարը շարունակվում է: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ձգտում է արցախյան հիմնախնդրի քաղաքական լուծման, որի ճշմարիտ ուղին բռնության բացառումն է և Արցախի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի իրագործումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ հայտնում է Արցախին զորավիգ կանգնելու, ձեր կյանքն ու կենսական շահերը բոլոր միջոցներով պաշտպանելու իր անփոփոխ վճռականությանը և ամեն ինչ կանի Արցախի վերամիավորումը Մայր Հայրենիքին ավարտին հասցնելու համար»,- նշված է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի դիմումում՝ ուղղված արցախահայությանը (21 փետրվարի 1991 թ.):
Հետաքրքիր է նաև գրքի այն բաժինը, որտեղ զետեղված են միջազգային դիտորդների արձագանքները Անկախության հանրաքվեի մասին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Ռիչարդ Լեյման (ԱՄՆ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ).
«Անմիջապես հայտնեմ իմ հաճելի զարմանքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեմոկրատիայի հասանք երկար ճանապարհ անցնելով, ավելի քան 200 տարի։ Դուք այդ ճանապարհն անցաք շատ արագ։ Մի քանի ժամվա ընթացքում բնակիչների մեծ մասը փաստորեն արդեն քվեարկել է, ընդ որում՝ օրենքից ոչ մի շեղում չնկատեցի։ Պարզ է, աշխարհը պիտի ընդունի քվեարկության օրինականությունը։ Այսօր սփյուռքում հարյուր հազարավոր հայեր հեռուստացույցների առջև հետևում են Հայաստանին և սպասում բարի լուրերի․ ի վերջո՝ ազգի ճակատագիրն է վճռվում։
Վերադարձից հետո կզեկուցեմ Բուշին ամբողջ ճշմարտությունը և կխնդրեմ, որ նա զանգահարի Կոլին՝ Հայաստանի անկախությունն ընդունելու առաջարկով։ Ուրախ ենք ձեզ համար և հույս ունենք, որ ապագայում մեկ այլ երկրում նման բարի առիթով կհանդիպենք… այդ անգամ արդեն որպես հավասար դիտորդներ:
Կարլ-Միխայիլ Վիտ (Գերմանիա, մարդու իրավունքների պաշտպանության «Շիլլեր» ինստիտուտ):
«Կասկածի նշույլ անգամ չունեի, որ հայ ժողովուրդն այսօր միաձայն «ԱՅՈ» կասի անկախությանը, բայց այն, ինչի ականատես եղա այստեղ, գերազանցեց սպասելիքներս: Խանդավառությամբ համակված էին բոլորը՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից, կուսակցականությունից: Ու ոչ ոք չէր թաքցնում իր մտադրությունը: Շատերը քվեարկում էին բացեիբաց:
Այս պատմական քայլը Հայաստանին հնարավորություն կտա եվրոպական շատ երկրների նման, հավասար իրավունքներով, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային կապեր հաստատել աշխարհի զարգացած բազմաթիվ երկրների հետ: Համոզված եմ, որ առաջինների թվում հայ ժողովրդին համագործակցության ձեռք կմեկնի իմ երկիրը: Մենք դեռ առիթ կունենանք ուրախանալու անկախ Հայաստանի հաջողություններով»:
Ռեյներ Վինթինգ (Անգլիայի հանգանակած միջոցներով Կիրովականում մանկական հիվանդանոցի կառուցման պատասխանատու, «Ավստրո» ֆիրմայի ներկայացուցիչ):
«Ճիշտ է, ես քաղաքագետ չեմ, բայց հասկանում եմ հայերիդ անկախության ձգտումը: Չկա մի ժողովուրդ, որ ազատ ապրել, ստեղծագործել չուզի: Սկզբում տնտեսապես շատ կնեղվեք, սակայն ոտքի կկանգնեք: Իմ հայրենիքն էլ՝ Ավստրիան, այդ ճանապարհով է անցել և հզոր երկրներից մեկն է դարձել»:
Աննո Հելլենբրույխ (Գերմանիա, մարդու իրավունքների պաշտպանության «Շիլլեր» ինստիտուտ, «Ժեիր» ամսագիր):
«Այս տարվա հունիսին մի քանի օրով եղել եմ Հայաստանում: Ուրախ եմ, որ այժմյան այցելությամբ առիթ է ընձեռվել ինձ ներկայանալու իբրև հանրաքվեի միջազգային դիտորդ, վերստին հանդիպելու անկախության ուղին հաստատապես ընտրած ժողովրդի հետ, որը հայտնի է աշխարհին իր հազարամյա պատմությամբ: Մինչև Հայաստան գալս վստահ էի, որ հանրաքվեն անցկացվելու է սահմանադրական ճիշտ, հստակեցված ծրագրով, քվեարկելու եք անկախության օգտին: Բայց խոստովանում եմ՝ չէի սպասում, որ ականատես կլինեմ ժողովրդական նմանօրինակ խանդավառության ու համերաշխության դրսևորման: Վստահ եմ, որ ազատություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պիտի բարգավաճի և իբրև անկախ պետություն ճանաչվի աշխարհում։
Գրքում տեղ են գտել նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքները անկախության մասին: Մասնավորապես, The Washington Post-ի (ԱՄՆ) թղթակիցը գրել է. «Հնամենի և քարքարոտ այս երկրում ժողովուրդը ջախջախիչ մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ անկախության»: Ամերիկյան Սենատի Երևանում գտնվող անդամներն էլ մատնանշեցին հատկապես հետագա դժվարությունների գիտակցությամբ տոգորված ժողովրդի հավատը՝ հասնելու իր երազանքին:
Tribune de Genève շվեյցարական օրաթերթը Հայաստանի անկախության հանրաքվեին արձագանքել է «Ազատ Հայաստան» վերնագրով հոդվածով՝ շեշտելով. «Թուրքական ու ռուսական տիրապետության վեց դարերը չեն տկարացրել հայերի անկախության ձգտումը»:
Գրքում զետեղված են նաև բացառիկ լուսանկարներ, ու ինչպես արդեն նշվեց՝ արխիվային փաստաթղթեր՝ լուսապատճեններ:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

























































