Լրահոս
Օրվա լրահոսը

Շահաբաժին՝ բաժնետերերին

Հունիս 23,2011 00:00

«Ճգնաժամը մեզ համար լավ դաս եղավ, դա սովորական չէր: Մտանք ճգնաժամ ու չգիտեինք, թե ինչ էր պետք անել, ոնց անել: Մենք սովորեցինք աշխատել ճգնաժամի ժամանակ, եւ սկզբնական դասերը, որ տվեց մեզ ճգնաժամը՝ այն էր, որ ունենանք լավ ռիսկի կառավարման համակարգ, որը մենք ներդրեցինք, ունենալ բարձր կորպորատիվ կառավարման համակարգ, որն իրենից ներկայացնում է 4 կոմպոնենտ՝ բանկի մենեջմենթը, բանկի խորհուրդը, որը դարձավ ավելի ճկուն եւ ստրատեգիկ որոշումների ավելի պատրաստ, բանկի բաժնետերերը, որոնց հետ մշտական աշխատում ենք, եւ բանկի հաճախորդները, որոնց հետ մենք սովորեցինք կառուցել երկարաժամկետ հարաբերություններ, հաշվի առնել նրանց կարծիքներն ու առաջարկները»,- երեկ «Արարատբանկի» տարեկան ժողովի ժամանակ «Առավոտի» հարցին՝ ճգնաժամային տարին ինչպե՞ս է հաջողվել նման ցուցանիշներով ամփոփել, պատասխանեց «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նրա խոսքերով՝ «Մենք շատ հաջող ավարտեցինք 2010-ը, կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրները, ստացանք շահույթ, ունեցանք աճ, որի միջին թիվը 48%-ից բարձր է»:
Բանկի արձանագրած ցուցանիշները, ինչպես մեկնաբանեց խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ապահովել են այնպիսի եկամուտ, որ տարեկան ժողովի ժամանակ հայտարարվեց բաժնետերերին շահաբաժին վճարելու մասին: Բ. Բեգլարյանի խոսքերով՝ «5000 դրամ անվանական արժեքով յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարվի 208 դրամ: Շահաբաժիններին կուղղվի նախորդ տարվա շահույթի (1.7 մլրդ դրամ) 20%-ը: Հիմա դա շատ է, թե քիչ՝ դատեք ինքներդ»: Նշենք, որ «Արարատբանկը» բաց բաժնետիրական ընկերություն է, ունի 80-ից ավելի բաժնետեր, բաժնետոմսերի 74 տոկոսից ավելին պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը: Բանկի ընդհանուր ակտիվները 2010-ին աճել են 44.8%-ով, հաճախորդներին տված վարկերն ու փոխատվություններն աճել են 57%-ով, զուտ շահույթը 2010-ի վերջին կազմել է 1.279 մլն դրամ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 250.1%-ով: Մեծացել են նաեւ բանկի ընդհանուր կապիտալը, հաճախորդների եւ թողարկված պլաստիկ քարտերի թիվը: Ընդամենը մի քանի ամիս առաջ բանկը ներդրել էր նոր՝ «Petrol plus» համակարգը, որի միջոցով թողարկված «Autocard»-ով հաճախորդները կարող են գնել ավտովառելիք՝ խուսափելով բենզինի գների տատանումներից: Պարոն Օսիպյանը նշեց, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ իրենք պատրաստվում են նոր քարտեր թողարկել եւ մուտք գործել այնպիսի հատվածներ, որտեղ մրցակցություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել