Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները գերադասում են ֆիլմեր դիտել

Նոյեմբեր 05,2011 00:00

Վամպիրի վերափոխվող աղջիկն ու սուտը նրանց ավելի է ոգեւորում

\"\"

Ի դեմս աշնանային ուսումնական շրջանի դժվարությունների՝ Հայաստանի բուհական համակարգի ուսանողները հասցնում են ժամանակ տրամադրել ֆիլմեր դիտելուն եւ ընթերցանությանը: «Առավոտի» փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեցինք, թե վերջին անգամ ինչ ֆիլմեր, ներկայացումներ են դիտել եւ ինչ գրքեր են կարդացել ուսանողները: Երիտասարդների մի մասը չհիշեց, թե վերջին անգամ երբ է թատրոն այցելել: Երեւանի մանկավարժական համալսարանի ուսանողուհի Աննա Բադալյանին զարմացնում է հանդիսատեսի անտարբերությունը թատրոնի նկատմամբ. «Առհասարակ մարդիկ պետք է իմանան, թե ուր են գնում, ինչ ներկայացման»: Ուսանողուհին վերջին անգամ Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտել է «Շրջանակից դուրս»՝ տղամարդու եւ կնոջ հարաբերությունները ներկայացնող մնջախաղը: Ասում է. «Դրանում արտացոլված էր կենցաղայնացված կյանքը, ինչը շատ դեպքերում թաքցվում է հասարակությունից»: Նույն համալսարանի ուսանողուհի Պերճուհի Գեւորգյանը շատ է կարեւորում ներկայացումներ դիտելը, քանի որ երիտասարդությունը կարծես այդ մշակույթից ետ է մնացել. «Նախընտրությունը տալիս են անիմաստ սերիալներին, բայց ներկայացումներից արդյունավետ տարբերակ դժվար թե գտնենք»: Պերճուհին դրամատիկական թատրոնում դիտել է Վ. Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսը եւ տպավորվել բեմադրությունից: «Գլաձոր» համալսարանի ուսանողուհի Ազատուհի Արասխանյանի կարծիքով, երիտասարդները հավանաբար մտածում են, թե թատրոնի 3000 դրամ արժողությամբ տոմսի գումարով կարող են որեւէ վայրում ուրախանալ:
ԳԱԱ ասպիրանտ Կարինե Հարությունյանը «Ռոմեո եւ Ջուլիետը» դիտել է Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում ու տպավորվել արտերկրյա թատերախմբի դերասանների խաղով. «Նոր մոտեցում էր այդ գործին, քանի որ շեշտը դրված էր ոչ թե սիրային պատմության, այլ հերոսների հոգեվիճակի ու զգացողությունների վրա»: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Դավիթ Զապրոսյանը ինտերնետով դիտել է «Փարիզի Աստվածամոր տաճարը» ներկայացումը: Ասում է. «Ի՜նչ լավ է՝ միջնադարում չենք ապրում»:
ԵՊՀ ուսանողուհի Հերմինե Կարապետյանի առօրիայի անբաժան մասն է կազմում ընթերցանությունը, քանի որ այն հարստացնում է գիտելիքները եւ ընդարձակում մտահորիզոնը. «Առնչվում եմ հեղինակի ու նրա հերոսների տարբեր հոգեվիճակներին, ինչը ամենից հետաքրքիրն է»: Ուսանողուհին մեկ շնչով կարդացել է Շիրվանզադեի «Պատվի համար» եւ «Ուներ իրավունք» գործերը:
Սլավոնական համալսարանի ուսանող Գագիկ Սիմոնյանի կարդացած վերջին գիրքն է եղել Վալենտին Ռասպուտինի «Ապրիր եւ հիշիր»-ը. «Ցավ ապրեցի աղջկա ճակատագրի համար: Ինչքան էլ դժվար լինի, չպետք է վախենալ»: Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողուհի Լիլիթ Նազարեթյանը վերջին անգամ հուզվել է Նար-Դոսի «Ես եւ նա»-ից:
ԵՊՀ մագիստրանտ Հմայակ Առաքելյանն ընկերների խորհրդով կարդացել է Մարկեսի «100 տարվա մենությունը»: Հմայակը նշում է. «Կարծես հայ իրականության մասին կարդայի»: ԳԱԱ ասպիրանտ Կարինե Հարությունյանի կարդացած վերջին գիրքն է Էմիլ Սիորանի «Ծնված լինելու անհարմարության մասին» խոհափիլիսոփայական գործը, որն իրեն սովորեցրել է ապրելու արվեստը, թե ծնված օրից մինչ մահ մարդը մտավոր զարգացման ի՞նչ փուլերով է անցնում:
Հարցախույզից ակնհայտ էր, որ ուսանողներն ավելի շատ նախընտրում են ֆիլմեր դիտել հեռուստացույցով կամ ինտերնետով: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Նարեկ Հակոբյանը ներկայացումներ դիտել չի սիրում, սակայն, ինչպես ինքն է ասում, ֆիլմերի գիժ է: Նա վերջին անգամ ինտերնետով դիտել է «Լաս Վեգասից Բանգկոկ» կատակերգությունը ու շատ ծիծաղել. «Շաբլոն հումոր չէր, գովելի է ռեժիսորի աշխատանքը»: Ուսանողը նաեւ հավելում է. «Չեմ դիտել որեւէ ֆիլմ, որ կյանքումս ինչ-որ բան փոխի»:
Սլավոնականի ուսանող Գագիկ Սիմոնյանը դիտել է «8 մղոն» ֆիլմը ու դրանից հետո սկսել ավելի շատ հավատալ իր ուժերին: «Գլաձոր» համալսարանի ուսանողուհի Փիրուզա Գրիգորյանը սիրում է դիտել երիտասարդ դերակատարների մասնակցությանբ ֆիլմեր: Եվրոպական համալսարանի ուսանող Հայկ Նավասարդյանը նույնպես ֆիլմեր սիրում է դիտել ինտերնետով. վերջին անգամ նայել է «Ինչ է թաքցնում սուտը» ֆիլմը, որը տպավորիչ չէր, բայց դեպքերի զարգացումը ստիպել է նրան մինչեւ վերջ դիտել նկարը. «Խաբեության մեջ կար այն, ինչը չէր թողնում մարդասպաններին խլել զոհերի կյանքը: Եթե հերոսը սկզբում ասեր ճշմարտությունը, ապա նրա ընտանիքի անդամները չէին ապրի»:
Երեւանի պետական հումանիտար քոլեջի ուսանող Հայկ Հարությունյանը ֆիլմերի սիրահար չէ, սակայն նախընտրում է դիտել «Բանակում» սերիալը: Նա այն կարծիքին է, որ «սերիալների 99 տոկոսը տափակություն է»:
Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողուհի Լիլիթ Նազարեթյանն ասում է. «Վերջին անգամ դիտել եմ «Սումերկի 3» ֆիլմը, նույնիսկ լաց եմ եղել՝ ախր ինչո՞ւ աղջիկը վերջում վամպիր դարձավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել