Երեկ կեսգիշերին մի քանի թափառող շուն մտել են Կապանի բազմաբնակարան շենքերից մեկը, բարձրացել 2-րդ հարկ եւ մտել բնակիչներից մեկի տուն, որտեղ այդ պահին քնած են եղել անչափահաս երկու երեխաներ: Երեխաների մայրը դուռը բացել է՝ աշխատանքից վերադարձող ամուսնուն դիմավորելու, սակայն տեսնելով դռան մուտքի մոտ կանգնած մեծ շներին՝ փորձել է փակել դուռը, բայց՝ անօգուտ: Շներն ավելի ուժեղ են գտնվել, հրել են դուռն ու ներս մտել: Սարսափահար եղած կինը հազիվ է կարողացել ներս մտնել երեխաների սենյակ եւ ներսից փակել դուռը: «Չեմ կարող նկարագրել վախի զգացողությունս, բախտներս բերեց՝ ամուսինս րոպեներ անց տուն եկավ ու ձեռի տակ եղած իրերի հարվածներով նրանց դուրս հանեց տնից: Երեխաներս քնած էին, վախից փակվեցի նրանց սենյակում, որ հանկարծ չհարձակվեն ու մեզ չվնասեն: Երկու շուն մտան մեր տուն, բայց դրսում էլի շներ կային, նրանց հաչոցը պարզ լսվում էր»,- մեզ հետ զրույցում դեռ վախը սրտում պատմում էր բնակչուհին: Թափառող շները երեկ գիշեր ամբողջ մուտքի բնակիչներին վախեցրել են: Բնակիչները տարբեր իրերի հարվածներով հազիվ կարողացել են դուրս բերել նրանց շենքի մուտքից:
Հիշեցնենք, որ Կապանի փոխքաղաքապետը նոյեմբերի 2-ին տպագրված մեր հոդվածում հավաստիացրել էր, որ մեկ շաբաթից սպանդ կիրականացվի թափառող շների դեմ եւ հարցին լուծում կտրվի: Արդեն 8 օր է անցել, բայց պատկերը չի փոխվել: Մեր տեղեկություններով՝ որսորդմիությունը պետք է կազմակերպի սպանդը, որը դեռ չի սկսել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: