«Աշոտ Նավասարդյանը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ազգային պետականության վերականգնման համար». Էդուարդ Շարմազանով
Արդեն 29 տարի է, ինչ հավերժության ճամփան բռնեց հասարակական-քաղաքական, պետական և ռազմական գործիչ, Նժդեհյան գաղափարների կրող, մեր ազգի լավագույն զավակներից Աշոտ Ցոլակի Նավասարդյանը։
Ծնվել է Երևանում 1950 թ․ մարտի 28-ին: 1968 թվականից անդամակցել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային հաշվարկով դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի: Կալանավայրերում անցկացրել է շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987 թվականին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, արդարացվել է միայն 1990 թվականի օգոստոսին՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Լինելով ազգային գաղափարներ կրող՝ Ա․ Նավասարդյանը երբեք հետ չի կանգնել իր հայացքներից։
Կարդացեք նաև
Արցախյան շարժումն ստիպեց, որ Ա. Նավասարդյանը ԱԻՄ խորհրդի անդամների հետ հիմնադրեր ու ղեկավարեր «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի և այլն։
Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թ. հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, եղել նրա առաջին ղեկավարը մինչեւ մահ։ Ազգային գործիչը հուղարկավորված է Եռաբլուրում։ Նրա հիշատակը հարգելու համար այսօր՝ 2026 թ․ նոյեմբերի 11-ին, Եռաբլուրում էին կուսակցական ու զինակից, մանկության, պատանեկության ընկերները, ընտանիքի անդամներ, բարեկամներ, նրա գաղափարները կրողներ։ Ծաղիկներ խոնարհվեցին նրա շիրմաքարին, եղավ խնկարկում։
Յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 3-ին, Ա․ Նավասարդյանի շիրմին են այցելում նաև նրա անունը կրող Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի անձնակազմը։ Կրթօջախի տնօրենն է Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։
Խոսելով հոր մասին՝ Ա․ Նավասարդյանն ասաց․ «Աշոտ Նավասարդյանը ոչ միայն «Անկախության բանակ»-ի հիմնադիրն էր, ԱԺ պատգամավոր ու Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր, այլ սովետական տարիների ընթացքում մշտապես պայքարել է հանուն անկախության, հանուն պետականության, ազգային արժեքների պահպանության։ Իր ամբողջ կյանքը նվիրել է իր երազանքի պետության կայացմանը։ Նրա համար չափազանց կարևոր էր նաև պետության՝ պետական մտածողության քաղաքացու ձևավորումը, որն էլ կնպաստի պետության կայացմանը։ Այս պահին այդ խնդիրը լուծված համարել չի կարելի։ Իսկ մեր խնդիրն է աշխատել մատաղ սերնդի հետ՝ ազգային կրթություն ու դաստիարակություն տալ»։
Նշեց նաև, որ և՛ իր, և՛ գործընկերների ղեկավարած դպրոցներում տրվում է այդ կրթությունն ու դաստիարակությունը։ Սակայն կարևորեց նաև ընտանիքի դերը։ Հայրը միշտ ասել է՝ ազգային պետականության քաղաքացին կձևավորվի սերնդափոխության միջոցով։
Օրվա ընթացքում եղավ նաև այցելություն Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարան։ Ներկա էին նրա հարազատ-բարեկամները, ուսանողներ, կուսակից ու զինակից ընկերներ։ Ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր Ա․ Նավասարդյանի կյանքի ուղու մասին, փաստաթղթեր, ինչպես նաև մամուլի հրատարակումներ՝ հարցազրույցներ, հոդվածներ, այլ նյութեր։
Ներկա էր նաև կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, որը դիմեց ներկաներին, հատկապես ուսանողներին՝ կարևորելով ամուսնու, նրա զինակիցների դերը հայոց նորօրյա պատմության մեջ։ Նման հանդիպումների, այլ արարողությունների ժամանակ՝ կապված ամուսնու հետ, տիկին Հասմիկը նշում է՝ երկար է սպասել ամուսնու վերադարձին աքսորից, բանտից, բայց սպասել է սիրով ու հույսով․ Աշոտը հանուն հայության է նվիրել կյանքը։
Զոհրաբ Ըռքոյան























































