Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՇՈՐ ՀԱԳՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼԻՍ

Մարտ 24,2011 00:00

\"\"ԸՕ երկու նախագծերը քննարկվեցին, մեկը գնահատվեց «ռադիկալ», մյուսը՝ «կոնսերվատիվ»

Խորհրդարանը երեկ շարունակեց «Ընտրական օրենսգրքի» կոալիցիոն եւ այլընտրանքային՝ Դաշնակցության օրինագծերի քննարկումները: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե կուզենար, որ աշխատանքային խումբը քննարկումները հասցնի այն աստիճանի, որ ընդդիմությունը դեմ չքվեարկի կոալիցիայի նախագծին, ինչպես մեկ անգամ արդեն եղել է մոտ հինգ տարի առաջ: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե կոալիցիայի ներկայացրած նախագիծը «կոնսերվատիվ է», իսկ Դաշնակցության նախագիծը՝ «ռադիկալ»: Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը կարծիք հայտնեց, որ կոալիցիայի առաջարկած փոփոխությունները չեն կարող բերել ընտրական նոր որակների: Ըստ պատգամավորի՝ վատ ընտրությունների պատճառներից մեկը մարդկային գործոնն է, մյուսը՝ վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների անհրաժեշտ գիտելիքների պակասը: Արմեն Ռուստամյանը նկատեց, որ մինչ այժմ եղած որեւէ ԸՕ-ի մեջ կետ չկա լցոնումների մասին, բայց՝ լցոնում են, կետ չկա կարուսելների մասին, բայց՝ պտտեցնում են, կետ չկա նկարչության մասին, բայց՝ «նկարում» են: Ըստ Արմեն Ռուստամյանի, ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում իրենք առաջարկում են կենտրոնանալ որոշումների կայացման անկողմնակալության վրա: Պատգամավորը նկատեց, որ ընտրության հայկական ֆենոմեն է այն, որ «ընտրությունն ավարտվում է, եւ ընտրության մասնակիցների մի թիվ է հրապարակվում, ընտրություններից մի քանի ժամ հետո՝ գիշերից հետո, մեկ այլ թիվ է հրապարակվում, փաստորեն, Հայաստանում քվեարկում են նաեւ գիշերը»: ԲՀԿ խմբակցության անունից խոսելով՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հայտարարեց, թե դեմ է համամասնական հարյուր տոկոսանոց ընտրակարգին, եւ կարեւորեց մեծամասնականը՝ որպես երեք անգամ այդ կարգով ընտրված պատգամավոր. «Իրականում ԸՕ-ն ինչպիսին էլ լինի, կարելի է լավ ընտրություններ անցկացնել, եթե կա քաղաքական կամք»: Կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի մեծամասնականով ընտրված պատգամավորները միաձայն գովերգում էին մեծամասնական ընտրակարգը եւ հիմնականում իրենց փաստարկները սրանք էին՝ բա ո՞ւմ պետք է զանգի կամ նամակ գրի ընտրողը, ումի՞ց պետք է խնդրի, որ իր հողի հարի, ջրի եւ այլ հարցեր լուծի: Միակը, թերեւս, Կորյուն Նահապետյանն էր, որը դեմ արտահայտվեց մեծամասնական ընտրակարգին: Ավելի ուշ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց, ի դեպ, ոչ միայն նրան, այլեւ անկախներ Վիկտոր Դալլաքյանին եւ Տիգրան Թորոսյանին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ էր ընտրատարածքների նկարահանումներին, եւ իր փաստարկը սա էր. «Գյուղերում հարսները պետք է մտածեն, թե ինչ շոր հագնեն, գնան ընտրության, որ հանկարծ նկարահանող ապարատի տակ չընկնե՞ն եւ հեռուստացույցով ցույց չտրվի՞: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր է դարձնում նրանց, ովքեր փորձում են կեղծումով զբաղվել»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանելով հնչած հարցադրումներին, որոնցից մեկն էլ այն էր, թե ի վերջո՝ ո՞վ է պատասխանատու ընտրությունների անցկացման համար, ասաց. «Ցանկացած սկզբունքով ձեւավորված հանձնաժողովների պարագայում ընտրությունների պատասխանատուն պետությունն է»: Նաեւ նկատեց, որ քննարկվող երկու նախագծերն էլ «ժողովրդավարական, արդար, թափանցիկ ընտրություններին ուղղված քայլեր են: Ես այս երկու նախագծերը չեմ հակադրում իրար, եւ այն, որ կառավարությունը դեմ է արտահայտվել մի նախագծին եւ կողմ է մյուսին, դա չի նշանակում, որ մյուսում արտացոլված դրույթները կյանքի իրավունք չունեն: Պարզապես այդ խնդիրների լուծումը յուրաքանչյուրը յուրովի է տեսնում»:
Երկու օրինագծերի համազեկուցող Արա Սիմոնյանը համաձայն չէ, թե վատ օրենսգրքով եւս կարելի է լավ ընտրություններ անցկացնել, ինչպես պնդում էին որոշ պատգամավորներ, քանի որ, իր կարծիքով, առկա սողանցքները ոմանք կարող են օգտագործել ընտրական խախտումների համար: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հակադարձելով այն պատգամավորներին, որոնք կողմ են մեծամասնականին, ասաց, որ մեծամասնական ընտրակարգը նրա համար չի, որ պատգամավորը տանիքներ վերանորոգի, նպաստներ բաժանի եւ այլ սոցիալական խնդիրներ լուծի, եւ հիշեցրեց, որ ԱԺ մանդատը կենցաղային խնդիրներ լուծելու համար չէ. «Հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելը այսօր խիստ հրատապ է, որպեսզի քաղաքական համակարգը կայանա, երկիրը զարգացման նոր հարթություն տեղափոխվի, եւ այդ քաղաքական համակարգում սեռային ներկայացվածությունը պետք է լինի պատշաճ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել