Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՎՈՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ

Հունիս 16,2011 00:00

Բոլոր իշխանությունները պատասխանատու են իրենց քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների անվտանգության համար, սակայն ոչ բոլորն են ստանձնում այդ պարտավորությունը: Այս մասին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում, շնորհավորելով «Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի Ազատ մամուլ-2011»-ի մրցանակակիրներին (այդ թվում «Ա1+»-ին), հայտարարեց երկրի ԱԳ նախարար Յոնաս Գահր Սթորը: Արտաքին գերատեսչության ղեկավարը մի երկրի, որտեղ վերացվել են խոսքի եւ արտահայտվելու ազատության խոչընդոտները, վեց մրցանակակիրներին ու նաեւ ներկա լրագրողներին կոչ արեց մշտապես խիզախ լինել:  Նա հիշեց միջազգային կոնֆերանսներից մեկում հնչած արտահայտությունը, որ խոսքի ազատությունը պահպանվում է արյունով: Խիզախությունը հիմնական չափանիշներից մեկն էր, որը հաշվի էր առել պրոֆեսիոնալ ժյուրին՝ ընտրելով վեց լավագույններին: Իսկ առաջադրված թեկնածուները մոտ չորս տասնյակ են եղել:
«Ա1+» ինտերնետային կայքը լուսաբանում է ընդդիմության գործողությունները, կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ներկայացնում տարբեր գնահատականներ եւ տեսակետներ, ապահովում ինտերնետ հեռարձակում»,- ներկաներին տեղեկացրեց ժյուրիի անդամ, նորվեգացի լրագրող Գրո Հոլմը: Նրան էր երեկ վիճակվել հանձնելու մրցանակները, եւ առաջինը ներկաների ծափերի ներքո նա տվեց «Ա1+»-ին՝ ի դեմս ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի: «Ա1+»-ի թեկնածությունը առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն: Այս կազմակերպությունների ներկայացուցիչները մրցանակների հանձնման արարողությունից հետո մոտեցան՝ ասելու, որ «Ա1+»-ը իրապես արժանի էր խոսքի ազատության այս մրցանակին: Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների համատեղ այս մրցույթի դափնեկիրներ դարձան նաեւ ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը (Դաղստան), Նատալյա Իվանիշինան (Իրկուտսկ, ՌԴ), Զամին Հաջին (Ադրբեջան), Մարինա Կոկտիշը (Բելառուս) եւ Նատալյա Լիգաչովան (Ուկրաինա): Դափնեկիրներին պատվոգրերից բացի՝ հանձնվելու են նաեւ դրամական մրցանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել