Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ԿՄԵԿՆԻ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ

Հունվար 22,2011 00:00

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքը քննել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա մասնակցելու նիստին: Դատական այդ նիստը նշանակվել է փետրվարի 1-ին:
Իսկ երեկ Երեւանում Վերաքննիչ դատարանում մեկնարկած նիստին Փաշինյանը ներկա չի եղել, քանի որ, ինչպես նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն է հայտարարել, Փաշինյանն այդ նիստի մասին համապատասխան ծանուցագիր չի ստացել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դատավոր Եվա Դարբինյանը նախ՝ տարակուսել է, թե՝ ինչպե՞ս է պատահել, որ մեկ շաբաթ առաջ փոստով ուղարկված ծանուցագիրը դատապարտյալին չի հասել: Այդ փաստը անհասկանալի է մնացել նաեւ Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի համար: Վերջինս միջնորդել է հետաձգել նիստը՝ դատաքննությանը Փաշինյանի ներկայությունն ապահովելու համար: Նա դա պայմանավորել է նախ՝ այն հանգամանքով, որ Փաշինյանը դատարանին հիմնավորումներ ունի ներկայացնելու: «Եվ երկրորդ՝ Փաշինյանին «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելուց հետո մենք՝ նրա պաշտպաններս, զրկված ենք անգամ գրագրություն անելու հնարավորությունից՝ նրա հետ հանդիպման ժամանակ, կամ նրա կողմից ինչ-որ գրառումներ վերցնելու, իր տեսակետը թեկուզ եւ միջնորդավորված ձեզ ներկայացնելու համար»,- հայտարարել է Վարոսյանը: Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի 10 ամիս 29 օր սահմանելու մասին որոշումը: Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում: 2010-ի հունվարին 7 տարվա ազատազրկման դատապարտված Փաշինյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ համաներում կիրառվեց, եւ նրա պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվեց: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը մայիսի 25-ին Փաշինյանի պատժաչափը սահմանեց 3 տարի 10 ամիս 29 օր՝ նախնական կալանքի տակ գտնվելու 10 ամիսները եւս համարելով պատժի կրում: Ըստ այդ հաշվարկի, Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013-ի գարնան վերջին: Մինչդեռ, նրա պաշտպանական կողմը համոզված է, որ Նավասարդյանը պետք է կիսեր 7 տարվա ազատազրկման ժամկետը, վերջնաժամկետ համարեր 3,5 տարին, եւ Փաշինյանը 2013-ի հունվարին դուրս կգար բանտից: Ե. Վարոսյանը շարունակում է պնդել, որ Փաշինյանին բանտում երկար պահելու որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով. «Ճիշտ հաշվարկի պարագայում նա պետք է ազատ արձակվի 2013թ. նախագահական ընտրությունների հենց ընտրարշավի կիզակետի պահին: Իսկ այս պարագայում նա կարող է ազատ արձակվել միայն նախագահական ընտրությունների ավարտից, երդման արարողությունից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել