Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնմեկերորդ

ԹԵՐԹՈՆԱՅԻՆ ՀԱՏՈՐՆԵՐ

Ջավախյանի էդ ասածը հիշելով ու կարեւորելով՝ չեմ կարող իր էդ ասածն իմ ու Սարինյանի էս դեպքի վրա եւս տարածել, որովհետեւ երեկվանից չեմ կարողանում «Գրական թերթի» էդ անցած շաբաթվա համարը ճարել, եւ արդեն հույս էլ չունեմ, որովհետեւ կրպակները «Գրական թերթի» նոր համարն ստանալով՝ հինն անմիջապես վազվռատ են արել, եւ Ջավախյանին էս հիշելս ամենեւին պատահական չի նաեւ էն իմաստով, որ ծանոթներիցս միայն ինքն է «Գրական թերթ» առնում, բայց, բոլոր դեպքերում, Պետրոսյան Երվանդը չէր կարող սխալվել՝ էն պարզ պատճառով, որ ուրիշ արձակագիր Շեկոյան էս պահի դրությամբ չկա, եւ եթե նույնիսկ կա էլ, էս պահի դրությամբ «Առավոտում» վեպ չի տպում. այսինքն, հավանական տարբերակն էն է, որ ակադեմիկոսն իր էդ հոդվածում ինձ գովեստի արժանացնելով՝ Ջավախյանին ընդհանրապես չի էլ անդրադարձել, այլապես ինձ Պետրոսյան Երվանդից շուտ անձամբ Ջավախյանը կզանգեր, ընդ որում՝ հենց թերթի լույս տեսած օրը կզանգեր եւ ոչ թե՝ էսքան ուշ. այսինքն, Ջավախյանը, ի տարբերություն այլ արձակագիրների, ամենեւին էլ չկամ չի եւ մեծահոգաբար համաձայն է, որ իրեն ու ինձ համահավասար գովեն ու մեծարեն, մինչդեռ մյուս արձակագիրները համառորեն ու փոքրոգաբար շարունակում են ինձ բանաստեղծ համարել՝ առանց մտածելու ու հասկանալու, որ իսկական բանաստեղծն ի վիճակի չի էսքան ցածրանալ եւ շարունակաբար էս ներգրական ճղճիմ հարցերից խոսել ու մանավանդ գրել, եւ հատկապես ու առանձնապես իսկական բանաստեղծներ Չիլոյան Սլավիկն ու Հենրիկ Արթենյանն էսքան չէին ցածրանա ու մանրանա, եւ շատ էլ արդարացի է, որ էս պահի դրությամբ հենց էդ երկուսի արձաններն են մեր քաղաքամոր ամենաերեւելի տեղերում տեղադրված, եւ չնայած Արթենյանի արձանն իրական Արթենյանից անհամեմատ բոյբուսաթով է, եւ չնայած Արթենյանինն Արթենյանին ավելի նման է, քան Չիլոյինը՝ Չիլոյին, այդուհանդերձ, քանդակագործներին մեղադրելու չի, որովհետեւ, ի տարբերություն նվաստիս, քանդակագործները ժիվոյ Արթենյան ու ժիվոյ Չիլո երեւի չեն էլ տեսել, եւ, որ ամենակարեւորն է, քանդակագործները երեւի չգիտեն էլ, որ իսկական բանաստեղծներ Հենրիկ Արթենյանն ու Սլավիկ Չիլոյանը, ի տարբերություն նվաստիս, երբեւէ էսքան ճղճիմ ու մանրախնդիր չեն եղել՝ մանավանդ գրական ու հատկապես ներգրական կյանքում, որովհետեւ, ի տարբերություն նվաստիս, էդ երկուսը ոչ թե գրական կյանքով էին ապրում, այլ՝ բուն ու միակ կյանքով, եւ չնայած նվաստս էլ է համառորեն ու շարունակաբար ճգնում էս բուն ու մինուճար կյանքով ապրել, այդուհանդերձ, շեղող հանգամանքները շատ են ու մշտապես կան, եւ եթե Արթենյանին ու մանավանդ Չիլոյին խմիչքն էր ժամանակ առ ժամանակ բուն կյանքից շեղում, ինձ էլ ժամանակ առ ժամանակ էս չնախատեսված գովեստներն են շեղում, եւ եթե Արթենյանին ու մանավանդ Չիլոյին խմիչքն էր ժամանակ առ ժամանակ ոգեշնչում, ինձ էլ էս չնախատեսված գովեստներն են ոգեւորում ու ոգեշնչում, բայց ոգեւորությունս էսօրվա դրությամբ մի քիչ նույնիսկ մեղմվել է, որովհետեւ երեկ Առեւտրի տան մոտի կրպակից էդ «Գրական թերթն» արդեն ճարել ու կարդացել եմ, եւ եթե ասեմ թե՝ ոգեւորությունս առանձնապես ավելացել է՝ սուտ կլինի, որովհետեւ բանաստեղծ Պետրոսյան Երվանդը հեռախոսով էնքան հասկանալի ու հստակ էր վերապատմել ակադեմիկոսի էդ հոդվածի՝ ինձ վերաբերող հատվածի բովանդակությունը, որ կարդալուցս հետո ոգեւորությունս առանձնապես չավելացավ, եւ որպեսզի ձեզ համար էլ պարզ դառնա՝ ինչի մասին է խոսքը, հիմա ձեզ համար կմեջբերեմ ակադեմիկոսի դույն հոդվածի ինձ վերաբերող հատվածն ամբողջությամբ. «Մի միջանկյալ դիտարկում Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպի քննադատական արձագանքների վերաբերյալ: Ես կարդացել եմ վեպն ամբողջությամբ «Առավոտի» էջերում եւ, անկեղծ ասած, սկզբում դժվարությամբ էի ընտելանում շարահյուսման ձեւին: Բայց ոճն աստիճանաբար թելադրեց պոետիկայի իր առանձնահատկությունն ու ժանրային ձեւույթը: Քննադատությունը կարծես սահմանել է վեպի ժանրային բնույթը՝ թերթոնային վեպ, ժամանցային վեպ, վեպ-երկխոսություն: Ես անստույգ եմ համարում բոլոր այս բնութագրումները: «Հայկական ժամանակը» թերթոնային վեպ չէ, առավել եւս՝ ժամանցային վեպ: Նույնքան անստույգ է նաեւ համեմատությունը Օտյանի ժամանցային վեպերի հետ: Օտյանի պարագայում սյուժեն կենցաղային, սոցիալական, սոցիալ-կենցաղային կամ սոցիալ-ազգային կառուցվածք ունի: Իրականությունը դիֆերենցված է: Արմեն Շեկոյանի վեպում առկա է իրականության սուբստանցիոնալ ամբողջությունը: Այն ո՛չ քաղաքական վեպ է, ո՛չ սոցիալական, ո՛չ կենցաղային եւ ո՛չ իսկ ազգային՝ ժանրի պայմանական ձեւաբանության իմաստով: Պատումի եղանակը վիպասքային է եւ ժամանակը՝ անսյուժե հոսքի մեջ, որ կարելի է անվանել «անհատականացված էպոս»: Ժանրային այս ձեւույթը գիտակցել է հեղինակը վեպի վերնագրի ընտրությամբ, որը թեեւ հաջող ընտրություն չէ, բայց այլ տարբերակով դժվար է անվանակոչել: Ինչեւէ, վեպը առիթ կտա այլեւայլ մեկնաբանությունների: Սպասենք նրա ավարտին եւ հեղինակի գրական մանիֆեստին»:
Հավանաբար դուք էլ նկատեցիք, որ ակադեմիկոսը, ինչպես չուզողներիցս շատերը, հույս ունի թե՝ էս վեպս երբեւէ ավարտվելու է. ավելի ստույգ՝ ակադեմիկոսը համոզված է, որ ես ավելի երկար եմ ապրելու ու շարունակվելու, քան՝ էս վեպս, բայց համաձայնվեք, որ ակադեմիկոս Սարինյանի էս համոզվածությունը ոչ թե նվաստիս հանդեպ չկամության ու չուզողության արդյունք է, այլ ընդամենը՝ տեղեկատվության պակասի արդյունք, որովհետեւ ինքն էս վեպս ոչ թե գրքով է կարդացել, այլ՝ «Առավոտի» էջերում, եւ եթե գրքով կարդացած լիներ, միանգամայն տեղյակ կլիներ, որ էս վեպս երբեւէ վերջ ու ավարտ չի ունենալու, որովհետեւ հրապարակված բոլոր հատորներիս անվանաթերթերին սեւով սպիտակի վրա գրված է՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆԱՎԱՐՏ ՎԵՊ, բայց քանի որ ակադեմիկոս Սարինյանն էս վեպս ոչ թե գրքով է կարդացել, այլ՝ թերթով, միանգամայն հարգելի պատճառով տեղյակ չի, որ էս վեպս էսպես անավարտ էլ մնալու է, եւ իր էս չիմանալն իր առավելությունն է եւ ոչ թե՝ թերությունը, եւ չիմանալու էս հանգամանքն էսպես նշելս ու շեշտելս էլ պատահական չի. ավելին. էս հանգամանքը միանգամայն աննախադեպ է, որովհետեւ սովորաբար մեր ահել եւ նույնիսկ ջահել գրականագետները՝ ասպիրանտներն էլ ներառյալ, անդրադառնում են միայն ու միայն մեր է՛ն ժամանակակից գրողների գրքերին, որոնցից անձամբ են էդ գրքերը չափազանց ջերմ մակագրություններով ստացել, եւ ակադեմիկոս Սարինյանի էս դեպքը չափազանց ուսանելի նախադեպ կարող է հանդիսանալ, որպեսզի մյուս գրականագետներն էլ իրենց կյանքում գոնե մեկ անգամ բարյացկամորեն անդրադառնան իրենց ժամանակակիցների էն գրքերին, որոնք անձամբ հեղինակներից չափազանց ջերմ ընծայագրերով նվեր չեն ստացել. այսինքն, ավելի հայերեն ասած, էս վեպս Սարինյանին չէի նվիրել, բայց, ինչպես կարդացիք ու համոզվեցիք, ինքն էդ հանգամանքից ամենեւին չի դիվոտվել. ընդհակառակը. անձնական նախաձեռնությամբ ամեն շաբաթ կրպակից «Առավոտ» առնելով՝ համառորեն ու ծով համբերությամբ կարդացել է էս երկարբարակ գրածներս. ավելի ստույգ՝ սկզբում դժվարացել է կարդալ, բայց առնելը շարունակել է եւ մի գեղեցիկ օր վերջապես սկսել է կարդալ, եւ որպեսզի երախտագիտությանս չափն ավելի լավ պատկերացնեք, պիտի նաեւ ասեմ, որ շուրջ վեց տարի շաբաթական մի անգամ «Առավոտ» առնելն էս վեպիս ընթերցողների վրա անհամեմատ թանկ է նստում, քան՝ եթե գրախանութից հատոր առ հատոր առնեին, եւ չոբանահաշվով ստացվում է, որ վեց տարի ամեն շաբաթ «Առավոտ» առնողներն ընդհանուր առմամբ ծախսել են շուրջ քսան հազար դրամ, մինչդեռ գրքով կարդացողներն անհամեմատ քիչ են ծախսել, էլ չասած՝ որ գրքով կարդացածների մեծ մասը չափազանց ջերմ մակագրությամբ նվիրածս է կարդացել, բայց թերթով կարդացողները շահած են էն իմաստով, որ էսօրվա դրությամբ գրքով ընդամենը չորս հատոր եմ տպել, մինչդեռ «Առավոտում» արդեն իններորդս է ավարտվում, եւ, սրանից էլ բացի, թերթով կարդացողները շահում են նաեւ էն իմաստով, որ ամեն շաբաթ «Առավոտ» առնելով՝ ձեռի հետ նաեւ այլ կարեւոր նյութեր են կարդում. այսինքն, իմ էս կոպիտ չոբանահաշվարկով, ակադեմիկոս Սարինյանն ամենեւին էլ չի տուժել, չնայած կարող էր ավելի շահել՝ եթե ժամանակին էդ չորս հատորներս նվիրած լինեի, բայց էդ դեպքում էլ նվաստս էր տուժելու, որովհետեւ կյանքն արդեն համոզիչ կերպով ինձ ցույց է տվել, որ բոլոր նրանք՝ ովքեր ժամանակին ինձանից էս չորս հատորներս ստացել են, այնուհետեւ դադարել են թերթով կարդալ, մինչդեռ ինձ համար թերթ առնողներն ու թերթով կարդացողներն են ավելի կարեւոր՝ էն պարզ պատճառով, որ ուղղակիորեն նպաստում են թերթի տպաքանակի աճին, եւ էս հանգամանքն ինձ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ էս վեպս անժամանակ ու վաղաժամ կընդհատվի միայն էն դեպքում, եթե «Առավոտն» ընդհատվի, ու մեկ էլ իմ կյանքի անժամանակ ու վաղաժամ ընդհատումով էս վեպս կընդհատվի, ու էդ ընդհատումը պայմանականորեն եմ անժամանակ ու վաղաժամ անվանում՝ համեստորեն ընդունելով ու հասկանալով, որ մեր իսկ կյանքի ու մահվան ժամկետները սահմանողը ոչ թե մենք ենք, այլ՝ Աստված, եւ, բնականաբար, իմ էս վեպի չափն ու սահմանները որոշողն էլ է Աստված, եւ փառասիրությանս էս չափերն էլ է Աստված տնօրինում՝ երբեմն-երբեմն հանդուրժելով, որ ժամանակ առ ժամանակ երեխայի պես ոգեւորվեմ եւ ուրախանամ, ու հիմա ակադեմիկոսի գրության ինձ վերաբերող հատվածը ձեզ համար արտագրելուց հետո վերստին ոգեւորված ու թեւավորված եմ, որովհետեւ հասկանում ու գիտակցում եմ, որ ամեն գրողի բախտ չի վիճակվել ակադեմիկոսի գովեստին արժանանալ, եւ չնայած Սարինյանը Սովետի օրոք էլ է բանաստեղծություններիս դրվատանքով անդրադարձել, էն ժամանակ ինքն ընդամենը դոկտոր ու պրոֆեսոր էր, իսկ հիմա՝ գործող ակադեմիկոս, ու ես էլ էն ժամանակ ընդամենը բանաստեղծ էի, իսկ հիմա՝ գործող արձակագիր, ընդ որում՝ բավական շատ ու բավական երկար գործող, եւ հիմա որ իմ ու էս վեպիս մասին մտածում եմ, արդեն սկսում եմ հասկանալ, որ ինձ հատկապես ակադեմիկոսի դրվատանքի էս խոսքն էր պակասում, որովհետեւ, չնայած էս վեպս դեռեւս չի ավարտվել ու դեռեւս կիսատ է, էս կիսատին արդեն գրավոր ու դրվատանքի խոսքերով անդրադարձել են դոկտորներ, թեկնածուներ եւ նույնիսկ գրականագիտական ու գիտական որեւէ աստիճան չունեցողներ, ընդհանուր առմամբ՝ մեկուկես տասնյակ գրախոսություն, չհաշված՝ բացասականները, եւ դրանց հեղինակներն էս վեպիս զանազան ու ինձ անծանոթ որակումներ են տվել՝ է՛լ ժամանցային վեպ, է՛լ գրական սերիալ, է՛լ վեպ-երկխոսություն, է՛լ թերթոնային վեպ եւ այլն, եւ էնքան համոզված ու էնքան համոզիչ են էդ որակումները տվել, որ ինքս էլ եմ սկսել դրանց հավատալ, բայց ամենից շատ էս վեպս համեմատել են Օտյաի թերթոնային վեպերի հետ, եւ դրան էլ եմ հավատացել ու հավատում, չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, «Փանջունուց» բացի՝ Օտյանից այլ բան չեմ կարդացել, եւ եթե մասնագետներն էդքան ուզում են, որ էս գրածս ու գրելիքս թերթոնային վեպ լինի, ես դրա դեմ առանձնապես բան չունեմ, չնայած, ինչպես երեւի կռահում եք, ակադեմիկոսի էս նոր՝ անհատականացված էպոս անվանումը շատ ավելի սրտովս է, եւ չնայած երբեւէ անհատականացված էպոս էլ չեմ կարդացել, միանգամայն համաձայն եմ, որ էս գրածս անհատականացված էպոս կոչվի, որովհետեւ, ի տարբերություն Սարինյանի, ես հույս չունեմ թե՝ երբեւէ էս վեպս կավարտեմ ու իմ գրական մանիֆեստով առանձին հանդես կգամ, մանավանդ որ՝ էս վեպիս էջերում ձեռի հետ ու անընդհատ գրական մանիֆեստս էլ եմ քոքել՝ բազմիցս հայտարարելով, որ էս գրածս մեր ժողովրդի նորագույն պատմության մի հերթական ձեռնարկ է, վատագույն դեպքում՝ էդպիսի մի փորձ, եւ լավագույն դեպքում՝ հերթական մի պատմավեպ, ավելի ճիշտ՝ հերթական մի պատմաստվարավեպ, բայց էս ասածս որեւէ մեկի մոտ որեւէ կերպ չի տպավորվում, որովհետեւ մերոնք սովոր են, որ պատմավեպերում պարտադիր վզներին զանգուլակներ կախ տված նժույգներ վարգեն ու վազվզեն, եւ երկարափեշ ծիրանիներով թագավորների ու իշխանների առկայությունն էլ է պարտադիր, ինչպես նաեւ՝ հերոսների ու դավաճանների առկայության ու բավարար քանակության ապահովումը, ինչպես նաեւ՝ երիտասարդ հայրասպանների ու մայրասպանների առկայության ապահովումը, եւ ցանկալի է, որ զոհաբերվող մայրերը հարազատ լինեն եւ ոչ թե՝ խորթ, ու մերոնց պատկերացմամբ՝ իսկական ու զտարյուն պատմավեպն անպայման պիտի գրաբար հիշեցնող միջին ու միջինացված հայերենով գրված լինի, որպեսզի պատմական ու ժամանակային մթնոլորտի ու կոլորիտի առկայությունն էլ ապահովված լինի, եւ, իհարկե, հիմնական ու գլխավոր հերոսներն ու գործող անձինք անպայման պիտի պատմական ու իրական դեմքեր լինեն եւ Խորենացու, Եղիշեի, Բուզանդի, Փարպեցու ու առնվազն Ագաթանգեղոսի գրություններում պիտի առնվազն մի տողով հիշատակված լինեն, եւ քանի որ իմ էս վեպում էդ ամենն ապահովված չի, դեռեւս որեւէ մեկի մտքով չի անցել էս վեպս պատմավեպ անվանել, բայց եթե մեր գրականագետներն ու գրագետները պատմավեպն ինձ շատ են համարում, ազատորեն կարող են էս վեպս անվանել թերթոնային պատմավեպ, ժամանցային պատմավեպ կամ, ասենք, պատմավեպ-երկխոսություն, եւ չնայած ակադեմիկոսի առաջարկած անհատականացված էպոսն ինձ ավելի է սիրելի ու սրտամոտ, էս դեպքում էլ ինքս եմ էդ բնորոշումն ինձ շատ համարում եւ շատ համարելով՝ առաջարկում եմ անհատականացված պատմավեպ կոմպրոմիսային տարբերակը, որովհետեւ իմ էս երկարուձիգ գրությունը պատմավեպ չանվանելն առնվազն անխղճություն է, եւ արդեն մի քանի անգամ ասել ու էս առիթով եւս մի անգամ ուզում եմ հիշեցնել, որ պատմությունը ոչ միայն հարյուրամյակների ու հազարամյակների վաղեմության իրողություն է, այլեւ՝ տասնամյակների եւ նույնիսկ մի քանի տարվա վաղեմության իրողություն, եւ իմ պատկերացմամբ՝ հենց էս ասածս է նորագույն պատմություն կոչվածը, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ այսօր ցանկացած գրող մի քանի տարի առաջվա կյանքից առնված իր գրվածքը կարող է պատմավեպ հորջորջել. ամենեւին. էդ իրավունքը միայն ու միայն ինձ է վերապահված, որովհետեւ միայն իմ հերոսներն ու գործող անձինք են իրական, նշանակալի ու մեծամասամբ նաեւ նշանավոր, եւ իմ էս պատմավեպի կարեւորության կարեւորագույն հատկանիշներից մեկն էլ էն է, որ իմ հերոսների ու գործող անձանց մասին որեւէ հիշատակություն չեք գտնի ոչ Խորենացու, ոչ Եղիշեի, ոչ Բուզանդի, ոչ Փարպեցու եւ ոչ էլ մանավանդ Ագաթանգեղոսի էջերում, եւ եթե էս ասածներիս ավելացնենք նաեւ էն հանգամանքը, որ ես իմ հերոսների անուններն ու ազգանունները սրբությամբ պահպանում եմ, եւ եթե ավելացնենք նաեւ, որ իմ էդ բոլոր իրական, անունավոր ու անվանի հերոսներս ապրել ու գործել են մեր ժողովրդի պատմության նորագույն ժամանակներում, պիտի համաձայնության գանք ու էս վեպս անվանենք նորագույն պատմավեպ՝ ոչ միայն էն պատճառով, որ նորագույն էպոսն ինձ համար իրոք շատ կլինի, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ մեր ունեցած առայժմ միակ էպոսն ամենեւին էլ հնացած չի, եւ չնայած ուրիշների էպոսների համեմատ մերն առանձնապես անհատականացված էլ չի, այդուհանդերձ, ես հրապարակավ հրաժարվում եմ ակադեմիկոս Սարինյանի ձեռամբ մեծահոգաբար ինձ մատուցված էդ անհատականացված էպոս կոչվող աննախադեպ նվերից, բայցեւ երախտագիտության զգացումս չկորցնելով՝ ահա, փաստորեն, կատարում եմ ակադեմիկոսի ցանկությունը, այն է՝ հրապարակում եմ գրական մանիֆեստս, եւ չնայած ակադեմիկոսը ցանկություն էր հայտնել էս վեպիս ավարտից հետո լսել այն, ես շտապելով, փաստորեն, արդեն հրապարակեցի, որովհետեւ արդեն ինձ էլ են ձանձրացրել էդ թերթոնային, ժամանցային եւ նմանատիպ ու անհասկանալի այլ արտահայտությունները, եւ հիմա մանիֆեստս շարունակելով՝ պիտի ավելացնեմ նաեւ, որ էս վեպս կարելի է նաեւ նեոռեալիստական վեպ անվանել, եւ էս բնութագրումն ինձ համար ամենաճշգրիտն է, որովհետեւ, չնայած նեոռեալիզմը կինոյում Ֆելինիով սկսվել ու մեր Մալյանով վաթսունականների վերջերին բարեհաջող ավարտվել է, եւ չնայած Մկրտչյան Աբոյի միջոցով հիմա էլ է համառորեն շարունակվում, այդուհանդերձ, գրականության մեջ իր լիարժեք դրսեւորումը չի գտել, եւ ահա, ի դեմս իմ էս անծայրածիր վեպի, լավ էլ արտահայտվում ու դրսեւորվում է եւ հիմա՝ հենց էս պահին էլ է շարունակում արտահայտվել ու դրսեւորվել, եւ էս պահ ասելով՝ հենց էս պահը՝ երկու հազար իննի հուլիսի չորսի առավոտվա տասն անց երեսունհինգը նկատի ունեմ, ու մինչ էսպես ասում, խոսում ու գրում եմ, արդեն ամբողջ հինգ րոպե է՝ գրողների հոբելյանական համագումարն սկսվել է, ու էս հանգամանքը նկատի ունենալով՝ կարելի է էս մտորումներս ու էս մանիֆեստս գրողների հոբելյանական համագումարի ելույթ համարել. ավելին. էս ելույթս շատ ավելին է, քան՝ հոբելյանական համագումարին տեղի ունենալիք ելույթները, որովհետեւ էս համագումարում ելույթ ունեցողներին ընդամենը հինգ րոպե են տրամադրելու, մինչդեռ նվաստս, ահա, ավելի քան մի ժամ է՝ էսպես ազատորեն ու անկաշկանդ ելույթ է ունենում, ընդ որում՝ չափազանց գրական թեմայով, մինչդեռ էս պահին, ըստ ամենայնի, հոբելյանական համագումարում ամեն ինչից խոսում են՝ գրականությունից բացի, եւ չնայած առաջներում էլ գրողական համագումարներին ակտիվորեն չեմ մասնակցել ու ելույթներ չեմ ունեցել, առաջներում գոնե ամենավերջում ներկայանում ու մասնակցում էի նախագահի ընտրության քվեարկությանը, բայց էս անգամ էդ չեմ էլ անի, ու էս անգամ Անանյան Լյովան առանց իմ ձայնի էլ հեշտուհանգիստ նախագահ կդառնա, որովհետեւ էս մի քանի տարվա ընթացքում էնքան մարդու է Գրողների միության շարքերն ընդունել, որ եթե միայն դրանց ձայներն էլ ստանա, մեր գրական ընդդիմության հույսերը եւս հինգ տարով հօդս կցնդեն, եւ հիմա էդ նորընտիրներին հիշելով՝ հիշեցի նաեւ, որ էս վերջին տարիներին Գրողների միության անդամ դարձածների շարքում նաեւ արծաթավաճառ ու արձակագիր Ջավախյան Լեւոնը կա, եւ էս առթիվ արծաթագիր Ջավախյան Լյովային հիշելով՝ հիմա նաեւ մտածում եմ, որ էս անգամ ինքն անկասկած իր նոր ու թարմ ձայնն իր անվանակցին ու հայրենակցին կտա, եւ ընդհանրապես՝ էսօրվա գրողներիս միացնող հիմնական հատկանիշն էն է, որ յուրաքանչյուրս առնվազն մի անգամ Անանյան Լեւոնին ձայն ենք տվել. եւ ահա Անանյան Լեւոնը՝ մերոնց էդ թարմ ու նոր ձայները նախապես գրպանած՝ էս անգամ որոշել է էս ձեւական համագումարին շատ քիչ ժամանակ հատկացնել՝ ինքզինքը տասնհինգ րոպե եւ մնացածներին հինգական րոպե ելույթի հնարավորություն ընձեռելով. այսինքն, մինչ գրական մանիֆեստիս, Ջավախյանին, Անանյանին ու իր էս նոր ձայներին էի անդրադառնում, Անանյան Լեւոնն, ըստ ամենայնի, համագումարը բարեհաջող ավարտել ու վերընտրվել է, ու հոբելյանական համագումարին էսպես ու էսքան անդրադառնալով՝ արդեն զգում եմ, որ եթե մի քիչ էլ էս ոգով ու էս թեմայով շարունակեմ, արդեն կդժվարանամ վերադառնալ բուն նյութիս, որովհետեւ կյանքն ինձ բազմիցս ու միանգամայն համոզիչ կերպով ցույց է տվել, որ մի քանի րոպե Գրողների միության շենք ոտք դնելով՝ հետո օրերով դժվարանում եմ գրականություն վերադառնալ, ու էս հանգամանքը վերստին հիշելով ու գիտակցելով՝ հիմա արդեն սկսում եմ մտածել, որ Գրողների միության տարածքներում ավելորդն ու անկապն ինքս եմ, եւ ոչ թե՝ Անանյան Լեւոնի բերած էս նորերը, եւ չնայած Անանյան Լեւոնի բերած էս նորերի մեջ թոշակառուներն էլ քիչ չեն, դա ամենեւին էական չի, որովհետեւ նորը ոչ թե տարիքով է որոշվում, այլ՝ ոգով ու ոգեւորությամբ, եւ մեր օրերում էդ ոգին ու ոգեւորությունը հիմնականում դրսեւորվում են գինեձոների տեսքով, եւ կյանքն ինձ բազմիցս ու միանգամայն համոզիչ կերպով ցույց է տվել նաեւ, որ գրականություն վերադարձս անհնարին է դառնում հատկապես Գրողների միության անդամների գրքերի գինեձոներին մասնակցելուցս հետո, եւ չնայած մի քանի անգամ էդ տեսակ ռիսկերի գնացել եմ, էս վերջերս էդ տեսակ ռիսկերի այլեւս չեմ դիմում, որովհետեւ կյանքն ինձ միանգամայն տեսանելիորեն ու համոզիչ կերպով ցույց է տվել, որ գրչակից ընկերներս ամենից քիչ նեղանում են էն դեպքերում, երբ իրենց էդ գինեձոներին չեմ ներկայանում, եւ ավելի նեղանում են էն դեպքերում, երբ էդ գինեձոներին ներկայանում ու գովասանական ելույթ չեմ ունենում, բայց ամենաշատը նեղանում են էն դեպքերում, երբ ներկայանում ու գովասանական ելույթ եմ ունենում, բայց էդ ելույթիս մեջ չեմ նշում, որ գինեձոնի ենթարկված դույն գիրքը կամ գրքույկը վերջին հարյուրամյակում լույս տեսած գրքերից ու գրքույկներից լավագույնն է:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել