Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայն ազնիվ է»

Մայիս 07,2011 00:00

Այս չափազանցված ինքնագնահատականը կարելի է գտնել Երեւանի փողոցների պատերին

\"\"

Եթե քայլես Երեւանի փողոցներով, անցնես անցումներով եւ ուշադիր լինես պատերի գրառումներին՝ շատ բան կսովորես: Օրինակ, որ հայն ազնիվ է, հայը խոսում է հայերեն, պետք է «ոչ» ասել աղանդներին: Ցանկանում ես բնակարա՞ն գնել կամ վարձել, աշխատա՞նք ես փնտրում, շաուրմա, լահմաջո պատվիրե՞լ, քեզ արդեն պետք չե՞ն տան չուգունե «պառավոները», այս դեպքերում էլ քեզ կօգնեն նույն պատերի՝ արդեն այլ «ժանրի» գրառումները:

«Պատերին ամրացրած այս թղթերը շատ են փչացնում քաղաքի տեսքը, մանավանդ որ՝ քաղաքացիներն էլ իրենց հերթին դրանք պատռում են»,- կարծում է 26-ամյա Սուսաննա Բարսեղյանը:

Շատ են նաեւ քաղաքական բովանդակություն ունեցող պաստառները՝ ցույցերի վայրի եւ ժամի մասին տեղեկություններից մինչեւ տարբեր քաղաքական գործիչների մասին վիրավորական արտահայտությունները: Սիրային խոստովանությունների, լքված եւ կյանքից հիասթափված երիտասարդների ինքնարտահայտման տեղը կրկին Երեւանի պատերն են դարձել:

«Ինչ է մտածում քաղաքապետարանը այս առիթով՝ հայտնի չէ: Տարին մեկ անգամ մաքրեն, կամ՝ չէ: Գոնե Հանրապետության հրապարակը այս օրին չլիներ: Ինչ ասես չկա գրած, ինչքան տանը մնացած աղջիկ ու տղա կա Երեւանում, իր տվյալներն է թողել Ազգային պատկերասրահի պատերին: Իսկ երբ հրապարակի պատին հայտնվեց հարեւան պետության հասցեին հայհոյանք, հաջորդ օրը այն արդեն չկար»,- ասում է 19-ամյա Լուիզա Սարգսյանը:

Բացի հայտարարություններից ու կոչերից, Երեւանի անցումներում կարելի է հանդիպել գունավոր նկարների՝ գրաֆիթիների, որոնք անցումներին եւ պատերին հետաքրքիր տեսք են տալիս: 25-ամյա Սամվել Ղուկասյանն արդեն մի քանի տարի զբաղվում է այդ գործով: «Կարծում եմ, յուրաքանչյուրի համար ավելի հաճելի է տեսնել այս նկարները, քան կեղտոտ պատերն ու անիմաստ հայտարարությունները: Օրինակ՝ մեր բակում, մեր շենքի պատերին շատ հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներ եմ նկարել: Բնակիչներին էլ է շատ հաճելի, ինձ էլ: Բակն ավելի մաքուր է, յուրօրինակ ու գեղեցիկ: Չնայած շատ հաճախ մեր կատարած աշխատանքի վրա փակցնում են հայտարարություններ»:

Սակայն ոչ բոլորն են, որ կիսում են Սամվելի տեսակետը: «Այսպես կոչված՝ գրաֆիթիները մեր «ոսկե երիտասարդության» դեմքն են: Նրանք ուզում են ամերիկյան ճաշակը, ամերիկյան կեղտն ու անշնորհքությունը մտցնել Հայաստան: Բայց սա մեզ սազական չէ»,- այսպես է կարծում 82 տարեկան փայտամշակ Վռամ Սողոմոնյանցը:

Ստացվում է՝ մեզ սազական են կեղտոտ քաղաքը, պատերի վրա ամրացրած կիսապատռված թղթերը, ինչպես նաեւ գարշահոտ անցումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել