Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը. 96 տարի անց

Ապրիլ 20,2011 00:00

Հեռուստակամուրջ եւ մրցանակ

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 96 տարին: Երեկ «Հայոց ցեղասպանությունը. 96 տարի անց…» թեմայով հայ եւ ռուս պատմաբաններն ու մասնագետները տեսակամուրջի միջոցով քննարկեցին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, մինչ օրս մարդկությունը որեւէ մեխանիզմ չի մշակել՝ հնարավոր ցեղասպանությունները կասեցնելու համար. «Համամարդկային արժեքները երկրորդ պլան են մղվում: Նախապատվությունը տրվում է ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցությանը»:
Չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի քարոզչամեքենան ջանք չի խնայում ժխտելու 1915 թվականի եղեռնը, տեսակամուրջի հայկական կողմից Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահեցնում է՝ Ցեղասպանությունը ճանաչվելու է:
Տեսակամուրջի ռուսական կողմի ներկայացուցիչ, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը գտնում է. «Վերջերս Ռուսաստանում լույս է տեսել փոքրիկ ժողովածու, որտեղ ֆրանսիացի լրագրող Անրի Բալբիի հուշերն են: Վերջինս կոտորածների ժամանակ եղել է Թուրքիայում… Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները ողողվեցին ոմն Հասանլուի հաղորդագրություններով, թե, իբր, ռուսաստանյան արխիվներում գտնվել է ինչ-որ փաստաթուղթ, որն ապացուցում է, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել եւ որ ադրբեջանցին պատրաստվում է դիմել Եվրադատարան, որպեսզի արգելեն Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները եւ այդպես Թուրքիայի վրայից հանվի այդ մեղադրանքը: Բայց ինչ էլ որ ասեն այդ անձինք եւ ինչ փաստաթուղթ էլ որ ներկայացնեն, հարյուր հազարավոր փաստաթղթեր փաստում են հակառակը»: Վ. Զախարովն ասաց, որ առաջիկա 4 տարիները պետք է արդյունավետ օգտագործվեն Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:
Տեսակամուրջի հայկական կողմի մեկ այլ ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ի պատասխան Վ. Զախարովի, նկատեց. «Ճանաչման գործընթացում պետք է հաշվի առնել ոչ միայն պատմական իրողությունները, այլ խնդրի աշխարհաքաղաքական գործոնը: Մոռանում ենք, որ Թուրքիան ունի որոշակի կշիռ աշխարհաքաղաքական առումով: Բոլոր այն պետությունները, որոնք ընդունում են ցեղասպանությունը, արժանանում են Թուրքիայի նողկալի, ագրեսիայով լի վերաբերմունքին: Միայն հայկական լոբբիստական ակտիվ գործունեությունը կազդի ճանաչման գործընթացի վրա»:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, միջազգային ճանաչումը հայկական կողմի վերջնակետը չպետք է լինի. «Հայ ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, իրավասու է թուրքական կառավարությանը հայցեր ներկայացնել, իբրեւ մի պետության հետնորդի, որն իրականացրել է ցեղասպանությունը: Այնպես որ, եթե հայկական կողմը ճիշտ գործադրի այն բոլոր հնարավորությունները, որ այսօր ընձեռում է միջազգային իրավունքը, ապա մենք կարող ենք քայլ առ քայլ հասնել վերը թվարկվածին»:
Քաղաքագետ Ալ. Իսկանդարյանի բնորոշմամբ, պետք է տարբերակել ազգային թշնամանքի հողի վրա կատարված հանցագործությունները՝ ցեղասպանությունից: Ցեղասպանությունը մի երեւույթ է, որը կատարվում է ոչ թե առանձին ավազակի կամ ավազակային խմբի կողմից, այլ պետության մշակած քաղաքականությամբ: Մինչ օրս որեւէ մեկը չի հերքել ցեղասպանության իրողությունը: Ցեղասպանության փաստը դեռեւս ոչ ոք չի ժխտել. կամ ասում են, որ դա իրենց չի հետաքրքրում, կամ էլ չեն ցանկանում Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները փչացնել:
Հավելենք, որ երեկ հրապարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից սահմանված Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողի անունը: Նա Լոնդոնի համալսարանի պատմության եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է, ով զբաղվում է Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ուսումնասիրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել