Լրահոս
Օրվա լրահոսը

768 ՄԻԼԻՈՆ ԾԱԽՍՎԵԼ Է, ԲԱՅՑ…

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"2006-2007թթ. պետբյուջեի 700 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվեց Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար նոր, սահմանաեզրը շրջանցող, 6,3 կմ երկարությամբ ճանապարհ: Պետությունն այդպես որոշեց, նշված եւ հարեւան գյուղերին ոչ ոք չհարցրեց՝ ճանապարհ կառուցե՞նք, թե՞ գյուղերը գազիֆիկացնենք: Հայաստանի Հանրապետությունը գործը վստահեց «Էներգացանցշին» ԲԲԸ-ին, որը ճանապարհաշինական ընկերություն չէ եւ ճանապարհներ կառուցելու փորձ չունի: Այս ճանապարհի ոչ միայն գործարկման ժամկետը խախտվեց, այլեւ` նախահաշիվը: Քաղաքակիրթ երկրներում շահագործման ժամկետը խախտելու համար պետությունը շինարարական ընկերությանը որեւէ ձեւով կնախատեր, իսկ Հայաստանում…
2007թ. սեպտեմբերի 27-ին հայրենի կառավարությունը լրացուցիչ 67,962 միլիոն դրամ հատկացրեց շրջանցիկ ճանապահը կառուցած «Էներգացանցշին» ԲԲԸ-ին: Սակայն ներկայումս այս ճանապարհը վթարային վիճակում է: Ճանապարհի երկու հատվածում ակտիվ են սողանքային երեւույթները: Մի տեղ սողքից փլուզվել է ճանապարհի երթեւեկելի մասի կեսը: Պետբյուջեի ֆինանսավորմամբ, գաբիոնների (ցանցերի մեջ խճաքարեր) օգտագործմամբ ճանապարհի վթարային հատվածի վերականգնում սկսվեց ու առկախվեց, քանզի այդ հատվածում հողի սողքը շարունակվում է: Ներկայումս այդ ճանապարհով հազվադեպ են մեքենաներ երթեւեկում: Մարդիկ նախընտրում են հայ-ադրբեջանական սահմանին «կպած», Ադրբեջանի զինուժի դիրքերից ուղիղ նշանառության հեռավորության վրա գտնվող ճանապարհը: Ցավալի է, բայց ոչ զարմանալի, որ ՀՀ քաղաքացիները պետության փողերով եւ մասնավորի ձեռամբ կառուցված ճանապարհով երթեւեկը շատ ավելի ռիսկային են համարում, քան ադրբեջանցու հնարավոր կրակոց-սադրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել