Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԵՆԻԱՆ ՈՒ ՍԱՖԱՐԻՆ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍՈՒ ՉԵՆ

Հուլիս 12,2011 00:00

Հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են արեւայրուք ընդունել եվրոպական ծովափերին

\"\"

Ամառ է, շոգ, աշխատելդ չի գալիս: Ո՞ւր գնալ հանգստանալու: Եվ, ընդհանրապես, հայաստանցիներն ինչպիսի՞ հանգիստ են նախընտրում: Պարզվում է, հիմնականում պասիվ՝ ուզում են մի 10 օր ուտել-խմել-լողանալ ու պառկել ավազին կամ հյուրանոցում: Ոմանք էլ ձգտում են մեկնել այն երկրներ, որտեղ իրենց հարեւաններն ու ծանոթներն են նախընտրում: Այս թեմայով զրուցեցինք նաեւ «Vis-Ո-vis» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Աննա Խաչատրյանի հետ:
«Եթե սկսենք խոսել, թե ինչպիսին է հայաստանցի զբոսաշրջիկի պահանջարկն ու մեկնելիք երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ նա սուղ ցանկություններ ունի, սիրում է պասիվ հանգիստ, ծով, չի ցանկանում այն ծանրաբեռնել էքսկուրսիաներով»,- ասում է Ա. Խաչատրյանը: Նա հավելում է, որ պատմամշակութային տուրերի հարցումները թվով մի քանի անգամ զիջում են «ծովային» հարցումներին, իսկ էքստրեմալ տուրիզիմի մասին ընդհանրապես խոսք չի գնում: Այս տարի կազմակերպությունն ընդամենը մեկ բացառիկ հարցում է ունեցել՝ հաճախորդը ցանկացել է մեկնել Քենիա՝ սաֆարիի, բայց նման բան ամեն մեկի մտքով չի անցնի, որովհետեւ նախ նախասիրությունների հարց է, հետո՝ գրպանի պարունակության: Մանավանդ միայն ավիատոմսն արժեր մոտ 3000 եվրո, եւ ցանկություն կար ապրել 5 աստղանի հյուրանոցում, մասնակիցը լինել անհատական սաֆարիի՝ կազմակերպված 2 հոգու համար: Նման «վիպ» զբոսաշրջիկները Հայաստանում այնքան շատ չեն: Մեր զրուցակիցն ասում է, որ մեր հայրենակիցները նախընտրում են հանգստանալ Եվրոպայում, մասնավորապես՝ Իսպանիայում եւ Իտալիայում, նաեւ ցանկանում են միանալ ռուսախոս խմբերին: Այդպես եւ գումարային իմաստով է հարմար՝ մի 1000 դոլարի մեջ կարելի է «տեղավորվել», եւ լեզվական խնդիրն է լուծելի: «Բայց չէ՞ որ տուրիզմը չի սահմանափակվում միայն Եվրոպայով եւ ծովափով, աշխարհում կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր, օրինակ՝ Լաոս, Վիետնամ, իսկ հայ զբոսաշրջիկը դեռ նոր է սկսում աշխարհը ճանաչել»,- նշում է Ա. Խաչատրյանը: Մեր դիտարկմանը՝ գուցե խնդիրը նաեւ ֆինանսական է եւ ամեն մեկը իրեն չի կարող թույլ տալ էկզոտիկ երկրներ մեկնել, ընկերության գործադիր տնօրենը համաձայն չէ: Նրա խոսքով, մարդիկ կան, որ չունեն ֆինանսական խնդիրներ, բայց չեն գնա, դիցուք, Վիետնամ՝ պատմամշակութային համաշխարհային արժեքներին հաղորդակից լինելու:
Ըստ Ա. Խաչատրյանի, նույն Վրաստանը, որ այսօր մատչելի է մեր համերկրացիների մեծամասնությանը, ունի նաեւ թանկ առաջարկներ՝ նայած ինչ հյուրանոց ես ընտրում եւ Վրաստանում ի՞նչ ես ուզում տեսնել: Նրա խոսքով. «Այդ երկիրը շատ բան ունի ցույց տալու»: Մեր զրուցակիցը նշում է, որ հաճախ են իրենց դիմում մարդիկ, ասում, թե ինչքան է իրենց գումարի չափը, խնդրում այդ «սահմաններում» մի բան կազմակերպել:
Իսկ ինչո՞վ կարելի է գայթակղել օտարերկրացիներին Հայաստանում, Ա. Խաչատրյանի խոսքով՝ մեր պատմությամբ, պատմամշակութային հուշարձաններով, Հայաստան այցելողներն էլ զարգացած, բայց 50-ն անց մարդիկ են: Կան զբոսաշրջիկներ, ովքեր նախընտրում են տարածաշրջանային տուրեր՝ Հայաստան-Վրաստանը միասին: Շատ են հոգեւոր տուրիզմը նախընտրողները, երբեմն լինում են բիզնես ոլորտի մարդիկ, ովքեր խնդրում են իրենց գործնական մի քանի օրը «համեմել» հետաքրքիր Հայաստանով: Ինչ վերաբերում է սփյուռքահայերին, նրանք, պարզվում է, լուրջ սեգմենտ չեն տուրիզմի առումով, եւ հետո ոչ միշտ են դիմում տուրիստական գործակալություններին եւ տուրօպերատորներին: Նրանք գալիս են սեփական նախաձեռնությամբ, տներ վարձում, հանգիստը կազմակերպում սեփական ճաշակով ու ծրագրով: Մեր զրուցակիցը փաստում է, որ Հայաստանը, որպես երկիր, թանկ է զբոսաշրջիկի համար. նվազագույն մեկշաբաթյա տուրը՝ 1200-1600 եվրո արժե: Ավելի ճիշտ, թանկ են ավիատոմսերը: Դրա համար, եթե զբոսաշրջիկը ցանկություն ունենա ընտանիքով որեւէ տեղ մեկնել, գուցե նույն գումարով գերադասի այլ երկիր: Ըստ Ա. Խաչատրյանի, Հայաստան այցելած զբոսաշրջիկներին հետաքրքրում է Մատենադարանը, Էրեբունի արգելոց-թանգարանը, Սարդարապատը, Ծիծեռնակաբերդը: Նա ցանկություն հայտնեց, որ թանգարաններում ամեն ինչ մակետային լինի, մարդիկ կարողանային տեսնել, թե, օրինակ, ինչ տեսք են ունեցել հայ թագավորներն ու թագուհիները, որովհետեւ պատկերային ընկալումն ավելի հեշտ, հաճելի ու տպավորիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել