Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՅՈՄ ՅՈՒԺՆԻԻ» ԲԱԶՄԱՍԵՐԻԱԼԱՆՈՑ ԳՈՐԾԸ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"10 ամիս՝ անազատության մեջ

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նախորդ օրը հաստատեց Արտավազդ Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, եւ այն առաջիկա օրերին կուղարկվի դատարան:
Արտավազդ Առաքելյանը հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով, նրան ճանաչում են «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից, որոնց գլխավոր դերակատարներից էր: Նա զբաղվել է թայբոքսինգ եւ պաուերլիֆտինգ մարզաձեւերով: Նրա խնամքին 4 երեխա կա, որոնցից 3-ը՝ անչափահաս եւ հիվանդ մայրը:
Այս տարվա փետրվարից ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ա. Առաքելյանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահան Հայրապետյանը:
Փաստաբանը մինչ մեղադրական եզրակացությունը հաստատվելը միջնորդություններ է ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի փոխարեն գրավ կիրառվի եւ նաեւ՝ վերաորակվի «խարդախություն» հոդվածը, քանի որ, ըստ նրա, «Արտավազդի գործողությունները չեն համապատասխանում մեղսագրվածին»: Ի դեպ, նշենք, որ Ա.Առաքելյանը, նրա մերձավորները «Առավոտից» են տեղեկացել, որ հետախուզում է հայտարարված:
Հետախուզման ժամանակ Ա. Առաքելյանը գտնվել է ՌԴ Սոչի քաղաքում, քրոջ՝ Մոնիկա Առաքելյանի հետ հանդես է եկել համերգներով: Նա հետախուզման մասին ծանուցագիր չի ստացել:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտավազդի հետ նույն գործով մեղադրվում են եւս 6-ը՝ «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտքարտուղար Գեւորգ Գրիգորի Էմին-Տերյանը, ոչ մի տեղ չաշխատող Արտակ եւ Արթուր Թադեւոսյանները (վերջինս նույնպես «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարներից է), բջջային հեռախոսների խանութների սեփականատեր Վահե Մաղաքյանը եւ ոչ մի տեղ չաշխատող մի կին՝ Գոհար Վարդանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, «Ա. Առաքելյանը մեղադրվում է նրանում, որ, ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով տարբեր անձանց հետ, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ վարկեր ստանալու նպատակով կատարել է դիտավորյալ հանցագործություններ»: «Տյոմ Յուժնին» «Էկարտ» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Էմին-Տերյանի, Վահե Մաղաքյանի հետ, մարզադպրոցներից մեկի տնօրեն Էդուարդ Երանոսյանից ստացել է կեղծ տեղեկանքներ տարբեր անձանց անունով, որպեսզի վարկեր վերցնի բանկերից: Խոսք է գնում 527 000 դրամի բջջային հեռախոսների, բանկից սառնարան, փոշեկուլ գնելու նպատակով ստացված 789 840 դրամի, ուրիշի անունով 528 000 դրամ գումար ստանալու եւ օգտագործելու… մասին:
Ա. Առաքելյանը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա համաձայն չէ «նախնական համաձայնության գալով», «հետագայում վարկը չմարելու նպատակով» եւ այդ կարգի ձեւակերպումների հետ:
«Տյոմ Յուժնին» ցուցմունք է տվել, որ խարդախություններ չի կատարել, այլ իր կողմից ձեռք բերված կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ստացված գումարները չի կարողացել վերադարձնել, քանի որ հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ:
Նա նաեւ հայտնել է, որ կատարել է որոշ վճարումներ, իսկ մնացածը չի կատարել, քանի որ ծախսել է ձայնագրությունների համար. «Ես քննությունից չեմ թաքնվել, չեմ իմացել հետախուզման մասին, հակառակ դեպքում իմ գովազդային պաստառները չէի փակցնի Վրաստանի եւ ՌԴ տարբեր քաղաքներում»:
Ա. Առաքելյանի դեմ հաղորդումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին են դիմել երկու կին, որոնք հետագայում «գործուն զղջալու» հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից: Մեկ մեղադրյալ էլ համաներման տակ է ընկել եւ այս գործով կդատակոչվի որպես վկա: Ա.Առաքելյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: Նա պատրաստ է հատուցել իր բոլոր պարտքերը, միայն թե հնարավորություն տրվի աշխատել:

Հ. Գ. Ես ինքս «Օդնոկլասնիկում» չկամ, սակայն ինձ «Տյոմ Յուժնիի» օդնոկլասնիկական ֆանատները հորդորել էին օգնել նրան ազատվելու: Նույնիսկ առանձին էջ են բացել նրա անունով: Ֆանատները հավատացած են, որ Արտավազդը կկարողանա հատուցել տուժողներին հասցրած վնասները հենց իր ստեղծագործական ներկայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել