Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր շենքեր՝ շենքերով գերծանրաբեռնված բակում

Դեկտեմբեր 03,2011 13:41

Իսկ այդ շենքերի համար նախատեսված ավտոկայանատեղին կլինի հին շենքերի տակ ու մետրոյի երթուղիների հարեւանությամբ:

Այս շենքը նույնպես գտնվում է Վարդանանց փողոցի թիվ 9, 11, 13, 15 շենքերի հարեւանությամբ, որը չկառուցված՝ փլվել է:

Երեւանի կենտրոնում լայնածավալ շինարարության առաջարկները բավարարելու համար Երեւանի քաղաքապետարանը սկսել է նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություն տալ: Տարածքներ են տրամադրվում անգամ գերծանրաբեռնված բակերում: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի ու թիվ 71 դպրոցի հարեւանությամբ շուտով վեր են խոյանալու 2 բազմաբնակարան շենքեր՝ 7 եւ 12 հարկանի: Այս բակում, կարելի է ասել, տեղաշարժվելն է անգամ դժվար, մեքենաների համար այս վայրն անհասանելի է, չնայած, որ բակում կան մեծ քանակությամբ ավտոտնակներ: Հենց այդ ավտոտնակների եւ բակում առկա հին բնակելի կառույցների հաշվին էլ կլինեն այդ նոր բազմաբնակարան շենքերը: Սա հարուցել է հարեւան շենքերի բնակիչների դժգոհությունն ու զայրույթը: Նրանք ոչ միայն անհանգստացած են իրենց շենքերի սեյսմակայունության համար, այլեւ, թե ինչպես են կարողանալու անվտանգ իրենց բակ մտնել ու իրենց երեխաներին դպրոց տանել-բերել: «Նորակառույցներից մեկի մի պատն անմիջապես կպած է լինելու դպրոցի սպորտդահլիճի պատին: Նախատեսել են ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել եղած շենքերի տակ: Այս շենքերն առանց այդ էլ վաղուց են կառուցվել, հիմա էլ հի՞մքն են քանդելու: Բացի այդ, հենց այդ բակի ստորին հատվածով են երթեւեկում մետրոյի գնացքները: Այդ ինչպե՞ս են ավտոկանգառ կառուցելու ու մանավանդ իրենց նոր ու մեր հին շենքերի ամրությունը պահպանելու»,- «Առավոտի» հետ զրույցում իրենց անհանգստությունն այսպես հայտնեցին տարածքի բնակիչները:

Նշենք, որ բնակիչները շինարարական աշխատանքների մասին տեղեկացել են իրենց բակում փակցրած պաստառի միջոցով, որի վրա գրված է՝ հանրային իրազեկում, եւ ներկայացված է, թե ինչ տեսք է ունենալու տվյալ բակը կառուցապատումից հետո: Պաստառի վրա կա նաեւ հեռախոսահամար՝ 51 42 79, սակայն, մեր բազում փորձերի արդյունքում, որեւէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բնակիչները նույնպես օր ու գիշեր փորձում են կապվել կառուցապատողի հետ եւ իրենց անհանգստացնող հարցերի պատասխաններն ստանալ, սակայն՝ ապարդյուն: «Երբ զանգահարում ենք, ինքնապատասխանիչն է միանում եւ ասում, որ թողնենք մեր հաղորդագրությունը: Թողնում ենք, բայց չգիտենք, թե դա ինչ արդյունք կտա, տե՞ղ է հասնում, թե՞ ոչ»,- ասում է բակի շենքերից մեկի բնակիչ Աննա Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ինքն անձամբ է մի քանի անգամ զանգահարել. «Ինձ ավելի շատ հուզում է այն, որ մեր գերծանրաբեռնված բակի մի փոքր հատվածում մեր երեխաներն են խաղում, իսկ հարեւանությամբ դպրոց է, փաստորեն այդպես նրանք զրկվում են բակից ու անվտանգ դպրոց հասնելուց: Ինչքանո՞վ է ճիշտ այս հատվածում նոր շինարարություն սկսել, մանավանդ մեծ ծավալի: Այդ շենքերը նաեւ մեր լուսավորությունն են փակելու, բոլոր շենքերից բարձր են լինելու: Մեքենայով անհնար է բակ մտնել: Աստված չանի, հրշեջների կամ բժիշկների օգնության կարիք ունենանք, նրանց մեքենաները պարզապես չեն կարողանա բակ մտնել եւ արտակարգ իրավիճակներում մեզ օգնություն ցույց տալ»:

Նկատենք, որ այս շենքերի մյուս կողմում էլ են շինարարական աշխատանքներ կատարվում, եւ այդ կողմից էլ շենքերին մոտենալու հնարավորություններ գրեթե չկան: Մինչ տարածքի բնակիչները պաստառի վրա գրված հեռախոսահամարի կամ այլ միջոցներով ուզում են ճշտել, թե իրենց գերծանրաբեռնված բակում ի՞նչ կազմակերպություն է շինարարություն սկսելու, եւ կարո՞ղ են արդյոք այդ աշխատանքները կասեցնել, տարածքում արդեն սկսվել են երկրաբանական ուսումնասիրություններ:

Հարակից շենքերի բնակիչներն իրենցդժգոհությամբ  (տեսանյութ) դիմել են նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Ա. ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031