Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Որ պահին իմ խղճին դեմ բան անեմ՝ հանգիստ չեմ քնի, չեմ աշխատի»

Դեկտեմբեր 12,2011 22:08

Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել նոտարների որակավորման քննության երկրորդ փուլը, որին մասանակցել է 20 թեկնածու: Սրանք այն մարդիկ են, ովքեր հաղթահարել էին նոյեմբերի 28-ին տեղի ունեցած քննությունների առաջին փուլն ու ստացել էին 80 եւ ավելի միավոր: «Առավոտի» տեղեկություններով, 2-րդ փուլը հաղթահարել է նոտարի 12 թեեկնածու: Պաշտոնապես քննությունների արդյունքներն ամփոփվելու են առաջիկա օրերին՝ քննություններից հետո 5-օրյա ժամկետում: Հաջորդ՝ երրորդ, փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին: Այս փուլում նոտարի թեկնածուները հարցազրույց կունենան արդեն նախարարի մոտ։

Հիշեցնենք, որ «Առավոտն» ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, «Ասա ով է նոտարը, ասեմ՝ ում ժառանգն է նա» վերտառությամբ հրապարակման մեջ նշել էր, թե՝ նոտարների որակավորման քննությունների անդրանիկ փուլից հետո «հաջորդ փուլ անցան մի շարք անձինք, որոնց ազդեցիկությունը որոշվում է նրանց հարազատների, ծնողների զբաղեցրած դիրքով»:

Մեր հարցին, թե՝ ինչպե՞ս է ստացվում, որ նոտարի որակավորման քննություններում որպես կանոն հաղթում են բացառապես պաշտոնյաների եւ կամ ազդեցիկ մարդկանց հարազատները, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Անձնագրային բաժնի պետը  պաշտոնատար ա՞նձ է ու նրա կինն էլ ինչ-որ մե՞կն է, կամ՝ արդարադատության նախարարության առաջատար մասնագե՞տը կամ նրա  քրոջ ամուսնի՞նն են պաշտոնատար ու ազդեցիկ: Այդ դեպքում, արդար լինելու համար ես խորհուրդ կտամ վերցնել, նայել եւ հրապարակել նաեւ այն մարդկանց անունները, որոնք այդ քննությունները չեն անցել,  եւ այդ երկու ցուցակները համադրել իրար հետ: Խոստանում եմ՝ եթե այն չանցածների ցուցակում դուք ավելի բարձր պաշտոնատար անձանց հարս, կին, աղջիկ հանկարծ չգտնեք՝ ես պատրաստ եմ պատասխան տալ: Ես չգիտեմ՝ այդպիսիք կա՞ն, թե՞ չկան, բայց ինձ նրանց գիտելիքն է հետաքրքրում, այլ ոչ թե նրանց ով լինելը: Ասում են՝ դժվար է հավատալ դիմացինի ազնիվ խոսքին, եթե դու նրա փոխարեն  այլկերպ կվարվեիր: Հիմա թող մարդիկ ազնիվ  լինեն ու  հրապարակեն նաեւ չանցածների ով եւ ինչպիսին լինելը, եւ եթե հանկարծ այդտեղ միտումներ կնկատեն՝ ես պատրաստ եմ դրա բացատրությունը տալ: Ես հարգանք ունեմ նաեւ չոբանի աշխատանքի նկատմամբ, բայց ի՞նչ է՝ նրա երեխա՞ն պիտի լիներ, որ ասեին՝ քննություններն արդար են»:

Նախարարը ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց, թե արդյոք մասնավորապես նոտարիատի եւ կամ նոտարների որակավորման քննությունների վերաբերյալ  հրապարակումներն իր կարծիքով ուղղորդված բնույթ ունեն: Նա միայն հայտարարեց. «Ես վաղուց իմ խղճի հետ խաղաղ եմ ապրում, եւ իմ առաջին քննատադն իմ խիղճն է: Որ պահին իմ խղճի դեմ բան անեմ՝ հանգիստ չեմ քնի, չեմ աշխատի»:

Հրայր Թովմասյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում ու նաեւ կայքում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031