Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՐԱՄԱՍՆ ԸՆՏԱՆԻՔԻՑՍ ՀԱՐԱԶԱՏ ԷՐ ԴԱՐՁԵԼ»

Մայիս 07,2011 00:00

Նուբարաշենի զորամասի 5-րդ բանակային կորպուսի բուժկետի պետ Սիրանուշ Խաչատրյանը համոզված է, որ բանակային համակարգում կնոջ դերն առավել քան կարեւոր է:

ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ
\"\"Սիրանուշ Խաչատրյանը բնակվում է Շենգավիթ համայնքում, ունի երեք զավակ՝ մեկ տղա եւ երկու աղջիկ: Որպես հատուկ գնդի բուժքույր՝ ծառայության է անցել 1991 թվականի մարտի 1-ին. «Առաջին իսկ օրվանից բոլոր զինվորներն ու սպաներն ինձ հարազատ դարձան: Ես ուզում էի կռվի դաշտ մեկնել, սակայն հրամանատարս՝ գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը, ինձ հետ էր պահում՝ նկատի ունենալով իմ ընտանեկան վիճակը»: Արդեն 1993 թվականին Սիրանուշ Խաչատրյանը դեղատան պետ էր եւ գործի մեկնում էր դիրքեր. «Որոշ դեղորայք անձամբ պետք է տանեի: Եղել եմ Լաչինում, հերթապահել եմ Գորիսի հիվանդանոցում, սակայն կռվի թեժ պահերին հիմնականում Քելբաջարում էի»: Առաջին անգամ տիկին Սիրանուշի համար պատերազմը հանկարծակիորեն ազդարարեց իր մասին. «Ես ատամի խնդիր ունեի եւ մինչ Քելբաջար գալը՝ այն հեռացրին, սակայն Քելբաջարում ցավը կտրուկ բռնեց, ինձ ուժեղ ցավազրկող տվեցին ու ես քնեցի: Հաջորդ օրը ժամը 10.30-ին վեր կացա ու տեսա, որ շրջապատում ոչ ոք չկա, գնացի կապի վրան եւ հետաքրքրվեցի, թե ո՞ւր են մյուսները, ինձ պատասխանեցին, որ գիշերը ժամը 6-ին կռիվ է սկսվել: Ես ոչինչ չեմ զգացել, քանի որ դեղի ազդեցության տակ խորը քնած էի»: Կռիվը սկսվել էր ներկայիս Ջիվան ավանում, որն առավել խոցելի դիրք ուներ: Գիտակցելով պահի կարեւորությունը, տիկին Սիրանուշը միանգամից սթափվում է եւ անցնում իր պարտականությունների կատարմանը: Թեժ կռիվները շարունակվեցին երեք օր անընդմեջ, վերջին օրը հրամանատարը Սիրանուշին հորդորում է մեկնել Քելբաջարից: Սիրանուշն այդպես էլ անում է, քանի որ նա բուժկետի պետն էր եւ նրա հսկողության տակ էին զորամասի ճաշարանի աշխատանքը, բուժսպասարկման \"\"կազմակերպումը, հիգիենիկ կանոնների պահպանումը: «Սակայն ինձ ձգում էր կռվի դաշտը»,- ասում է մեր զրուցակիցը: Եվ երկու-երեք ամիսը մեկ Սիրանուշ Խաչատրյանը մեկնում էր Քելբաջար: Իր \"\"զավակներին խնամում էր քույրը. «Ամեն անգամ երեխաները ասում էին քրոջս՝ մորաքո՛ւյր, եթե մաման գա՝ մատաղ ենք անելու, չէ՞. այդ ժամանակ երեխաներս 4-6 տարեկան էին: Սակայն, ինչքան էլ որ զարմանալի է, զորամասն ընտանիքիցս հարազատ էր դարձել ինձ»: Կռվի դաշտում գերիշխողը փոխօգնության հարաբերություններն էին, տիկին Սիրանուշը հիշում է, որ իրենց զորամասը նման էր մի կուռ ընտանիքի. «Հիմա զորամասում կան սպաներ, որոնց ես նույնիսկ չգիտեմ, սակայն պատերազմի ժամանակ բոլորս հարազատ էինք, մի կտոր չոր հացը կիսել ենք, տխրության կամ ուրախության պահերին միշտ իրար կողքի էինք»:

Քելբաջարում ազատամարտիկներն ամեն առավոտ գնում էին դիրքեր, վերադառնում ժամը 6-ին: Ըստ տիկին Սիրանուշի՝ պատերազմի դաշտում պետք է խենթ լինել՝ անտեսելով վտանգները: Նման մտածելակերպը, ըստ նրա, նաեւ նպաստում է մարդու հոգեկան առողջությանը. «Եթե դու անընդհատ մտահոգվեցիր, որ, տե՛ս, զոհվեց իմ ընկերը, ուրեմն շուտով ես էլ կզոհվեմ եւ այլն, ապա դու ահավոր հոգեկան ցնցումներ կապրես»:

\"\"Պատերազմը ավարտվել է, սակայն նույն մտերմիկ մթնոլորտը ցայսօր պահպանվել է զինվորականների շրջանում: Դրա վառ ապացույցն է այն, որ կին զինծառայողներին երբեք աչքաթող չեն անում զինված ուժերում եւ ընդհանրապես պաշտպանության նախարարության գերատեսչություններում: Օրինակ՝ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ամեն զորամաս յուրովի է դիմավորում՝ կան անձնակազմեր, որոնք տոնը դիմավորում են ռեստորաններում, որոշները նախընտրում են անմիջական հավաքույթ կազմակերպել աշխատակիցներից մեկի տանը: Նման պատշաճ ձեւով էլ Մարտի 8-ը նշեցին Նուբարաշենի զորամասում: Իսկ կնոջ դերը բանակային համակարգում առավել քան կարեւոր է. «Կինը նշանակալից տեղ է զբաղեցնում զինված ուժերում, քանի որ նա շատ նուրբ ու հոգատար է զինվորի նկատմամբ: Շատ հուսալքված զինվորների եմ ընդունել, սակայն մտերմիկ զրույցից հետո նրանք այլեւս ինձ չեն դիմել: Իսկ սպան դառնում է ավելի զուսպ, երբ կին է անցնում նրա կողքով, հնարավոր է, որ նա այդ պահին զինվորի վրա զայրացած լինի, սակայն տեսնելով կնոջը, զգոնանում է»,- ասում է բուժկետի պետը: Տիկին Սիրանուշն ասում է, որ ամեն ինչ կանի, որպեսզի պատերազմ չլինի եւ իր դուստրերը չշարունակեն նույն ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել