Լրահոս
Օրվա լրահոսը

Պեւցովը թքած ունի Սպիլբերգի վրա…

Նոյեմբեր 25,2010 00:00

Դերասանը չի սիրում նաեւ Ռուսաստանի առաջին ալիքը եւ դեղին մամուլի ներկայացուցիչներին

Երեկ համերգից առաջ լրագրողների հետ hանդիպեց ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը, ով Երեւանում է գտնվում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: Դ. Պեւցովը ասուլիսի սկզբում նախ խոսեց համերգի մասին, ասաց, որ այն սովորաբար երեք մասից է բաղկացած լինում ու ներկայացրեց Անդրեյ Վիրտուզաեւին, ով եւս Երեւանում է իր «ՔարՏուշ» ստրիթ-ռոք խմբի հետ, որի անդամն է նաեւ Դ. Պեւցովը:
«ՔարՏուշ» խմբում Դմիտրին պատահական է հայտնվել: «Վիրտուզաեւի հետ ծանոթացել ենք ավտոմրցումների ժամանակ»,- ասաց Պեւցովն ու հավելեց, որ իր համար գերագույն հաճույք է ելույթ ունենալ կենդանի երաժշտական գործիքների ուղեկցությամբ:
Համբերությամբ պատասխանելով լրագրողների հարցերին, Դ. Պեւցովը ասաց, որ չնայած սպորտային նախասիրություններին, իր համար առաջնայինը թատրոնն է, հետո նոր կինոն եւ վոկալը: Նա նշեց, որ թատրոնում շատ հետաքրքիր դերեր ունի: Դ. Պեւցովը ասաց նաեւ, որ վերջին շրջանում հաճախ է հրաժարվում կինոյում նկարահանվել, քանի որ այն ժամանակատար է. «Նախընտրում եմ ընտանիքիս հետ ժամանակս անցկացնել, իմ զավակի հետ, որը արդեն չորս տարեկան է»:
Նա հայտնեց նաեւ, որ չունի երազած ռեժիսորներ, ում հետ ցանկություն ունի աշխատելու: «Ինձ համար միեւնույն է՝ Սպիլբերգի հետ աշխատեմ, թե… թքած ունեմ…»,- պարզաբանեց Դ. Պեւցովը:
Հարցին՝ ճակատագրի լավագույն նվերը ո՞րն է եղել, Դ. Պեւցովը հետեւյալն ասաց. «Կնոջս՝ դերասանուհի Օլգա Դրոզդովայի հետ ամուսնությունը… Նրանից ավելի լավ նվեր ճակատագիրը չէր կարող ինձ բաժին հանել»:
Ի դեպ, Պեւցովը նշեց, որ, չգիտես ինչու, ռուսաստանյան ԶԼՄ-ները մինչ երեխայի լույս աշխարհ գալը նրանց հարյուր անգամ բաժանել եւ միացրել են: Արվեստագետը շեշտեց, որ պարզապես կշտացած է դեղին որսից: «Երբ կինս հղի էր, նրանք նույնիսկ այդ ժամանակ մեզ հանգիստ չթողեցին: Սահմանել էին շուրջօրյա հետապնդում: Զզվելի գործով են զբաղված…»: Դմիտրին խոսեց «Երկու աստղ» նախագծի եւ իր անկրկնելի զուգընկերուհի՝ երգչուհի Զառայի մասին, ում անունը իր մոտ նախկինում ասոցացվում էր լոկ ապրանքանիշի հետ: Պեւցովը հավելեց, որ իր բախտը «Երկու աստղում» էլ է բերել. «Սա միակ նախագիծն է, որին համաձայնել եմ մասնակցել, թե չէ սրտխառնուք է մոտս առաջացնում ռուսաստանյան առաջին ալիքը: Ինչ վերաբերում է Զառային, նա պրոֆեսինալ երգչուհի է, որից շատ բան կարողացա սովորել»:
Պեւցովը ասաց նաեւ, որ Երեւանում եղել է 2 տարեկան հասակում, սակայն, իր իսկ խոսքերով, ոչ իր օրգանիզմը, ոչ էլ հիշողությունը այն չի «պահպանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել