Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է

Հունվար 28,2011 00:00

\"\"Այն ժողովուրդը, որը չի ուզում կերակրել սեփական բանակը, շուտով կկերակրի օտարինը:

ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Հայոց բանակը՝ անկախ Հայաստանի ամենակայացած կառույցն ու կարեւորագույն արժեքներից մեկը, 19 տարեկան է: Պետք է նշել, որ Հայաստանի անկախացման ու Արցախի ազատագրման հետ միասին, ամենակարեւոր խնդիրը ՀՀ զինված ուժերի ստեղծումն ու կայացումն էր, քանզի զինված ուժերն են Հայոց անկախ պետականության եւ ազատագրված Արցախի գլխավոր երաշխավորը: Հայոց զինված ուժերը ստեղծվեցին ծանրագույն պայմաններում՝ Ղարաբաղյան պատերազմ, շրջափակում, արտագաղթ, բայց ստեղծվեցին ու կայացան, զարգացան ու հզորացան: «Բանակը ազգային արժեք է…». սա Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, մի անհատի, որը կանգնած էր Հայաստանի, ԼՂՀ-ի նորանկախ պետականության, զինված ուժերի ստեղծման հիմքում: Պետք է հիշել արցախյան գոյամարտի մասնակից կամավորականներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրեցին ու պաշտպանեցին մեզ եւ մեր հողերը եւ եղան հայկական բանակի առաջին հիմնաքարերը: Եվ, իհարկե, ամենաբարձր գնահատականի է արժանի ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, որոնց բարձր գիտակցության եւ ամենօրյա աշխատանքի արդյունքն են մեր ուժեղ եւ մարտունակ զինված ուժերը: Իհարկե, ցավալի է, որ մեր զինված ուժերում տեղի են ունենում ողբերգական դեպքեր, օրենքի եւ կանոնադրության խախտումներ, բայց վստահ եմ, որ դրանք արագորեն կվերացվեն: Աշխարհի որեւէ բանակ զերծ չէ արատներից: Մեր բանակը իր մարտական, որակական հատկանիշներով համարվել եւ համարվում է Անդրկովկասի լավագույն բանակը, իսկ տարածաշրջանում եւ ԱՊՀ-ում՝ լավագույն զինված ուժերից մեկը, իր հետեւում թողնելով տնտեսապես ավելի զարգացած, ռեսուրսներով հարուստ ու տարածքով մեծ երկրների: Բնականաբար, առողջ քննադատությունը եւ կառուցողական մոտեցումը միշտ էլ օգտակար են լինում գործին, եւ այն, որ հասարակությունը իրազեկ է լինում բանակում կատարվածին, դա առաջին հերթին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի եւ բանակի ղեկավար կազմի շնորհիվ է, որոնք որդեգրել են ոչ թե իրականությունը կոծկելու ոճը, այլ հասարակության հետ բաց ու թափանցիկ աշխատելը:

Չի կարելի օգտվել իրավիճակից եւ տեղի ունեցածին քաղաքական կամ անձնական երանգ հաղորդել՝ դրանով փորձելով դիվիդենդներ շահել, ուշադրություն չդարձնելով, որ վարկաբեկվում է բանակը, մեր ամենակարեւոր ու թանկ կառույցը, որը պետք է լինի բոլորիս ամենօրյա ուշադրության եւ խնամքի առարկան: Եղան անթույլատրելի դեպքեր, բայց չէ՞ որ մենք տեսնում ենք նախարար Ս. Օհանյանի, փոխնախարար, գեներալ-մայոր Վ. Գասպարյանի եւ բանակի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հստակ դիրքորոշումը՝ գտնելու, պատժելու, արատավորը արմատախիլ անելու, բարեփոխումներ կատարելու, դեպի լավը գնալու տրամադրվածությունն ու վճռականությունը: Չէ՞ որ զինված ուժերում տեղի ունեցածի համար բարոյական պատասխանատվություն ենք կրում մենք բոլորս: Ընտանիք, դպրոց, փողոց, համալսարան. ահա այն խողովակները, որոնցով անցնում է արդեն բանակում հայտնված պատանին՝ իր մեջ կրելով հասարակությունում տիրող արժեքային համակարգի դրոշմը: Այստեղ է, որ մենք մեծ աշխատանք ունենք անելու: Չմոռանանք, որ Հայոց զինված ուժերը իրենց հաջողություններով, գրանցված արդյունքներով շատ ավելի առաջ են, քան պետության մյուս կառույցները: Հպարտանա՛նք այս ցուցանիշով եւ բոլորս աշխատենք, որ այն պահպանվի ու զարգանա: Չէ՞ որ բանակը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության պաշտպանն է, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների տարածքային ամբողջականության, այդտեղ ապրող քաղաքացիների անվտանգության գլխավոր երաշխավորը: Չէ՞ որ, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքից՝ մեր բոլորի եղբայրներն ու զավակներն են ծառայում ու պիտի ծառայեն ՀՀ զինված ուժերում:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ, մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»: Մեր ժամանակներում, եւ ընդհանրապես, այս միտքը շատ արդիական է: Բողոքելուց առաջ մի պահ մտածենք, թե նախ ինչով կարող ենք օգնել: Օգնենք, որ մեր զինվորը, որը մեր եղբայրն է եւ ամենաթանկ կապիտալը, գնա ծառայելու ազգային ինքնագիտակցությունը իր մեջ կրելով, պարտքի զգացումով: Օգնենք, որ հասարակությունը ավելի շատ սիրի իր բանակը, ավելի շատ հոգա նրա մասին, չէ՞ որ մենք գտնվում ենք «ննջող» պատերազմի մեջ, որը կարող է ամեն պահի զարթնել եւ այդ ժամանակ բանակն է, որ պաշտպանելու է մեր սահմանը, հողը, տունը, մեզ բոլորիս: Բանակը այս ժամանակահատվածում ոչ միայն արդարացրել է իրեն, այլեւ իր ունեցած հաղթանակներով, հաջողություններով կատարել սպասվածից ավելին: Համոզված եմ, որ առաջիկայում բարեփոխումները կշարունակվեն ավելի արագ տեմպերով: ՀՀ զինված ուժերը կշարունակեն համալրվել հայրենական եւ արտերկրյա բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունները ավարտած սպաներով, կմեծանա բանակի մտավոր պոտենցիալը:

Այսպիսով պետք է հիշել, որ առողջ մտքերը ծնվում են նաեւ կառուցողական քննադատության, քննարկումների եւ բանավեճերի արդյունքում, սա յուրաքանչյուր գործի անբաժանելի մասնիկն է: Լինենք համախմբված մեր Հավատքի, Պետականության, Բանակի շուրջ: Աշխատենք, որ մեր երկրում քրիստոնեական արժեքները եւ ազգային գաղափարները միշտ լինեն առաջնային ու շարունակեն ապրել մեր ինքնագիտակցության մեջ, որպես գլխավոր գործոն: Փորձենք հասարակության մեջ ավելացնել միասնության, հանդուրժողականության տարրը: Այդպիսով օգնած կլինենք մեր բանակին, այնտեղ ուղարկելով հավատքով զինված, ազգային նկարագիր ունեցող պատանու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել