Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները սկավառակների «ռեյդ» են անում

Հունիս 23,2011 00:00

Նրանք առգրավում են Ջենիֆեր Լոպեսի, Շակիրայի եւ այլ աստղերի սկավառակներ, ստուգելու՝ օրիգինա՞լն են, թե՞ կեղծը
Մեր տեղեկություններով, երեկ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները այցելել են «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում գտնվող բոլոր ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութներ եւ ամեն մեկից առգրավել ամենաքիչը 50 անուն ապրանք՝ պատճառաբանելով, որ սկավառակները պետք է փորձաքննության ենթարկեն եւ պարզեն՝ դրանք վաճառքի ներկայացնելու արտոնագիր ունե՞ն, թե՝ ոչ: Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները վերցրել են այն սկավառակները, որոնց օրիգինալ տարբերակները երբեւէ Հայաստան չեն էլ մտել՝ Ջենիֆեր Լոպեսի կամ Շակիրայի տեսհոլովակներ, Հոլիվուդյան ֆիլմերի եւ այլ արտասահմանյան արտադրության դիսկեր:
Նշենք, որ մեր հանրապետությունում դեռեւս չի գործում որեւէ օրենք, ըստ որի՝ արգելվի առանց արտոնագրի արտասահմանյան արտադրության սկավառակ վաճառել, սակայն ոստիկանության աշխատակիցներին դա չի խանգարել այս շուկայում «ռեյդ» անել: Այս ոլորտը կարգավորող «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 1-ից, բայց արտոնագիր տվող մարմինը որոշված չէր, միայն մայիսի 20-ին է կառավարությունը որոշել այս ոլորտի լիազոր մարմին ճանաչել Պետեկամուտների կոմիտեին, որը մինչեւ այժմ դրոշմապիտակների նմուշները չի մշակել, անհրաժեշտ քանակությամբ չի տպագրել եւ չի տրամադրել դիսկ վաճառողներին կամ արտադրողներին: Այս դեպքում ի՞նչն են ստուգելու եւ եթե խախտում հայտնաբերվի, ըստ ո՞ր օրենքի են պատժվելու սկավառակների խանութպանները՝ փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ ոստիկանության պատասխանատուների, ոստիկաններն առաջնորդվել են հեղինակային եւ հարակից իրավունքի պաշտպանության խախտման մասին Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով: Նույն աղբյուրը հայտնեց նաեւ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Ջիվանու, Սվաճյան փողոցներում գտնվող ձայնա եւ խտասկավառակների վաճառքի կետերից հայտնաբերել եւ վերցրել են հեղինակային եւ հարակից իրավունքների խախտմամբ 597 ձայնասկավառակ եւ ներկայումս կատարվում է հետաքննություն:
Այս մասին մանրամասները՝ առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել