Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱԿ-Ը

Հոկտեմբեր 14,2011 00:00

\"\"«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը գտնում է, որ ՀԱԿ-ը նվազագույնի հասցրեց իր հնարավորությունները:

– Ի՞նչ արդյունք տվեց ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքային եւ նստացուցային շաբաթը:
– Հանրահավաքային շաբաթը նաեւ համընկավ Հայաստանի համար շատ կարեւորագույն մի իրադարձության՝ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրամիության առանցքային, կարեւորագույն պետություններից մեկի ղեկավարի այցի հետ: Ես դա ուղիղ համեմատական եմ համարում նախագահ Սերժ Սարգսյանի վարած խելացի եւ ճկուն արտաքին դիվանագիտությանը: ԱՄ-ն կիսում է եւ սատարում է նախագահի վարած քաղաքականությունը: Չնկատել, որ Հայաստանի վարկն արտաքին աշխարհում իսկապես բարձրացել է, հնարավոր չէ: Էական էին Սարկոզիի հնչեցրած գնահատականները Ցեղասպանության եւ Թուրքիայի վերաբերյալ, այցելությունը Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին: Դրանք լուրջ քայլեր էին եվրոպական պետությունների հետ ինտեգրման, եվրոպական առանցքային երկրի հետ համագործակցության առումով: Այդ շաբաթը նաեւ զուգակցվեց համազգային ցնծությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Մակեդոնիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակով, հավելեմ նաեւ, որ վերջին պարտությունն օրինաչափ չէր, մեր տղաները հիանալի խաղացին, լավ ֆուտբոլային թիմ ունենք եւ հաղթանակներ դեռ կճաշակենք: Այս ամենի ֆոնին պարզապես հասկանալի չէր ՀԱԿ-ի այդ երկարատեւ հանրահավաքը, նստացույցը: Ըստ էության, դա էլի ոչինչ չտվեց՝ ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ իրավական առումներով: Ես մնում եմ այն տեսակետին, որ ՀԱԿ-ը պիտի իր երկխոսությունը կառուցեր ավելի լայն, ավելի խելացի օրակարգով: Արտահերթ ընտրությունները տանում էին փակուղի, ինչի ականատեսը եղանք: Այն փաստը, որ հանրահավաքները սակավամարդ էին, արդեն խոսում է այն մասին, որ ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, որ ՀԱԿ-ում, ՀԱԿ-ի շարժման մեջ գաղափար չկա: Մենք չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ են ուզում:
Արտահերթ ընտրություններն իշխանության լեգիտիմության համատեքստում դիտարկելը սխալ է, որովհետեւ այդ առումով ՀԱԿ-ի մոտեցումները շատ վիճարկելի են: Սոցիալ-տնտեսական եւ մյուս խնդիրներն էլ կարելի է երկխոսության միջոցով լուծել: Հայաստանն այսօր այնպիսի բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում է, որ լուրջ հանգրվանի է հասել իր դիվանագիտական ձեռքբերումներով: Այսօր պետք է մեջք մեջքի տալ, համազգային հաջողությունը մեր միաբանության մեջ է լինելու, եւ այդ առումով մեր կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը: Անկախության 20-ամյակի առիթով կայացած շքերթը ցույց տվեց, որ մենք ուժ ունենք, կայացած բանակ ունենք: Արեւմտյան ազդեցության տակ գտնվող շատ թերթեր եղած թերություններն ուզում են շուռ տալ բանակի դեմ, բայց կարծում եմ, որ մենք ազգովի պետք է պայքարենք ու վերացնենք այդ թերությունները, վերականգնենք մեր բանակի հոգեւոր, քաղդաստիարակչական ինստիտուտները, հասարակական վերահսկողությունը:
– Տեսակետ կա, որ այս հանրահավաքային փուլով ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, իրեն վերջնականապես սպառեց: Կիսո՞ւմ եք դա:
– Ոչ, իհարկե, չեմ կիսում: Շատ խիստ է ասված: ՀԱԿ-ը, համենայնդեպս, ընդդիմադիր դաշտում բավականին ակտիվ գործունեություն ծավալեց այս տարիների ընթացքում: Բայց կսպառի իրեն, եթե շարունակի թմբկահարել արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրությունների հող եւ պահանջ չկա: Մինչդեռ պահանջ կա երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շտկելու, կլանաօլիգարխիայի դեմ պայքարելու, ստվերը հարկային դաշտ բերելու, մրցակցություն ապահովելու, իրավական ինստիտուտներն ամրագրելու, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը ամրապնդելու: Ինչո՞ւ չեն պայքարում ընդդիմադիր հեռուստաալիքին՝ «Ա1+»-ին եթեր վերադարձնելու համար: ՀԱԿ-ը դեռ հնարավորություն ունի մինչեւ ընտրություններ շտկելու իրավիճակը, խնդիրներ բարձրացնելու եւ հետեւողական լինելու դրանց կատարման համար: Ես դա բարի կամքով եմ ասում, որովհետեւ ինձ համար հանրապետությունում չկա քաղաքական ուժ, որը մեզ թշնամի լինի, որտեղ մեր ազգի զավակները չեն: ՀԱԿ-ը պետք է կարողանար ազգայինը վեր դասել ճղճիմ, րոպեական, կուսակցական խնդիրներից: Ես, օրինակ, հիասթափված եմ, որ մեր պարի լեգենդի հուղարկավորությունը խանգարվեց, եւ Օպերային բալետի մենակատարը, «Սպարտակի» առաջին կատարողը, «Գայանե» բալետի կատարողը Օպերայի եւ բալետի թատրոնից չհուղարկավորվեց: ՀԱԿ-ը ինքը պետք է կանգներ պատվո պահակ եւ օգներ, որ հուղարկավորությունը բարձր մակարդակով կազմակերպվեր: Համաժողովրդական սիրո ակցիաներով պետք է քաղաքական ուժն իր տեղը գտնի դաշտում, ոչ թե թշնամանքով, բարձրագոչ վայրահաչություններով: Մենք պետք է կարողանանք հետեւություններ անել:
– Իսկ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսության շարունակության հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– Ես կարծում եմ, որ բավականին դժվար կլինի այդ շանսը վերակենդանացնել, որովհետեւ ՀԱԿ-ն իր վարքագծով, ոչ դիվանագիտական, ոչ հեռանկարային մոտեցումով իր հնարավորությունները նվազեցրեց մինիմումի: Այսքանից հետո ինչի՞ պիտի իշխանությունն իրենց հետ երկխոսի: Մեր նախագահը բազմիցս բոլոր քաղաքական ուժերին հրավիրել է կլոր սեղանի շուրջ: ՀԱԿ-ն արդեն ինչ-որ մի առանձնահատուկ ուժ չի դարձել, իրենք իրենց մասին շատ վերամբարձ մտածեցին՝ ընդդիմադիր դաշտում լիդեր են, եւ վերջ: Այդպես չէ: Ընդդիմադիր դաշտում կան լուրջ, խոհուն, ծրագրեր ունեցող քաղաքական ուժեր, որոնք դեռ իրենց խոսքը կասեն: Ընդդիմություն՝ չի նշանակում անհեթեթ թշնամություն, վայրահաչություն, ավելորդ խոսքերի հեղեղ՝ Ազատության հրապարակում: Ընդդիմություն՝ նշանակում է հետամուտ լինել, շնչել իշխանության ծոծորակին, որպեսզի կատարվեն իր բարձրացրած հարցերը, կոնկուրենտ, մրցակից լինել իշխանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել