Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍԸ ՏԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 29,2011 00:00

\"\"

Ուղիղ տասը տարի առաջ «Ավստրիական ավիաուղիները» մուտք գործեց Հայաստանի շուկա: Այս տասը տարիների ընթացքում Երեւան-Վիեննա-Երեւան երթուղին եղել է Հայաստան եկողների եւ մեր երկրից մեկնողների համար ամենագրավիչ երթուղիներից մեկը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Վիեննայից հետո ուղեւորին հնարավորություն է տրվում մեկնել իր նախընտրած ցանկացած ուղղությամբ: Ներկայումս Երեւան-Վիեննա եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ են իրականացվում շաբաթը վեց անգամ:

Վիեննայում հայտնվելուց հետո ուղեւորները կգտնեն եվրոպական ամենամեծ օդային ցանցը՝ մեկ վայրում: Նրանք կարող են «Ավստրիական ավիաուղիների» հետ իրենց ճանապարհորդությունը շարունակել Եվրոպայի ավելի քան 100 ուղղությամբ կամ վայելել չվերթներից ցանկացածը՝ դեպի Ասիա կամ Ամերիկա: Ընդհանուր առմամբ, «Ավստրիական ավիաուղիներն» առաջարկում է չվերթներ աշխարհի ավելի քան 130 ուղղություններով: Չմոռանանք նաեւ, որ Վիեննան Եվրոպայի ամենաարագ տարանցիկ օդանավակայանն է. ունենալով ամենակարճ կապակցման ժամանակը՝ 25 րոպե, ուղեւորներն ու ուղեբեռը հեշտությամբ տեղափոխվում են մի թռիչքից մյուսը:

«Ավստրիական ավիաուղիների» տասնամյակի կապակցությամբ Երեւանում են այդ ընկերության տարածաշրջանային եւ կենտրոնական գրասենյակների ներկայացուցիչները: Երեկ նրանք, ինչպես նաեւ ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Մայքլ Փոստդլը, հանդիպեցին լրագրողների հետ եւ ներկայացրին ընկերության պատմությունը: ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը հայտնեց, որ վաղը Երեւանում կբացվի Ավստրիայի պատվո հյուպատոսություն: Ինչպես տեղեկացրեց «Ավստրիական ավիաուղիների»՝ հիմնական շուկաների վաճառքի գծով տնօրեն Պատրիկ ՄաքԴերմոտը՝ միայն նախորդ տարի «Ավստրիական ավիաուղիների» ծառայություններից օգտվել է ավելի քան 11 մլն ուղեւոր, որը 2009-ի համեմատ 10%-ով ավելի է: Ընկերությունը ներկայումս ունի 81 ինքնաթիռ, որից 71-ը նախատեսված է կարճ եւ միջին տարածությունների համար, իսկ տասը՝ երկար տարածությունների համար: Ընկերությունը 2009թ. սեպտեմբերից դարձել է «Լյուֆթհանզա գրուպի» անդամ, ինչպես նաեւ հանդիսանում է աշխարհում ամենամեծ ալյանսի՝ «Սթար Ալյանսի» անդամ:

Իսկ «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուկաս Նեգեդլին հայտնեց, որ իրենց ընկերության հայաստանյան հաճախորդների քանակը նույնպես աճել է՝ 2009-ի համեմատ «Ավստրիական ավիաուղիներից» օգտվողների թիվը Հայաստանում 2010-ին աճել է 5%-ով՝ կազմելով 35 հազար մարդ:

«Ավստրիական ավիաուղիների» ներկայացրած նորամուծություններից մեկն էլ «Կարմիր» ծառայությունն է: Ինչպես տեղեկացրին ընկերության պատասխանատուները. «Կարմիր տոմսը մեր ցածր գնով տոմսն է, որն ուղղված է բյուջեի վրա ուշադրություն դարձնող մեր ուղեւորներին: Տոմսերը շուտ գնողները կարող են գնել Երեւան-Վիեննա ուղղությամբ տոմս՝ սկսած ընդամենը 199 եվրոյից: Կարմիր Լաունջից Կարմիր տոմսերով ուղեւորները կարող են Վիեննայի բիզնես լաունջի մուտք ձեռք բերել ընդամենը 35 եվրոյով: Red|up ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղեւորներին իրենց red տոմսը փոխարինել բիզնես դասի տոմսով օնլայն գրանցման ժամանակ: Կախված տոմսի դասից՝ հնարավոր է նաեւ վճարումներ կատարել կրեդիտ-քարտերով կամ «հաճախակի ճանապարհորդող» ծրագրի՝ Miles & More-ի քարտերով: Ավելի շատ տարածություն ոտքերի եւ ծնկների համար՝ red|space-հետ: Էկոնոմ դասի ուղեւորները կարող են իրենց համար տեղ ամրագրել ելքի շարքում եւ ունենալ ոտքերի համար էլ ավելի լայն տարածություն՝ վճարելով ընդամենը 70 եվրո: Թռիչքից անմիջապես առաջ օդանավակայան ժամանել նախընտրող ուղեւորներին էլ առաջարկում ենք արագ գրանցում եւ անվտանգության ստուգում Վիեննայի մեր հանգույցում՝ ընդամենը 99 եվրոյով: Այս ծառայությունը կոչվում է red|lane։ Իսկ red|cab-ի օգնությամբ ուղեւորները կարող են գումար խնայել եւ իրենց անձնական տրանսպորտն ամրագրել դեպի Վիեննա եւ շրջակայքը՝ վճարելով ընդամենը 29 եվրո մեկ մեքենայի համար: Իսկ ահա մեր red|guide ծառայությունը բացառապես անվճար է եւ տրամադրվում է բոլորին: Մեր վեբ-կայքում մենք վիրտուալ ճանապարհորդություն եւ Ավստրիայում ժամանակ անցկացնելու համար օգտակար խորհուրդներ ենք տալիս: Այս ծառայությունը կարելի է նաեւ ձեռք բերել որպես iPhone-ի համար նախատեսված ծրագիր: Ավիաընկերությունը նաեւ առաջարկում է «աշխարհի ամենաարժեքավոր թռիչքի կտրոնը». ամեն մի կտրոն Վիեննայի հետաքրքիր վայրեր այցելելու համար զգալի զեղչեր է առաջարկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել