Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք

Մարտ 26,2011 00:00

«Հայրենիքից հեռու, հայրենիքի հետ»

\"\"

Այսպիսի ենթավերնագրով է սկսվում հրապարակախոս Անժելա Սահակյանի «Իրական պատկերներ» գիրքը, որի հեղինակն արդեն 10 տարի գտնվում է Փարիզում, սակայն ժողովածուն լույս է տեսել Երեւանում:
Հայ հասարակությունը Ա. Սահակյանին կարող է հիշել մի շարք ինքնատիպ տեսաֆիլմերով: Սակայն նրան ավելի լավ կհիշեն հեռուստադիտողները, քանի որ նա երկար տարիներ, մինչեւ իր հարկադրական փախուստը հայրենիքից՝ 2001-ի աշունը, աշխատել է հայկական հեռուստատեսության գրական-գեղարվեստական հաղորդումների բաժնում եւ «Լրաբերում»՝ իբրեւ խմբագիր-հրապարակախոս: Այժմ էլ արդեն Փարիզում աշխատում է AYP FM հայկական ռադիոյում, որտեղ նա վարում է երեք հաղորդաշար՝ «Արցախապատում», «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» եւ «Հայ մամուլի տեսություն»: Անժելա Սահակյանի ներկա ժողովածուն մի յուրատեսակ ծաղկաքաղ է նրա՝ վերջին տարիներին հատկապես արտերկրում ստեղծած հրապարակախոսությունից, թեպետ նա բանաստեղծություններ եւս շատ ունի, որոնց մի մասը տպագրվել է 1990-ին լույս տեսած «Կամուրջներ» գրքում:
Որպեսզի շատ մանրամասն չանդրադառնանք գրքի ողջ շարադրանքին, կարելի է նշել դրա յոթ խորագրերը՝ մեր արդեն հիշատակածին հաջորդում է «Երբ ցավը դառնում է ցասում», «Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է», «Հույս Հայաստանի համար», «Հոգու հրաշագեղ գույներ», «Ահա այսպիսին են հայ մեծերը» եւ «Արցախ ասելիս սիրտս ցավով է լցվում»:
Հեղինակը լինելով երդվյալ հայրենասեր եւ Արցախի նվիրյալ՝ ծնվել ու հասակ է առել Գանձասարին մոտիկ Վանք գյուղում, Արցախի թեման, առանձին բաժին հատկացնելուց բացի, շոշափում է նաեւ իր գրեթե բոլոր նյութերում:
Գրքում տեղ են գտել ակնարկներ եւ հարցազրույցներ ֆրանսահայ հասարակական գործիչների ու մտավորականների, ինչպես նաեւ Հայաստանից Փարիզ ժամանած նշանավոր հայ մարդկանց հետ:
Գրքում լայնորեն լուսաբանվում են Սփյուռք-Հայաստան կապերը, հետեւողականորեն ընդգծվում են հայապահպանության ազգանվեր խնդիրները, հեղինակը խոր ցավով է վերլուծում արտագաղթի կործանարար երեւույթը, իրավամբ այն համարելով մեր ժողովրդի գլխին կախված 2-րդ ցեղասպանություն: Եվ ցավալին այն է, որ ինչպես եւ ինքը՝ շատերը հեռանում են հայրենիքից, փախչելով անարդարություններից, հալածանքներից, ի վերջո, նաեւ կյանքին սպառնացող վտանգից:
Նա անչափ կարեւորում է ազատ խոսքը, որը ճշմարիտ առաջընթացի առաջին եւ կարեւոր նախապայմանն է, եւ ցավով է նշում, որ այն դեռեւս հետապնդվում ու անգամ գնդակահարվում է՝ ինչպես եղավ Տիգրան Նաղդալյանի հետ, որի մասին գրում է խոր կսկիծով: Ես էլ հիշում եմ երիտասարդ լրագրող Մհեր Սահակյանին, որը ծառայած լինելով նորաստեղծ հայոց բանակում, նաեւ վիպակ էր գրում այդ մասին, խորությամբ վեր հանելով բանակում արմատավորվող անցանկալի բարքերը: Համապատասխան բարձրաստիճան զինվորականները ծանոթանալով ձեռագրերին, չաջակցեցին, որ այն տպագրվի: Ավելին, ոչ ոք նրան չպաշտպանեց իր ճշմարտացի հոդվածների համար հալածանքների ենթարկվելուց, որի պատճառով նա ստիպված ընտանիքով հեռացավ հայրենիքից:
Գրքում հեղինակը ճշմարտացի ներկայացնելով, թե ովքեր են մնացել հայրենիքում՝ հիմնականում հզորները եւ անճարները, առաջ է քաշում նաեւ ներգաղթի հնարավոր պայմանները. «Առաջին հերթին պետք է մտածել երկրի ժողովրդի մասին, ապահովել նրանց ամեն ինչով: Եվ երբ հայրենիքից հեռու մարդը լսի, որ Հայաստանը դարձել է բարգավաճ երկիր, առանց երկմտելու կվերադառնա Հայրենիք…»:
Գիրքն ավարտվում է մի հարցազրույցով, որը մեկ ուրիշն է վարել հեղինակի հետ, այստեղ վերջին հարցին, թե լինելով այդքան զգացմունքային մարդ, ինչպե՞ս եք ապրում հայրենիքից հեռու, Անժելա Սահակյանը պատասխանում է. «Միանգամից ասեմ, որ ամեն առավոտս բացվում է այսպես. այս ո՞ւր եմ, ի՞նչ եմ անում այստեղ, ո՞ր մեղքիս համար…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել