Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ՈՒ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ

Մայիս 03,2011 00:00

\"\"Բայց լուրերը շարունակում են շրջանառվել ու գեներացվել

«Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսությունը ես միանշանակ ողջունում եմ, որովհետեւ երկար անորոշությունից հետո քաղաքական դաշտը կամաց-կամաց հստակեցվում է»,- երեկ tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե՝ «միակ ցավս այն է, որ 3 տարի ժողովուրդն այլ կարգախոսների եւ պահանջների տակ է հավաքվել, բայց հիմա պարզվում է՝ այլ խնդիրներ են առաջ քաշվել, այլ կարգախոսներ կան»: Նա ասել է, որ երկխոսությունն ընդդիմադիր մյուս ուժերին չի խանգարում, «բայց ավելի է մեծանում այն ընդդիմադիր ուժերի պատասխանատվությունը, որոնք պայքարում են ոչ թե երկխոսության, այլ ժողովրդի պահանջները լուծելու, երկրում բարեփոխումներն օր առաջ անելու համար»:
Այն, որ իշխանություն-Կոնգրես երկխոսություն է սկսվել կամ կա՝ ՀԱԿ-ում նախ հերքում էին, հետո սկսեցին խոսել «արժանապատիվ գործարքի» մասին, հետո եղան արդարացումներ, թե դրանք քաղբանտարկյալներին ազատ արձակելու ճանապարհ են: ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկի՝ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն էլ «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասաց, թե՝ «ես անկեղծորեն ուզում եմ, որ իշխանությունները կատարեն դրանք, եւ անկեղծորեն ուզում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նստեն երկխոսության: Ինչո՞ւ եմ դա ուզում՝ որովհետեւ տեսնում եմ, որ դա այս իրավիճակից դուրս գալու ամենաընդունելի, ամենաանցնցում, ամենաբարենպաստ ելքն է: Եվ ուզում եմ, որ թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական դաշտում եղած կուսակցություններն ու անհատները հասկանան դա, եթե այլ մոտեցումներ ունեն, իրենք էլ առաջարկություններ անեն»:
Որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը սկսվել է դեռ ամիսներ առաջ, որ դրա հիմքերը դրվել են նույնիսկ անցած տարվա ամռանը՝ իր վերլուծականում ապրիլի 29-ին շեշտել է «պրոկրեմլյան» Regnum.ru-ն՝ վկայակոչելով ոչ միայն «Երկիր» օրաթերթի կայքում ապրիլի 29-ին հրապարակված՝ «Գաղտնի բանակցություններ», այլեւ հենց իր՝ 2010թ. հուլիսի 25-ին հրապարակած «ԱՄՆ-ն Հայաստանում ձեւավորում է Սարգսյան-Տեր-Պետրոսյան նախընտրական դաշինք» հոդվածները, որոնք, ըստ էության, մեկը մյուսի փոխլրացված տարբերակներն են: Այսպես, Regnum.ru-ն դեռ 2010-ի հուլիսին վերոհիշյալ հրապարակման մեջ գրել էր, թե «Հայաստանի քաղաքական դաշտը ազդակներ է հաղորդում, որոնք վկայում են 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ուժերի վերախմբավորման մասին: Այդ պրոցեսն ավելի ընդգծված ու ակտիվորեն ընթանում է արմատական ընդդիմության՝ ՀԱԿ-ի ճամբարում…», ու նաեւ տեղեկացրել էր, թե իր տվյալներով, ՀՀ-ում «ԱՄՆ-ն՝ ի դեմս դեսպան Մարի Յովանովիչի, Հայաստանում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսություն սկսելու ակտիվ լոբբինգ է իրականացնում՝ միաժամանակ ամեն կերպ թեժացնելով մրցակցությունը իշխող կոալիցիայի ներսում՝ ինչպես հենց իշխող ՀՀԿ-ում, որի անդամն է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը»: Regnum.ru-ն այս անգամ վկայակոչելով իր այդ հրապարակումը՝ հիշեցնում է. 2010թ. հուլիսի 27-ին «ՀԺ»-ում, ի պատասխան այդ տեղեկությունների, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այդ տեղեկությունը որակել էր որպես «բացարձակ անհեթեթ», իսկ Լ. Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանն էլ ի պատասխան նույն թերթի հարցին՝ իրենց հանդիպման ընթացքում Յովանովիչն ու Տեր-Պետրոսյանը խոսե՞լ են արդյոք Սերժ Սարգսյանի հետ երկխոսության մասին, ասել էր. «Ես երբեք չեմ հրապարակի խոսակցության թեմաները, դրանք դիվանագիտական զրույցներ են»: Իսկ ահա «Երկիրին» հայտնի են դարձել նաեւ այդ համագործակցության ձեւաչափի որոշ մանրամասներ: Մոտ երկու ամիս առաջ սկսված եւ ընթացող բանակցությունների ընթացքում իշխանությունը ներկայացնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ ընդդիմությունը՝ Լ. Զուրաբյանը, թեեւ ՀԱԿ-ում ոմանք, ովքեր չեն բացառում երկխոսության փաստը, հակված չեն կարծելու, թե ՀԱԿ կողմից բանակցողը կարող է հենց Զուրաբյանը լինել: «Երկիրի» փոխանցմամբ, բանակցությունների անցած շրջանում համաձայնեցվել են ընդդիմության այն երեք պահանջները, որոնք իշխանությունը կատարելու է մինչեւ մայիսի վերջը, իսկ այժմ ընդդիմության ներկայացուցիչը համառորեն փորձում է քննարկման առարկա դարձնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացման մասին ընդդիմության պահանջը: «Առավոտի» տեղեկություններով՝ այդ պահանջն էլ, կարծես թե, իշխանությունների համար սկզբունքորեն ընդունելի է, բայց որոշակի պայմանների առկայության պարագայում: Թերեւս, հենց այդ հանգամանքն է, որ հայտնի է դարձել ոչ միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանին, այլեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանին, որոնք երկուսն էլ վերջերս բարձրաձայնեցին արտահերթ ընտրությունների շուրջ ՀԱԿ-իշխանություն հնարավոր համաձայնության մասին: Երեկ «Առավոտին» ի պատասխան՝ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը դեսպան Յովանովիչի միջնորդությամբ երկխոսության մասին տեղեկությունն անհեթեթություն անվանեց, իսկ տիկին Յովանովիչը օրերս մի պատեհ առիթով նույն հարցին բացասական պատասխան տվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել