Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 04,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնչորսերորդ

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ԱՆԴԻՆ

Հիմա սկսում եմ հասկանալ նաեւ, որ ինչքան էլ ինտերնետը զարգանա, անկարող է սերունդների ուրախությունը հաջորդ սերունդներին փոխանցել, չնայած, այնուամենայնիվ, էս առումով ինտերնետը մի կարեւորագույն բան սերունդներին փոխանցում է, այն է՝  Լեոնիդ Ենգիբարովը ոչ թե հայկական նեղազգային դեմք է, այլ՝ միջազգային, համաշխարհային ու համամարդկային, ու նաեւ էդ է պատճառը, որ ռուսական սայթերում Լեոնիդի ազգանունը ոչ թե Ենգիբարյան է, այլ՝ Ենգիբարով, ու հիմա արդեն ես էլ եմ սկսում Ենգիբարով գրել, որովհետեւ դեռեւս հույս ունեմ, որ էս վեպս օրերից մի օր միջազգային որեւէ լեզվով կթարգմանվի, եւ, բացի այդ, ես էն հայրենասերներից չեմ,  ովքեր Սերգեյ Փարաջանովի անունն ու ազգանունը փոխելով՝ Սարգիս Փարաջանյան են ասում ու գրում, եւ Փարաջանովին հիշելով՝ իր մասին էլ պիտի ասեմ, որ ինքն էլ էր մեծատառով Ծաղրածու, եւ մեծատառով Ծաղրածուների թեման  շարունակելով ու զարգացնելով՝ պիտի վերստին վերադառնամ վաթսունականների վերջերն ու հիշելով ասեմ, որ մեծատառով Ծաղրածուների մեջ ամենամեծատառով Ծաղրածուն, այնուամենայնիվ, վաթսունականների վերջերի հայ ֆուտբոլասերն էր, որովհետեւ երբ Գրոզնիի էդ պատմական հաղթանակից որոշ ժամանակ անց Ֆալյանը Հովիվյանին «Արարատից» հեռացրեց, եւ երբ Հովիվյանը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ», Հովիվյանի ֆանատների հոսքը Հանրապետական մարզադաշտ ամենեւին չպակասեց, եւ  Հովիվյանապաշտներից ամենակարկառունները մեզանից տասը կամ ամենաքիչը հինգ ռուբլով էդ մանեթանոց տոմսերն առնելով՝  մուտք էին գործում մարզադաշտ՝ ոչ էնքան «Արարատին» երկրպագելու՝ ինչքան Ֆալյանին սուլելու ու հայհոյելու նպատակով, եւ խաղավարտից հետո՝ երբ հնչում էր մրցավարի եզրափակիչ սուլոցը, Հովիվյանի ֆանատները միահամուռ ու բարձրաձայն վանկարկում էին՝ «Ֆա՛լ-յա՛ն, հե՛-ռա՛-ցի՛ր», եւ «Արարատին» հերթական հաղթանակը պարգեւած Ֆալյանն արագ-արագ հեռանում էր, բայց հաջորդ խաղին վերստին հայտնվում ու «Արարատին» հերթական հաղթանակն էր պարգեւում, եւ մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո արագ-արագ հեռանում ու մտնում էր ստադիոնի փոսը, եւ, հիշում եմ, երբ մի անգամ Ֆալյանն արագ-արագ հեռանալով՝ էդ փոսը մտավ, Հովիվյանի  ֆանատների անփոփոխ ղեկավար Քյավառ Վալոդը Ֆալյանի հետեւից գոռաց՝ «այ ըտե՛նց գետինը կմտնես», ու նաեւ հիշում եմ, որ երբ մերոնք Հանրապետականում Մոսկվայի «Դինամոյին» հաղթեցին, եւ երբ մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո Հովիվյանի ֆանատների խումբն սկսեց գոռգոռալ՝ «Ֆա՛լ-յա՛ն, հե՛-ռա՛-ցի՛ր», արագ քայլերով  հեռացող Ֆալյանը հանկարծ կտրուկ կանգ առավ եւ ֆանատների կողմ շրջվելով՝ ֆանատներին երեքմատանոց  կոմբինացիա ցույց տվեց, այսինքն թե՝ «ա՛ռը թե կհեռանամ», ու էդ պահին արեւմտյան տրիբունայի առաջին կարգերից Ֆալյանի վրա շպրտվեցին ծխախոտի ու լուցկու տուփեր, ինչպես նաեւ՝ բանալիների խրձեր, ինչպես նաեւ՝ քարեր, որոնք չգիտեմ որտեղից էին երդվյալ Հովիվյանականների մոտ հայտնվել, եւ, հիշում եմ, էդ պահին մարզադաշտի վազքուղիներում լիքը միլիցիոներներ կային, բայց նրանցից որեւէ մեկը երդվյալների խաթրին չկպավ, որովհետեւ միլիցիոներներից շատերը, Քյավառ Վալոդի պես, առանց Հովիվյանի՝ ոչ «Արարատ» էին պատկերացնում եւ ոչ էլ՝ ֆուտբոլ, եւ Քյավառ Վալոդին էլ անձամբ էին ճանաչում ու հարգում, եւ, հիշում եմ, երբ Ֆալյանը երդվյալ Հովիվյանասերներին երեքմատանոց կոմբինացիա ցույց տալով՝ փախավ ու գետինը մտավ, միլիցիոներների գլխավորի ցուցումով շարքայիններից մեկը վազքուղուց բանալիները հավաքելով՝ խրձով բերեց ու հարգանքով տվեց անձամբ Քյավառ Վալոդին, եւ Վալոդը բանալիները ջոկջկելով ու իր զինվորներին բաժանելով հրամայեց՝ «գնացի՛նք. էլ անելիք չունենք», եւ դա Հովիվյանի ֆանատների վերջին ցնծությունն էր, ավելի ճիշտ՝ նախավերջինը, որովհետեւ ամենավերջինն էդ դեպքից մի քանի ամիս անց եղավ՝ երբ մերոնք Մոսկվայում «Սպարտակին» 1:0 պարտվեցին, եւ «Արարատի» դարպասը խփված էդ միակ գոլի հեղինակն անձամբ Հովիվյանն էր, բայց Վալոդի ու իր զինակիցների համար Հովիվյանի էդ գոլն ընդամենը սփոփանքի գոլ էր, որովհետեւ «Արարատը» «Սպարտակին» պարտվելուց ընդամենը մի քանի օր առաջ Երեւանում հինգով զրո հաղթել էր Մոսկվայի «Տորպեդոյին», եւ Քյավառ Վալոդի ու իր զինակիցների «Ֆա՛լ-յա՛ն, հե՛-ռա՛-ցի՛ր» կարգախոսն արդեն հեռավոր հիշողություն էր, որովհետեւ բանալիներից ու Ֆալյանի երեքմատանոց կոմբինացիայից մի օր հետո Վալոդին, այնուամենայնիվ, կանչեցին քաղմաս ու խստիվ նախազգուշացրին, որ նման բան կրկնվելու դեպքում խստագույնս կպատժեն, եւ Քյավառ Վալոդը ոչ թե կուրորեն ենթարկվեց ոստիկանության հրամանին, այլ հանդես եկավ սեփական հրամանով, եւ համաձայն Վալոդի հրամանի՝ այդուհետ ամենաերդվյալ ու ամենանվիրյալ Հովիվյանասերները ոտքները կտրեցին Հանրապետական մարզադաշտից՝ բոյկոտելով Ֆալյանի ֆուտբոլն ու տեւականորեն ընկղմվելով  հովիվյանական կարոտախտի մեջ, որովհետեւ «Արարատի» դարպասը խփած էդ գոլը, փաստորեն, Հովիվյանի կարապի երգն էր, եւ հիմա հայկական ֆուտբոլի էս էական մանրամասները հիշելով՝ էլի տարեթվերն ու ամսաթվերը ճշգրիտ չեմ հիշում, եւ հիշելով ու շարունակելով՝ ընդամենը կարող եմ ասել, որ էս հիշածներս ու պատմածներս ընդամենը երկու  կամ, ամենաշատը, երեք տարվա կյանք էր, եւ շատ շուտով, հուրախություն Քյավառ Վալոդի ու բազմահազար Հովիվյանասերների, «Արարատի» հաջողությունների  հիմնադիր Ֆալյանը համատարած ատելությանը չդիմանալով՝ թքեց ու հեռացավ Լենինգրադ՝ «Զենիթ», բայց «Զենիթի» երկրպագուներից էլ չհասկացվելով՝ շուտով Լենինգրադից էլ տեղափոխվեց  Ալմա-Աթա՝ «Կայրաթ», եւ Ալմա-Աթայում ու «Կայրաթում» էլ երկար չհանդուրժվեց, եւ դա Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանի ճակատագիրն էր. այսինքն, Ֆալյանի ճակատագիրը մարդկանցից ու հատկապես ֆուտբոլասերներից չսիրվելն էր,  եւ սա էն դեպքերից է, երբ մարդու մասին ասում են՝ «էս մարդու հացի մեջ աղ չկա», որովհետեւ Ֆալյանը որ թիմ ոտք էր դնում՝ էդ թիմն առաջադիմում էր, ու էդ թիմի մրցաշարային վիճակը կտրուկ ու էականորեն էր բարելավվում, եւ անցյալ  դարի յոթանասունյոթին, երբ «Արարատի» հաջողությունների հիմնադիր Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանն իր մահկանացուն կնքեց Լենինգրադում՝ ֆուտբոլային ու մարդկային բլոկադայի պայմաններում, «Արարատի» հաջողություններն արդեն հիմնավորապես ու վերջնականապես էին ավարտված, եւ Հայաստանի մարզական ու ոչ մարզական թերթերն Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանի վախճանին անդրադարձան էնքանով՝ ինչքանով «Պրավդան» Բորիս Պաստեռնակի ու Նիկիտա Խրուշչովի մահերին էր անդրադարձել, եւ Ֆալյանի մահվան թվականը ճշգրիտ եմ գրում, որովհետեւ ինտերնետում իր կենսագրությունը կա, եւ աղջկաս օգնությամբ ինտերնետում Ֆալյանի կենսագրությունը գտնելով՝ իմացա նաեւ, որ Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանը «Զենիթի» ու «Կայրաթի» արանքում մի տարի էլ Դոնեցկի «Շախտյորին» է առաջ մղել, եւ չնայած ինձ միշտ թվում էր թե՝ Ֆալյանն «Արարատի» չեմպիոնական ու գավաթային հաջողությունները չտեսած է կյանքից հեռացել, ահա պարզվում է, որ լավ էլ տեսել է, ավելի ճիշտ՝ իմացել է, եւ հիմա իր մասին էդ կարեւորագույն  հանգամանքն ինտերնետից իմանալով՝ սկսում եմ մտածել, որ չնայած Ֆալյանի պատրաստած  կադրերի ու Ֆալյանի դրվածքի շնորհիվ չեմպիոն ու գավաթակիր դարձանք, այդուհանդերձ, «Արարատի» էդ աննախադեպ հաջողություններից Արտյոմ Ֆալյանը դժվար թե լիասիրտ ու լիարժեք ուրախացած լինի, որովհետեւ  հատկապես էդ աննախադեպ հաջողությունների պահերին Ֆալյանին հիշող չեղավ, եւ էսքան ուշացումով Ֆալյանին ու իր դրամատիկ կյանքը հանկարծակի հիշելով՝ հասկանում եմ, որ մարդիկ ամենից ավելի անարդարությունից են նեղվում, եւ հատկապես նեղվում են՝ երբ անարդարությունն անձամբ իրենց նկատմամբ է կատարված ու տեղի ունեցած լինում, եւ հիմա Ֆալյանի կյանքի որոշ մանրամասներ ինտերնետից քաղելով՝  մտածում եմ, որ ինտերնետի բացակայության պայմաններում սերունդները Ֆալյանի մասին էսքանն էլ չէին իմանալու, չնայած, այսուհանդերձ, Ֆալյանի նկատմամբ ինտերնետն էլ է որոշակի անարդարացիություն հանդես բերել, որովհետեւ Ֆալյանի սայթի «մարզչական կարիերան» բաժնում իր ու «Արարատի» մասին ընդամենը մի տող է  գրված՝ 1965-1967-«ԸՀԸՀԸՁ». այսինքն, եթե ես իմ էս բոլոր տեսածները չգրեի,  ֆուտբոլասերների նոր սերունդը չէր իմանալու թե՝ էդ երկու թվականների նեղլիկ արանքում ինչքան ուրախություն ու մանավանդ տխրություն է ամփոփված, բայց ճակատագիրն անարդար է ոչ միայն Ֆալյանի,  այլեւ Ֆալյանին չսիրողների հանդեպ, եւ առաջին հերթին՝ բժիշկ ու ֆուտբոլի մեկնաբան Լեւոն Դանիելյանի հանդեպ, եւ վերջինս իր ողջ եռանդն ու էներգիան հայկական ֆուտբոլին ու մանավանդ Հովիվյանին տալով եւ կյանքից ու ֆուտբոլից վաղաժամ հեռանալով՝ ընդհանրապես անտեղյակ մնաց չեմպիոն ու գավաթակիր «Արարատից», եւ չնայած իր մահվան թվականն ստույգ չեմ հիշում, ստույգ հիշում եմ ու գիտեմ, որ ինքը ոչ միայն «Արարատի» իսկական  ու վերջնական փառքը չտեսավ, այլեւ «Հրազդան» ստադիոնից ֆուտբոլային խաղ վարելու բախտին էլ չարժանացավ, եւ, ըստ ամենայնի, կյանքից հեռացավ վաթսունիննին կամ յոթանասունին՝ «Արարատի» փառքի նախօրեին. այսինքն, Լեւոն Դանիելյանի հանդեպ ճակատագիրն ավելի դաժան գտնվեց, քան նույնիսկ՝ Ֆալյանի հանդեպ, որովհետեւ ինքը ֆուտբոլասերներիցս էդքան սիրվելով՝ էսօրվա դրությամբ նույնիսկ ինտերնետի ուշադրությունից է  դուրս մնացած, մինչդեռ ինքն ամենասիրվածն ու ամենաճանաչվածն էր՝ էնքան սիրված ու էնքան ճանաչված, որ տարիներ անց Ազգային օպերայի մեներգիչ Գեւորգն անթաքույց հպարտանում էր, որ ինքը Լեւոն Դանիելյանի կնոջ երկրորդ ամուսինն է, եւ Լեւոն Դանիելյանի հանդեպ  ճակատագրի անբարյացակամության ու դաժանության մասին մտածելով՝ ենթադրում էի, որ ինքը վաթսունիննին կամ յոթանասունին հեռացավ կյանքից ու ֆուտբոլից, եւ հիմա, երբ արդեն Ռոլանդի հրատարակած ֆուտբոլային հանրագիտարանից ճշտել եմ, որ ճակատագիրը Լեւոն Դանիելյանի հանդեպ իր դաժանությունը հենց յոթանասունին է կայացրել, վերստին հիշում եմ Լեւոն Դանիելյանի հանդեպ հայ ֆուտբոլասերի  ահռելի սերը, ու էդ սերն իր մեծությամբ Հովիվյանի հանդեպ հայ ֆուտբոլասերի սիրո հետ միայն կարող է համեմատվել, ու հիմա աչքիս առաջ է նաեւ երեւանյան առաջին հանրահավաքը, ու էդ առաջինը ոչ վաթսունհինգին էր ու ոչ էլ ութսունութին, այլ վաթսուներկուսին կամ, ամենաշատը, վաթսուներեքին, ու էդ ամենաառաջին հանրահավաքի մասին էլ ինտերնետում որեւէ վկայություն չկա, ու էդ թվականը չհիշելս էլ է վկայում, որ երեւույթներն ավելի կարեւոր ու հիշարժան են, քան՝ թվականները, ու երեւանյան էդ առաջին հանրահավաքն էլ՝ որ առ էսօր հիշողությանս մեջ միանգամայն առկա ու միանգամայն թարմ է, չտեսնված երեւույթ էր, եւ չնայած չեմ հիշում՝ տարվա որ եղանակն էր, շատ լավ հիշում եմ, որ էդ առավոտ թեթեւ անձրեւ էր մաղում, եւ չնայած թեթեւ անձրեւ էր մաղում, ահագին միտինգավորներ կային, եւ պլակատներն ու պլակատների բովանդակությունն էլ եմ հիշում, ու նաեւ հիշում եմ, որ մենք մեր պլակատով Աբովյանի վրայի հորս արհեստանոցից դուրս եկանք ու հասանք կինո «Մոսկվայի» հրապարակ, որտեղ  լիքը մարդիկ էին հավաքված, եւ հորս գործընկերներ Մանուկն ու Ֆելոն էլ հետներս եկան, եւ, հիշում եմ, իրենց մյուս գործընկերներ Վալոդն ու Ժորան էլ էին ուզում հետներս գալ, բայց հայրս կտրականապես արգելեց՝ նրանց աշխատանքային ինչ-որ հանձնարարականներ տալով, ու էդ էլ էր անարդար՝ ոչ միայն էն առումով, որ Ժորան ինքն էր էդ հանրահավաքի մասին մեզ տեղեկացրել, այլեւ էն առումով, որ մեր էդ պլակատն էլ էր հորս հրահանգով Ժորան մի քանի րոպեում գրել բավական հաստ վատմանի վրա, ու էդ վատմանի վրա Ժորան հորս թելադրանքով ու բավական հաստ տառերով գրել էր՝ ՀՈՎԻՎՅԱՆԸ ՄԵ՛ՐՆ Է, ու, հիշում եմ, Ե-ի վրայի շեշտը հայրս անձամբ ավելացրեց, եւ երբ Ժորայի գրածը չորացավ, հայրս պլակատը կլորացնելով՝ ռեզինով կապեց ու տվեց Ֆելոյին, եւ երբ հասանք կինո «Մոսկվա», անձրեւը կտրվեց, ու ծիածանը կամար կապեց, եւ չնայած էդ հանրահավաքն իշխանությունների կողմից արտոնված չէր, ահագին ժողովուրդ էր ինքնաբուխ կերպով հավաքվել, եւ, բնականաբար, լիքը միլիցիոներներ էլ կային, եւ չնայած էդ հանրահավաքն արտոնված չէր, միլիցիոներները ոչ ոքի չէին քաշքշում ու «Երեւան» հյուրանոցի մոտից սուսուփուս հետեւում էին իրադարձությունների ընթացքին, եւ երբ Քյավառ Վալոդի հրահանգով մի քանիսը պլակատները բացեցին ու բարձրացրին, հորս հրահանգով էլ Ֆելոն մեր պլակատը բացեց ու գլխավերեւում պահեց, ու էդ ժամանակ, հիշում եմ, միլիցիոներներից մի քանիսը մոտեցան Ֆելոյին, եւ երբ Ֆելոն վախեցած նայեց միլիցիոներներին, միլիցիոներներից ամենատարեցը մեր պլակատին նայելով՝ Ֆելոյին կամացուկ ասաց՝ «մի՛ վախեցիր, տղա ջան» եւ ժպտալով ավելացրեց՝ «ուզում ենք տեսնենք՝ ի՞նչ եք գրել», ու միլիցիոներները պլակատները տնտղելով ու պլակատների բովանդակությանը ծանոթանալով՝ քթների տակ խնդմնդում ու իրար  ականջի փսփսում էին, ու միլիցիոներների հետեւներից գնալով՝ ես էլ էի պլակատներն ուսումնասիրում, եւ ամենահիշարժանը ռուսերեն պլակատն էր՝ ԹԿիՆԾԼՁժ թԿԸՀ թԸհկԸՀշծ, ԹժՀծԼՁժ հԸՀԽԼհԸ ԿԹԼԹշծԸ, եւ, հիշում եմ, միլիցիոներներն ու բոլորն ամենից երկար էդ ռուսերեն պլակատին էին նայում, եւ միլիցիոներներն էդ ռուսերեն պլակատին բավական երկար նայելուց հետո վերստին կուտակվեցին «Երեւան» հյուրանոցի մայթին, եւ որպեսզի ձեզ համար էլ պարզ լինի՝ դա ինչ հանրահավաք էր, մանրամասնելով ասեմ, որ վաթսուներկուսի կամ վաթսուներեքի  էդ անձրեւոտ օրը կինո «Մոսկվայի» դեմդիմաց տեղի էր ունենում հայոց առաջին հանրահավաքը, որն ինքնաբուխ սկսելով՝ Քյավառ Վալոդի կազմակերպչական էնտուզիազմի շնորհիվ առնվազն մի ժամ շարունակվեց, եւ չնայած թվականն ու տարվա եղանակը  ճշգրիտ չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ «Երեւան» հյուրանոցի մոտ կուտակված միլիցիոներները շփոթված իրար էին նայում, եւ որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի էդ, ուրեմն, ամենաառաջին հանրահավաքի նպատակը, ավելացնեմ, որ հայոց էդ առաջին հանրահավաքն ինքնաբուխ ու նաեւ Քյավառ Վալոդի ջանքերով կազմակերպվել էր՝ ի պաշտպանություն հայկական ֆուտբոլի գերաստղ Հովիվյանի,  ավելի ճիշտ՝ ի պաշտպանություն հայկական ֆուտբոլի, եւ որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, ավելացնեմ նաեւ, որ էդ պահի դրությամբ՝ Հովիվյան Սաքոն արդեն բանակում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ում էր, ու առաջ ընկնելով ասեմ նաեւ, որ ինքնաբուխ ու նաեւ Քյավառ Վալոդի ջանքերով տեղի ունեցած էդ առաջին հանրահավաքն էական նշանակություն ունեցավ, եւ ընդամենը մի քանի օր անց Մոսկվայից ու ԲԿՄԱ-ից Հովիվյանը փառքով ու պատվով վերադարձավ Երեւան, եւ Հովիվյանի փոխարեն էլ Գոհար Գասպարյանին ու որեւէ մեկին Մոսկվա չտարան, եւ չնայած Գոհար Գասպարյանի Մոսկվա ու Մեծ թատրոն մեկնելուն ժողովուրդն առանձնապես դեմ չէր, դրան էլ անձամբ ինքը՝ Գոհար Գասպարյանն էր կտրականապես դեմ, որովհետեւ Գոհար Գասպարյանը Եգիպտոսից ու օտարությունից միանգամայն ինքնաբուխ կերպով Հայաստան ու հայրենիք տեղափոխվելով՝ բացարձակապես գոհ էր բախտից ու Աստծուց, եւ Մոսկվա ու Մեծ թատրոն չէր էլ երազում, եւ չնայած  Հովիվյանն էլ Մոսկվա ու ԲԿՄԱ չէր երազել, էդ տարի բռնի ու զոռով տարել էին Սովետական բանակում պարտադիր ծառայության, բայց ժողովրդի ու անձամբ Քյավառ Վալոդի ջանքերի շնորհիվ Հովիվյանի ծառայությունն ընդամենը մի քանի օր տեւեց, եւ իմ հիշած ու նկարագրած էդ առաջին հանրահավաքը եզակի էր նաեւ էն առումով, որ, փաստորեն, էդ հանրահավաքում բարձրացված պահանջն իշխանության կողմից ընդամենը մի քանի օրում բավարարվեց, եւ քանի որ էդ հանրահավաքն ամենաառաջինն էր, միլիցիոներները շփոթված իրար էին նայում ու չգիտեին՝ ինչ անեն, եւ, փաստորեն, ոչինչ էլ չարեցին, եւ, հիշում եմ, մենք մեր պլակատով վերադարձանք հորս արհեստանոց, եւ Ֆելոն մեր պլակատը բացելով՝ փակցրեց արհեստանոցի պատին, ու էդ պլակատն էդ պատին մնաց մինչեւ էն օրը՝ երբ Ֆալյանից հեռացված ու Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Հովիվյանը Մոսկվայում «Արարատին» գոլ խփեց, եւ Հովիվյանի խփած էդ գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց «Արարատին», եւ հաջորդ իսկ առավոտ հայրս իր արհեստանոցի պատին տարիներ շարունակ շողշողացող էդ ՀՈՎԻՎՅԱՆԸ ՄԵ՛ՐՆ Է պլակատը պոկեց ու պատառոտեց, եւ չնայած հորս ընկերներն ու մանավանդ Ֆելոն ակնհայտորեն դեմ էին էդ պլակատը հանելուն, հայրս էնքան վճռականորեն էդ պլակատը պոկեց ու պատառոտեց, որ գործընկերները ծպտուն անգամ չհանեցին, եւ, հիշում եմ, հայրս պլակատը պոկելով ու պատառոտելով՝ կտորներն աղբարկղը գցեց, այնուհետեւ ծխախոտ վառեց ու մինչեւ օրվա վերջ որեւէ մեկի հետ որեւէ բան չխոսեց, եւ գործընկերներն էլ ծպտուն չէին հանում, որովհետեւ հասկանում էին, որ հայրս այլ կերպ վարվել չէր կարող, եւ ես էլ էի էդ բանը շատ լավ հասկանում, որովհետեւ  գիտեի, որ հայրս, ի տարբերություն շատերի, Հովիվյանին ու «Արարատին» հավասարապես էր սիրում ու երկրպագում, եւ, հիշում եմ, էդ առավոտ նախքան արհեստանոց մտնելը հայրս Հրապարակի կրպակից «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» առավ, ու ֆուտբոլի աղյուսակն ուսումնասիրելով՝ տեսանք, որ «Արարատը» Հովիվյանի խփած գոլի պատճառով իններորդից տասնմեկերորդ տեղն է տեղափոխվել, եւ դա վաթսունյոթ կամ վաթսունութ թվականն էր, ու էդ մասին էլ ինտերնետում որեւէ հիշատակություն չկա, եւ արդեն հույս էլ չունեմ հարցուփորձով որեւէ մեկից էս հիշածս իրադարձությունների թվականները ճշտել, որովհետեւ նրանք՝ ովքեր բոլոր թվականները հիշում են, էս հիշածս իրադարձությունները չեն հիշում, եւ, ընդհակառակը, նրանք՝ ովքեր էս հիշածս դեպքերն ինձնից էլ լավ են հիշում, ոչ մի կերպ չեն կարողանում տարեթվերն ու ամսաթվերը հիշելով վերականգնել, ընդ որում՝ ոչ միայն հայոց էդ առաջին հանրահավաքի  տարին ու ամիսը ճշգրիտ չեն հիշում, այլեւ՝ դեպքի վայրը, եւ չնայած իմ հիշողության մեջ կինո «Մոսկվան» ու «Երեւան» հյուրանոցն են, Բաղդասարյան Գագոյի հիշելով՝ էդ առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Կենտկոմի շենքի դիմաց, եւ Գագոն Գոհար Գասպարյանին վերաբերող պլակատն էլ է շատ լավ հիշում, մինչդեռ բոլոր ժամանակների կարկառուն ֆուտբոլասեր Գարիկը, չնայած էդ թվին բանակում է եղել ու էդ հանրահավաքին էլ չի մասնակցել, կինո «Մոսկվայի» իմ էս տարբերակն է տրամաբանական համարում, տրամաբանորեն բացատրելով, որ քանի որ Սպորտկոմիտեն կինո «Մոսկվայի» դեմդիմաց էր, բնականաբար, բողոքավոր ֆուտբոլասերներն էդ տարածքում էլ պիտի իրենց բողոքն արտահայտեին, մինչդեռ մեր ժամանակների քայլող հանրագիտարան Լիպոյի հիշողության մեջ էլ «Սեւան» հյուրանոցի մերձակա տարածքն է տպավորված, ու ես բոլորին մեկ առ մեկ լսելով՝ որեւէ մեկին չեմ հակաճառում, որովհետեւ ինձ համար կարեւորը  ոչ թե ժամանակն է, այլ՝ ժամանակաշրջանը, եւ ինձ համար կարեւորը ոչ թե դեպքերի վայրերն են, այլ՝ բուն դեպքերը, ու էս ամենի մեջ ինձ համար էականն էն է, որ էդ առաջին հանրահավաքի պատճառը Սարգիս Հովիվյանն էր, եւ ինձ համար շատ էական է, որ էդ առաջին հանրահավաքին անձամբ եմ մասնակցել, ու նաեւ շատ էական է, որ Հովիվյանի էդ աննախադեպ ինքնագոլից հետո հայրս պատռեց իր արհեստանոցի պատին  աչքի լույսի պես պահվող ու պահպանվող էդ ՀՈՎԻՎՅԱՆԸ ՄԵ՛ՐՆ Է պլակատը, եւ ինձ համար շատ էական էր, որ Վալոդն ու քեռիներս ինձ հետները Գրոզնի չտարան, եւ նմանապես էական է, որ «Արարատի» հաջողությունները Ֆալյանով սկսվելով՝ առանց Ֆալյանի շարունակվեցին, ու նաեւ շատ էական է, որ Ֆալյանն, այնուամենայնիվ, ապրեց ու տեսավ «Արարատի» ամենաէական նվաճումները, ավելի ճիշտ՝ ոչ թե տեսավ, այլ լենինգրադյան բլոկադայի պայմաններում տեղեկացավ «Արարատի» էդ շռնդալից  հաղթարշավի մասին, բայց, այդուամենայնիվ, ամենաէականն ինձ անհայտ է, եւ ամենաէականը հետեւյալն է. Ֆալյանն «Արարատի» էդ շռնդալից հաջողությունների մասին հեռվանց տեղեկանալով՝ ուրախացե՞լ, թե, այնուամենայնիվ, տխրել է, ու էս մասին մտածելով՝ դժվարանում եմ կոնկրետ ենթադրություն անել, որովհետեւ էդ մասին մտածելով՝ չեմ կարողանում պատկերացնել, որ Ֆալյանն «Արարատի» էդ շռնդալից հաջողություններից ուրախացած չլինի, որովհետեւ արծաթը, հետո ոսկին ու գավաթները նվաճած տղերքը հիմնականում իր աճեցրած տղերքն էին, բայց, այդուհանդերձ, Ֆալյանն «Արարատի» էդ աննախադեպ հաջողություններից չտխրել էլ չէր կարող, որովհետեւ «Արարատի» էդ շռնդալից հաջողությունների առթիվ կազմակերպված հանդիսություններին ոչ մի անգամ չհրավիրվեց, ու էդ հանդիսությունների ժամանակ որեւէ մեկը Ֆալյանին մարդավարի չհիշեց էլ, ու էդ մասին եւս մի անգամ մտածելով՝ ենթադրում եմ, որ Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանն «Արարատի» էդ հաջողությունները հեռվանց ըմբոշխնելով՝ միաժամանակ ե՛ւ քաղցրահամ է զգացել, ե՛ւ դառնահամ. այսինքն՝ ուրախանալով տխրել է, կամ, ընդհակառակը, տխրելով ուրախացել է, ու էս  ենթադրությունս եւս մի վկայություն է էն մասին, որ մեր կյանքում շատ հաճախ տխրությունն ու ուրախությունը  միաժամանակ են հայտնվում ու ապրվում, ընդ որում՝ միասին ու միախառնված, եւ Ֆալյանի դեպքում, ըստ ամենայնի, հենց էդպես էլ եղած կլինի, որովհետեւ իր սաների չեմպիոն ու գավաթակիր դառնալը չէր կարող ուրախություն չպարգեւել էդ մեծ, տարօրինակ ու հայհոյախոս ուսուցչին:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել