Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՆՈՐՄԱԼ ԼԻՆԵՐ՝ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԻՔ ՉԷՐ ԼԻՆԻ

Նոյեմբեր 27,2010 00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ զրույցում հիշեցրինք ընդդիմության քննադատությունը, որ 1-2 տարի առաջ ինքը խոստանում էր արտահայտել իր հստակ կարծիքը՝ մարտի 1-2-ի դեպքերին առնչվող դատավարությունների ավարտից հետո: Սակայն հարցը տալու ընթացքում հիշեցինք, որ 2009-ին նա հանդես է եկել «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը ՀՀ-ում» արտահերթ հրապարակային զեկույցով, որը նախորդել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ նույն թեմայի վերաբերյալ զեկույցին: «Համեմատեք մեր զեկույցները, եւ եթե կգտնեք, որ նրանց ձեւակերպումները մեր եզրակացությունից սուր էին՝ ներողություն կխնդրեմ,- առաջարկեց պրն Հարությունյանը:- Եվ եթե հիշում եք՝ հետագայում քննադատեցին ԵԱՀԿ զեկույցը, թե գնահատականները մեղմ ու լղոզված էին: Բայց մեր արտահերթ զեկույցը շատ ավելի հստակ եւ խիստ էր իր գնահատականներով»:
Մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը խնդրեցինք այն փաստի վերաբերյալ, որ մինչ իր գրասենյակի եւ նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ փորձ է արվում փոփոխել եւ բարելավել «Հավաքների մասին» օրենքի նախագիծը՝ ոստիկանությունը, շարունակելով նախկին գործելաոճը, անհարկի խոչընդոտում է հավաքների ազատությունը, ինչի մի օրինակը նոյեմբերի 9-ին «Երեւան» հյուրանոցի մոտ տեղի ունեցածն էր, երբ սահմանափակումներ փորձեցին կիրառել 7 հոգանոց խաղաղ ցույցի դեմ կամ «էմո» լինելու կասկածանքով զբոսնող աղջիկներին, ըստ իրենց վկայության՝ մազերը քաշելով բերման ենթարկեցին: «Եթե մեր իրավակիրառական պրակտիկան եւ ոստիկանության գործունեությունն այդպիսին չլիներ, ավելի նորմալ լիներ՝ այդ նախորդ, նույնիսկ վատ օրենքն էլ որեւէ խնդիր չէր առաջացնի մեզ համար,- պատասխանեց Արմեն Հարությունյանը:- Այդ օրենքն էլ ներուժ ուներ. եթե մեկնաբանում ես օրենքը հօգուտ իրավունքների, եւ ոչ թե՝ ի վնաս: Բոլոր այս փոփոխությունների իմաստն էլ այն է, որ մենք փորձենք իրավակիրառական պրակտիկայում եղած իրավիճակը նվազեցնել՝ օրենքում լրացուցիչ մեխանիզմներ նախատեսելով: Ես երբե՛ք չեմ խուսափել ասելուց, որ ոստիկանությունն այդ հարցերում միշտ խնդրահարույց է՝ իրավունքների տեսակետից: Եվ ձեր նշած երկու միջադեպերը նման բազմաթիվ դեպքերից են: Դրա համար էլ մենք գնում ենք օրենքի փոփոխության ճանապարհով, որը կնվազեցնի յուրովի մեկնաբանությունները՝ եղած իրավակիրառական պրակտիկայում»:

Հ. Գ. Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: Անդրադարձ է եղել նաեւ մարդու իրավունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել