Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐՈՒՄ ԵՆ «ՌՈՒՄԲԻ ՎՐԱ»

Մարտ 30,2011 00:00

Պտղնիի համայնքապետի սխալի պատճառով բնակիչն ու իր տունը մոխրացման վտանգի տակ են

Պտղնի համայնքի բնակիչ Մելանյա Հայրապետյանի ընտանիքն ապրում է ահուդողի մեջ: Նրանց տունն ամեն րոպե կարող է մոխրանալ ու ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ճակատագրական լինել: Մի անզգուշություն, մի թեթեւ սխալ՝ եւ ակնթարթային արագությամբ տունն իր բնակիչներով կարող է օդ բարձրանալ: Բանն այն է, որ Հայրապետյանների բնակելի տան տարածքում՝ ընդամենը 7,5 մետր հեռավորության վրա, տեղադրված է «Հայէլցանցերի» բարձր լարման հենասյուն, որը էներգետիկ վտանգավոր օբյեկտ է՝ 35 կՎ լարման: Սահմանված կարգի համաձայն, մինչեւ 35 կՎ լարման օդային գծերից պետք է պահպանվի հեռավորություն՝ առնվազն 15 մետր:

Բնակելի տունն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, օրինականացված է, ունի սեփականության վկայական: ՀԷՑ-ը նույնպես էլեկտրասյան կառուցման համար բոլոր նորմերին հետեւել է, ուստի, քանի որ բնակիչների կյանքի հարցն է, եւ իրենք են ավելի շահագրգիռ խնդրի լուծման գործում, Հայրապետյանները պետական դռներն ընկած՝ փորձում են պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ անեն՝ տո՞ւնը տեղափոխեն, թե՞ էլեկտրասյունը եւ, որ ամենակարեւորն է՝ այդ ամենն ո՞ւմ գրպանի հաշվին պետք է անեն: Մասնագիտական հաշվարկներով՝ էլեկտրասյան տեղափոխման հարցը բավականին մեծ ծախսերի հետ է կապված, մոտ 10 մլն դրամ է անհրաժեշտ, իսկ այդ գումարը, բնականաբար, քաղաքացու գրպանում դրված չէ, որ տա ու հանուն իր անվտանգության՝ էլեկտրասյունը տեղափոխեն: Արդեն մի քանի տարի է՝ Մելանյա Հայրապետյանը բազմաթիվ դիմումներ է գրել տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարություններ, ՀԷՑ, Կոտայքի մարզպետարան ու համայնքապետարան: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2009-ի հուլիսին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին գրություն է ուղարկել, որ համայնքապետի ու ՀԷՑ-ի հետ քննարկեն էլեկտրասյան տեղափոխման հարցն ու արդյունքների մասին իրեն տեղյակ պահեն: Սակայն մինչ օրս խնդրին որեւէ լուծում չի տրվել: Փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ Մ. Հայրապետյանի հետ քննարկել է խնդիրը եւ նախարարության համապատասխան մասնագետներին հորդորել շտապ զբաղվել խնդրով եւ լուծում տալ դրան: Այս առնչությամբ մեր հարցին՝ ինչո՞ւ նախարարը չի հետեւում, որ իր խոսքերը մարզպետներն ի կատար ածեն եւ այս 2 տարվա ընթացքում ինչո՞ւ նախարարության աշխատակիցներն էլ խնդրով չեն զբաղվել եւ որեւէ լուծում չեն տվել՝ տարածքային կառավարման նախարարությունից պատասխանել են, որ այդ հարցին լուծում տալն իրենց կանոնադրական գործառույթներից դուրս է. «Քանի որ խնդիրը համայնքային նշանակության է, այն պետք է լուծի համայնքը՝ սեփական միջոցներով: Նախարարի հանձնարարականը կատարվել է, բայց խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու առաջարկով համայնքապետը դիմել է ավագանուն, որն էլ, սակայն, առաջարկությունը մերժել է»:

Նշենք, որ բարձր լարման գոտում Պտղնիի 21 փողոցի 4-րդ տան կառուցման համար Պտղնի համայնքի ղեկավարը տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ դրա հիման վրա նաեւ՝ շինարարության թույլտվություն՝ առանց տեղանքը զննելու եւ ճշտելու, որ այդ տարածքով բարձր լարման օդային գծեր են անցնում: Փաստորեն, համայնքապետը, առանց ՀԷՑ-ի հետ համաձայնեցնելու, կառավարության թիվ 313 որոշման պահանջների խախտումով հողհատկացում է արել ու բնակչին գցել կրակը: Այս 4 տարիների ընթացքում կնոջ պայքարը ոչ մի արդյունք չի տվել: Հիմա ցանկացած պետական դուռ բախելիս, Մելանյայի խնդիրը քաջ իմանալով, միանգամից հորդորում են՝ «Տիկի՛ն, դիմեք դատարան»: «Առավոտի» հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որը նույնպես կնոջը ցույց էր տվել դատարանի տեղը, վստահեցրեց, որ այս պահին դա խնդրի միակ լուծման տարբերակն է. «Մենք բազմիցս քննարկել ենք հարցը, ՀԷՑ-ից պարզել, որ էլեկտրասյան տեղափոխման համար 10 մլն դրամ է պետք: Առաջարկել էինք համայնքի ղեկավարին՝ քանի որ ինքը սխալ թույլ տվողներից մեկն է, թող ֆինանսապես օգնի քաղաքացուն, որ այն տեղափոխեն: Բայց Պտղնի համայնքի բյուջեն տարեկան ընդամենը 29 մլն դրամ է, եթե 10 մլն-ը տա մի քաղաքացու համար, ապա ողջ տարին համայնքն ի՞նչ պետք է անի, ուստի ավագանին էլ համաձայնություն չի տվել մեր առաջարկին: Այս խնդրին միայն դատավորի վճիռը կօգնի, որը կպարտավորեցնի մեղավորներին՝ սեփական գրպանի հաշվին էլեկտրասյունը տեղափոխել: Եթե լուրջ ուսումնասիրենք, միայն համայնքապետը մեղավոր չէ, քաղաքացին էլ խախտումներով է իր տունը կառուցել, ուստի թող դատարանը վճռի՝ ով որքան կվճարի»: Մեր դիտարկմանը, որ գյուղացի մարդը դատարանից որեւէ լավ ակնկալիք չունի, դրա համար էլ վախենում է դիմել՝ մարզպետը պատասխանեց. «Վերջապես ժողովուրդը պիտի կարողանա քաղաքակիրթ տարբերակով հարցերը լուծել, մենք ոչնչով քաղաքացուն օգնել չենք կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել