Լրահոս
Օրվա լրահոսը

Անկում՝ բոլոր ճյուղերում

Դեկտեմբեր 25,2010 00:00

2010 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 14,5% անկում, երեկ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հիշեցրեց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ նշելով, որ անկում է գրանցվել գյուղատնտեսության բոլոր ճյուղերում: Նրա խոսքով, ընթացիկ տարում մոտ 16000 հեկտարով կրճատվեցին ցանքատարածությունները. «Հիմնականում հացահատիկային-հացաընդեղենի մասով է կրճատվել: Դա պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով, այլեւ սուբսիդիայի կրճատմամբ: Կրճատված գումարներն ուղղվեցին հակակարկտային կայանների տեղակայմանն ու ցորենի սերմաբուծության ծրագրի զարգացմանը»: Նրա խոսքով՝ այս տարի զգալիորեն կրճատվել է կարտոֆիլի արտադրությունը. «Նախորդ տարվա 590 000 տոննայի դիմաց այս տարի արտադրեցինք 490000 տոննա, ինչի պատճառով շուկայում կարտոֆիլի աստղաբաշխական գներ սահմանվեցին»: Էապես տուժել է նաեւ պտղաբուծության ոլորտը: Ըստ նախարարի. «Ոլորտում ամենացավոտ կողմը պտղաբուծությունն է, պտղի արտադրանքի ծավալները կրճատվել են մոտ 3 անգամ, նախորդ տարվա 330 000 տոննայի փոխարեն այս տարի ունեցել ենք 125 000 տոննա պտուղ: Կորուստները մեծ էին հատկապես Արմավիրում. նախորդ տարվա 87 000 տոննայի փոխարեն՝ այս տարի ունեցել ենք 9300 տոննա»: Պարոն Ալավերդյանը նշեց, որ բանջարեղենի արտադրության ծավալները եւս փոքրացել են. «2009 թվականին գրանցված 800000 տոննայից իջել է 600000 տոննայի: Չնայած այս տխուր ցուցանիշներին, ունեցանք խաղողի արտադրության աճ: Նախորդ տարվա 200 հազար տոննայի դիմաց ունեցանք 218 հազար տոննա խաղող, մթերվեց մոտ 134 000 տոննա խաղող, միջինը 124,5 դրամ՝ մեկ կգ-ի դիմաց: Ընդհանուր գումարը կազմել է 16 միլիարդ 700 միլիոն դրամ, որից 15 միլիարդ դրամն արդեն վճարվել է, մյուս մասն էլ, ըստ պայմանագրի, կվճարվի մինչեւ հաջորդ տարվա մարտ-ապրիլ ժամանակահատվածը»: Անասնաբուծության ոլորտում գրանցված անկումն էլ համեմատաբար ավելի մեղմ է՝ 1%: Սակայն, ըստ նախարարի, դեկտեմբերին մսի իրացման ծավալները կտրուկ աճել են, արդյունքում տարեվերջին ոլորտում կգրանցվի 1,1% աճ: Նրա խոսքով, աճել է մանր ու խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, բայց խոզի ժանտախտը չխնայեց խոզերին, ինչի արդյունքում 17%-ով նվազեց խոզերի գլխաքանակը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարաբուծությանը, նախարարը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ աշխատում են: Ըստ նրա՝ կան նախադրյալներ ոչխարաբուծության զարգացման համար, ու Հայաստանն այդ ոլորտում մեծ հաջողություններ ձեռք բերելու նախաշեմին է:

Անցնող տարվա իր գործունեությունը նախարարը գնահատեց բավարար՝ միաժամանակ վստահեցնելով, թե իր թիմը պրոֆեսիոնալ է, ու այն խոսակցությունները, թե գյուղատնտեսությունում գրանցված անկման առումով իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ ոլորտի ներկայացուցիչները, այնքան էլ ճիշտ չեն. «Նրանց մեղքը չկա, եթե կա էլ՝ շատ չնչին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել